Կա՞ կասկածյալ Փարաքարի համայնքապետի սպանության գործով. մանրամասնում է ՆԳՆ փոխնախարարը | news.am

news.am Ընթանում են ինտենսիվ աշխատանքներ, բայց այս պահին նորություն չկա։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը՝ անդրադառնալով Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանը։

«Զերծ կմնամ այս պահին հնչեցնել վարկածի կամ ինչ–որ այլ նշում անել։ Նշեմ միայն, որ աշխատանքները կատարվում են, եթե լինեն նորություններ, անպայման ՆԳՆ-ն կհայտնի»,-ասաց նա։

Հարցին՝ արդյոք չկա որեւէ կասկածյալ, փոխնախարարն արձագանքեց. «Այս պահին չեմ տիրապետում նման տեղեկատվության։ Տիրապետում եմ հետեւյալին, որ աշխատանքները տարվում են, նորություն չունեմ հայտնելու։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։  Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։

Դեպքը տեղի է ունեցել Վոլոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է՝ Արծրուն Գալստյանը։

Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք, Սարգսյանի խոսքով, առգրավվել են։

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին Գրիգորյանը Փարաքարում որպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմադիր թեկնածու, ջախջախիչ հաղթանակ տարավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ