Սպերցյանը՝ ռուսական ֆուտբոլի ամենապատվավոր տիտղոսներից մեկի թեկնածու | shantnews.am

shantnews.am  Ռուսական ֆուտբոլում հայտնի է դարձել «Տարվա ջենթլմեն» մրցանակի թեկնածուների ցանկը, որում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը։

Այս հեղինակավոր մրցանակը, որը 1994 թվականից կազմակերպում է «Կոմսոմոլսկայա պրավդան», համարվում է ռուսական ֆուտբոլի ամենապատվավոր տիտղոսներից մեկը։ Այն շնորհվում է ոչ միայն խաղադաշտում ցուցաբերած գերազանց խաղի, այլև խաղից դուրս օրինակելի վարքագծի և արժեհամակարգի համար։ Մրցանակի խորհրդանիշը հատուկ պատրաստած սև կոստյումն է, որը հաղթողը կրում է ամեն տարի։ 2025 թվականը նշանավորում է մրցանակի 30-ամյակը։

Էդուարդ Սպերցյանը, ով եղել է «Կրասնոդարի» պատմության առաջին չեմպիոնության գլխավոր կառուցողներից մեկը, առանձնացել է ոչ միայն խաղադաշտում իր առաջնորդական հատկանիշներով, այլև որպես ակումբի նոր դարաշրջանի խորհրդանիշ։ Նրա թեկնածությունն առանձնանում է մյուս մրցակիցների շարքում, որոնց թվում են ռուսական առաջատար ակումբների ֆուտբոլիստները՝ Ստանիսլավ Ագկացիևը, Անդրեյ Մոստովոյը, Իգոր Դիվեևը, Իվան Օբլյակովը, Իվան Սերգեևը, Ալեքսանդր Մաքսիմենկոն, Ռոնալդոն, Դմիտրի Վորոբյովը, Գեորգի Շելիան, Գամիդ Ագալարովը, Սոլտմուրադ Բակաևը, Վյաչեսլավ Գրուլյովը և Յուրի Դյուպինը։

Մրցանակաբաշխությունն անցկացվելու է երկու փուլով. նախ երկրպագուները կընտրեն լավագույն եռյակը, ապա հայտնի մարզիչներից և սպորտային լրագրողներից կազմված ժյուրին կորոշի հաղթողին։

2024 թվականին մրցանակը ստացել էր Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի հարձակվող Կոնստանտին Տյուկավինը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն