Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Հայաստան կվերադառնա «Գիտության շաբաթ»-ը։ Միջոցառումը, որ Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ, ունի երկու բաղադրիչ։ Առաջինը Գիտության փառատոնն է, որի շրջանակում վեց օր շարունակ՝ 15։00-21։00-ն, հանրությունը հնարավորություն կունենա Ազատության հրապարակում և Երևանի ամենատարբեր վայրերում ներկա գտնվելու ցուցադրությունների, ծանոթանալու Հայաստանի գիտատեխնոլոգիական կառույցների ու գիտնականների հետ, ինչպես նաև մասնակցելու ինտերակտիվ խաղերի ու գիտափորձերի։ Երկրորդն ապակենտրոն միջոցառումներն են, որոնց շրջանակում Երևանի և մարզերի դպրոցներն ու մանկապարտեզները հնարավորություն կունենան հատուկ մշակված փաթեթներով գիտափորձեր անցկացնելու և մրցույթների մասնակցելու։
«Գիտության շաբաթ․ Հայաստան»-ը կազմակերպում է «Գիտուժ» նախաձեռնությունը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։
«Գիտուժ» նախաձեռնության ակտիվ անդամ Տիգրան Շահվերդյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում պատմում է՝ անցած տարի «Գիտության շաբաթ» կազմակերպելու գաղափարը ծնվեց մի կարևոր նպատակով՝ լայն հանրությանը ներգրավել գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության թեմայով քննարկումներում։
Անցած տարվա փորձն արդարացրեց կազմակերպիչների սպասելիքները։ Տիգրան Շահվերդյանն ու «Գիտության շաբաթ․ Հայաստան» միջոցառման բովանդակության պատասխանատու Արման Գասպարյանը միաբերան նշում են` արդյունքներից գոհ են, չնայած որ ի սկզբանե համեստ նպատակներ էին սահմանել։
Արման Գասպարյանի խոսքով անցած տարի «Գիտության փառատոն»-ին Ազատության հրապարակ է այցելել 20 հազար մարդ, իսկ ապակենտրոն միջոցառումներին մասնակցել է ավելի քան 200 դպրոց։
«Նայում էինք մարդկանց, թե ինչ աշխուժություն է տիրում, ինչ ոգևորություն է տիրում հատկապես երեխաների, երիտասարդների շրջանում։ Տաղավարները միշտ լիքն էին, խաղահրապարակները լեփ֊լեցուն էին, դասախոսություններին, որ կենտրոնական տաղավարում էին անցկացվում, միշտ մարդիկ շատ էին լինում։ Մեր տպավորությունները շատ լավն են փառատոնից»։
Արման Գասպարյան
Գիտության փառատոնն, ինչպես և անցած տարի, այս տարի ևս ունի երեք բաժին։ Առաջին բաժնի կարգախոսն է «Զարգացնել գիտությամբ»։ Այս թեմայի շրջանակում սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում կլինեն գիտափորձեր, ցուցադրություններ, ինտերակտիվ տաղավարներ, գիտնականների հետ շփումներ։ Եթե անցած տարի փառատոնի առաջին մասը նպատակ ուներ հանրահռչակելու գիտությունն ու այն մոտեցնելու հանրությանը, ապա այս տարի բովանդակային փոփոխություն է տեղի ունեցել։
«Անցած տարի մենք ցույց տվեցինք գիտությունը՝ որպես երիտասարդների համար հետաքրքիր ու պրոֆեսիոնալ ճանապարհ, բայց տեսանք, որ մի բան բացակայում է․ քիչ ենք շեշտադրել տեխնոլոգիաները։ «Գիտուժի» առաքելությունն է Հայաստանը հզորացնել գիտության և տեխնոլոգիաների միջոցով։ Միայն գիտությունը չի կարող այդ դերը կատարել, պետք է միասին աշխատեն, ու [այս տարի] տեխնոլոգիաների վրա ֆոկուսն է ավելանում այն իմաստով, որ որ գիտությունն ու տեխնոլոգիաները ոչ միայն հետաքրքիր են ու պրոֆեսիոնալ ճանապարհ են, այլ նաև գործիք են խնդիրներ լուծելու»։
Տիգրան Շահվերդյան
«Գիտուժ» նախաձեռնության անդամը շեշտում է՝ երբ ասում են գիտություն և տեխնոլոգիաներ, հաճախ տպավորություն է ստեղծվում, թե նկատի ունեն միայն բնագիտամաթեմատիկական ուղղությունները, մինչդեռ իրենք հավասարապես նկատի ունեն նաև հումանիտար և հասարակագիտական ուղղությունները, որտեղ ստացվող գիտելիքը ևս հնարավոր է վերածել տեխնոլոգիաների։
«Օրինակ, եթե պարենային անվտանգության համատեքստում խոսում են գիտության և տեխնոլոգիանայի մասին, մարդկանց մոտ առաջինը կարող է տպավորություն ձևավորվել, թե երևի պետք է, օրինակ, հատուկ բիոտեխնոլոգիաներով ցորենի նոր տեսակներ մշակել, որոնք ավելի էժան է արտադրել, և ներկրելը պակաս շահահավետ կլինի, կամ հատուկ ռոբոտ մեխանիզմներ մշակել, ներդնել, որոնք արտադրության գինը կնվազեցնեն, և դրանով այն ավելի մրցունակ կլինի, քան ներկրումը։ Բայց այստեղ լուծումը միայն ԲՏՃՄ ուղղություններում պետք չէ փնտրել․ լուծումը կարող է լինել նաև, օրինակ, տնտեսագիտական լոգիստիկայի բնագավառում, երբ դու հատուկ լոգիստիկայի մեխանիզմներ ես մշակում, ռազմավարական պաշարների մեխանիզմներ ես մշակում, որոնք հիմնված են վերլուծությունների, հաշվարկների վրա, և դրանք ես նաև ներդնում քո պարենային անվտանգության խնդիրները լուծելու համար»։
Տիգրան Շահվերդյան
«Գիտության շաբաթ․ Հայաստան»-ի բովանդակության պատասխանատու Արման Գասպարյանն էլ նշում է՝ այս տարի Ազատության հրապարում ներկա են լինելու ինչպես նախորդ տարվա, այնպես էլ նոր մասնակիցներ, իսկ ցուցադրությունների վերաբերյալ շատ փակագծեր չի բացում՝ հորդորելով մարդկանց գալ և տեղում բացահայտել։
Գիտության փառատոնի հաջորդ երկու օրերը՝ հոկտեմբերի 2-ն ու 3-ը, նվիրված կլինեն մասնագիտական կողմնորոշմանը՝ «Ինչու դառնալ գիտնական ու ճարտարագետ» խորագրով։ Այս օրերին Ազատության հրապարակում, ինչպես անցյալ տարի, ներկայացված կլինեն համալսարաններ, կրթական և ինովացիոն կազմակերպություններ, գիտական ինստիտուտներ, լաբորատորիաներ՝ այս տարի կենտրոնում պահելով նաև տեխնոլոգիաները։
Դե իսկ վերջին երկու օրերը՝ հոկտեմբերի 4-ն ու 5-ը, նվիրված կլինեն գիտաֆանտաստիկային՝ «Ընդլայնելով երևակայությունը» խորագրով։ Փառատոնի այս բաժինը կլինի գիտական ֆանտաստիկայի, արվեստի, խաղերի ու ֆուտուրիստական նախագծերի համադրություն։ Արման Գասպարյանը հիշում է, որ անցած տարի Գիտության փառատոնի՝ հատկապես գիտաֆանտաստիկային նվիրված հատվածն էր դուր եկել այցելուներին, այդ պատճառով այս տարի որոշեցին կրկնել այն՝ հարստացնելով բովանդակությունը։
Այս տարի Գիտության փառատոնի աշխարհագրությունն ընդլայնվել է․ միջոցառումներ սպասվում են ոչ միայն Ազատության հրապարակում։ Գիտություն փառատոնին են միացել Երևանի մի շարք թանգարաններ, որոնք այս շաբաթվա ընթացքում՝ ամեն օր, կունենան գիտությանն ու տեխնոլոգիաներին նվիրված կամ նորարարական լուծումներով ցուցադրություններ։ Հոկտեմբերի 1-ին «Թումո Երևանի» կինոէկրան կբարձրանա Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմը, որ հիմնված է Արտեմ Ալիխանյանի կենսագրության վրա։ Իսկ հոկտեմբերի 2-ին տեղի կունենա Լյոու Ցըսինի «Երեք մարմինների խնդիրը» գիտաֆանտաստիկ վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Փառատոնի բոլոր միջոցառումների օրակարգը կարող եք գտնել այստեղ։
Արման Գասպարյանը նշում է՝ «Գիտության Փառատոնի ու Գիտության շաբաթվա էվոլյուցիան պետք է լինի ոչ միայն որակական, այլ նաև քանակական աճը, և միջոցառումը պետք է ընդլայնի աշխարհագրությունը։
«Եթե նախորդ տարի միայն Ազատության հրապարակում էր, ու ապակենտրոնացած միջոցառումներ էին [դպրոցներում], այս տարի նաև փոքր միջոցառումներ են մայրաքաղաքի տարբեր հատվածներում, հետագայում արդեն [կլինեն] փառատոններ Հայաստանի մեծ քաղաքներում, ապա նաև փոքր քաղաքներում։ Այդ շարունակական աճը, էվոլյուցիան պետք է ապահովվի, որ այդ հարթակը կարողանա ամեն տարի զարմացնել ու ուրախացնել»։
Արման Գասպարյան
«Գիտության շաբաթ․ Հայաստան»-ի երկրորդ բաղադրիչն ապակենտրոն միջոցառումներն են։ Կազմակերպիչներն անցած տարի գիտափորձերի փաթեթներ էին մշակել՝ նկարագրելով փորձի համար անհրաժեշտ իրերը, ընթացքը և ակնկալվող արդյունքները։ Արման Գասպարյանը շեշտում է՝ այդ գիտափորձրեի անցկացման համար անհրաժեշտ նյութերը մատչելի են ու հասանելի, և լաբորատոր հատուկ պայմանների անհրաժեշտություն չկա։
«Գիտության շաբաթվա» բովանդակության պատասխանատուն հիշում է՝ անցած տարի ապակենտրոն միջոցառումներին մասնակցել էր 200-ից ավելի դպրոց և մանկապարտեզ։ Դպրոցների համար նաև մրցույթ էր հայտարարված, որի շրջանակում նրանք պետք է իրենց իրականացրած գիտափորձերը տեսանյութերի վերածեին և ուղարկեին կազմակերպիչներին։ Մրցույթին 100 տեսանյութ էր ուղարկվել, և հաղթել էր մարզային դպրոցներից մեկը՝ որպես մրցանակ ստանալով համակարգիչ։
Արման Գասպարյանը նշում է՝ այս տարի մրցույթ են անցկացնելու ոչ միայն դպրոցների, այլ նաև մանկապարտեզների համար, ու հաղթողները կրկին մրցանակներ կունենան (մրցույթին մասնակցելու համար պետք է գրանցվել այստեղ)։
Բովանդակային փոփոխություններ են եղել նաև ապակենտրոն միջոցառումների փաթեթում։
«Նախորդ տարի թեմաներն առանձին գիտակարգերի վերաբերյալ էին, օրինակ՝ ֆիզիկա` առանձին, քիմիա` առանձին, աշխարհագրություն` առանձին, մաթեմատիկա` առանձին և այլն։ Բայց քանի որ մենք գիտենք, որ գիտությունը 21-րդ դարում իզոլացված չէ, ոչ մի գիտակարգ առանձին չի զարգանում, բոլոր գիտակարգերը միմյանց հետ համագործակցում են բարդ խնդիրների լուծման համար, դա պետք է հասցնենք նաև երեխաներին, դպրոցականներին։ Եթե դու, օրինակ, ֆիզիկոս ես, չի նշանակում, որ ուրիշ գիտակարգերի հետ չես համագործակցելու, ուրիշ գիտնականների հետ չես համագործակցելու։ Եվ մեր ապակենտրոնացած միջոցառումների փաթեթներն արտացոլում են հենց միջգիտակարգայնությունը, օրինակ՝ գիտափորձը կամ նախագծային աշխատանքը կամ խաղը չի վերաբերում միայն մի գիտակարգի, կարող է լինել հիդրոօդերևութաբանության թեմայով՝ գումարած հրթիռաշինություն և ֆիզիկա»։
Արման Գասպարյան
«Գիտության շաբաթ․ Հայաստան»-ի կազմակերպիչների նպատակն է այս տարի Ազատության հպարակակ բերել 50 հազար այցելուի, ներգրավել 300 դպրոց ու մանկապարտեզ։
Կազմակերպիչները հույս ունեն նաև, որ այս ֆորմատը շարունակական կլինի։ Տիգրան Շահվերդյանի խոսքով, երբ անցած տարի նման միջոցառում ացնկացնելու գաղափար հղացավ, իրենց նպատակ ունեին, որ այն լինի ոչ թե «Գիտուժի» ֆորմատը, այլ «Հայաստանի գիտության շաբաթը»։
«Մեր առաջին ուղերձն է մարդկանց, ինչու չէ, նաև կառավարության մոտ գիտակցություն առաջացնել, որ առանց գիտության պետությունը չի կարող զարգանալ։ Իսկ երկրորդ ուղերձն այն է, որ «Գիտության շաբաթ»-ն ամենամյա է լինելու, մարդիկ դրան պետք է սովորեն ու նաև ոգևորվեն, որ ամեն տարի աշնանը լինելու է Գիտության փառատոն։ Այսինքն` Գիտության փառատոնը ինստիտուցիոնալ հարթակի վերածել, որը յուրաքանչյուր տարի կանցկացվի, կապ չունի՝ «Գիտո՞ւժը» կանցկացնի, թե՞ Գիտությունների ազգային ակադեմիան։ Սա [պետք է լինի] ինքնուրույն, ինքնաբավ հարթակ, որը յուրաքանչյուր տարի մեկ շաբաթով Հայաստանը կդարձնի գիտության կենտրոն»։
Արման Գասպարյան
Գլխավոր լուսանկարում՝ Ազատության հրապարակը «Գիտության շաբաթ 2024»-ի օրերին