Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվում է Արցախի ղեկավարների, տարբեր պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստը ընթանում է փաստաթղթերի ընթերցմամբ։
Նշվում է, թե հրապարակված փաստաթղթերից մեկը վերաբերում է «2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում քաղաքացիական անձանց մարմնական վնասվածքներ հասցնելու, նրանց կյանքի դեմ մահափորձերի, նրանց գույքին վնաս հասցնելու և այլ դեպքերի»։
Այս դրվագների վերաբերյալ ուսումնասիրված փաստաթղթերից մեկում նշվում է, թե, իբր, «2016 թվականի ապրիլի 2-ից 28-ը Հայաստանի զինված ուժերը բազմաթիվ հանցավոր գործողություններ են կատարել Ադրբեջանի Աղդամի, Տերտերի, Գերանբոյի, Ֆիզուլիի և Աղջաբեդի շրջանների չպաշտպանված բնակավայրերի տարածքներում, ինչպես նաև կրթական և բժշկական հաստատություններում, քաղաքացիական բնակչության և մարտական գործողություններին չմասնակցած առանձին քաղաքացիական անձանց նկատմամբ, ինտենսիվ կրակ են վարել խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից, ականանետներից և նռնականետերից, հրետանային կայանքներից և հարձակումներ իրականացրել առանց ռազմական անհրաժեշտության»։
Փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում ցուցադրվել են նաև իրադարձությունների վայրերից լուսանկարներ։