ՄԻԵԴ նախագահը դրական է գնահատել Հայաստանում բարեփոխումները և վստահություն հայտնել, որ դրանք կնպաստեն մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը

Ստրասբուրգում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գիյոմարի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առանցքային դերը մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգում և կարևորել Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին ու ՄԻԵԴ-ին, ինչը հանդիսանում է ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման հիմնասյուներից մեկը։

Վարչապետը ներկայացրել է Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումների ընթացքը՝ ընդգծելով դրանց նպատակային ուղղվածությունը՝ արդարադատության համակարգի անկախություն, արդյունավետություն և հաշվետվողականության բարձրացում։

Մատիաս Գիյոմարը դրական է գնահատել Հայաստանում ընթացող բարեփոխումները և վստահություն հայտնել, որ դրանք կնպաստեն մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը։ Նա վերահաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի կիրառմանն առնչվող հարցեր և անդրադարձել արդարադատության համակարգի կայացման ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն