Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական բանակցություններում երբևէ չի եղել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ամբիոնից այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ՄԱԿ-ի ամբիոնից արված հայտարարություններին։
«Ադրբեջանի նախագահը, ում հետ ընդունել ենք Վաշինգտոնի հռչակագիրը, դրանից հետո մի քանի անգամ, այդ թվում այս ամբիոնից օգտագործում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։
Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցրած փաստաթղթերում չկա, Հայաստան–Ադրբեջան բանակցություններում կամ փաստաթղթերում երբեք չի եղել։ Կարծում եմ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունը օգտագործելով, որովհետեւ հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից եւ կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հստակ բովանդակություն և խոսույթ են համաձայնեցվել։
«Այդ համաձայնություններին հավատարմությունը որևէ կերպ կասկածի տակ դնելը իմ նշած և կամ այս ամբիոնից հնչեցված այլ խոսույթներով հասկանալի չէ։
Այդ խոսույթները խաղաղության նկատմամբ մարդկանց հավատը չեն մեծացնում եւ խաղաղության մթնոլորտից եւ բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններից չեն բխում»,- ասաց Փաշինյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։