ՀՀ բոլոր ղեկավարների՝ այս ամբիոնից ունեցած ելույթների հիմնական բովանդակությունը նվիրված է եղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի հանրապետության կոնֆլիկտին։ Այդպիսին էին նաև իմ ելույթները 2018-ից 2023 թվականներին։ Այդ մասին ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում ունեցած ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նախորդ տարի ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում՝ առաջին անգամ փորձեցի խոսել ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի, այլ խաղաղության մասին։ Իմ այդ խոսույթը շատ զգույշ էր, շատ անորոշ, չնայած որ այդ պահին արդեն Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի ավելի քան 12 կմ-ը առաջին անգամ սահմանազատված էր, իսկ երկու երկրների սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը՝ ստորագրված երկու երկրների փոխվարչապետների կողմից։
Իմ այդ ելույթից հետո Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում տեղի են ունեցել շրջադարձային իրադարձություններ. նախ՝ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը վավերացվեց թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում՝ ստանալով բարձրագույն իրավաբանական ուժ։ Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված և վավերացման ընթացակարգ անցած առաջին երկկողմ միջազգային փաստաթուղթն է։ Դրանում 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագիրը արձանագրված է որպես երկու երկրների սահմանազատման բազային սկզբունք։ Խոսքը միջպետական սահմանների սահմանազատման մասին է։
Նախորդող շրջանի լավատեսական գործընթացներն անցած մեկ տարվա ընթացքում շարունակվեցին։ Այս տարվա մարտին Հայաստանը և Ադրբեջանը կարողացան համաձայնեցնել միմյանց միջև խաղաղության և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի նախագիծը և նման դրական ելքով ավարտել բանակցությունները նախագծի շուրջ։ Այդ փաստաթղթում նույնպես կողմերը, հղում անելով Ալմա Աթայի հռչակագրին, հաստատում են իրենց ըմբռնումը, որ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմաններ, և այս հենքի վրա ճանաչում և հարգում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անխախտելիությունը և քաղաքական անկախությունը։
Ալմա Աթայի հռչակագրին հղումը նշանակում է, որ երկու երկրները ճանաչում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքը նույնական է Հայկական ԽՍՀ-ի տարածքի հետ, իսկ Ադրբեջանի Հանրապետության տարածքը նույնական է Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքի հետ, և այդ տարածքները ներառող սահմաններն անխախտելի են։
Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հաաբերությունների հաստատման մասին նշված համաձայնագիրը ահա այս տարվա օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Սպիտակ տանը երկու երկրների ԱԳ նախարարների կողմից նախաստորագրվեց ԱՄՆ նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ ներկայությամբ։
Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման կուլմինացիան դարձավ այն հռչակագիրը, որը Ադրբեջանի նախագահի հետ ընդունեցինք հանդիպման արդյունքներով, և որը որպես վկա ստորագրեց նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այդ հռչակագիրն արձանագրեց, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդունում են անցյալի հակամարտությամբ չկանխորոշված ՄԱԿ կանոնադրությանը ու 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը, և որ մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար ստեղծվել են վերջապես բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։ Այս իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում՝ ասվում է հռչակագրում»,- նշեց ՀՀ վարչապետը։