Փաշինյանն անդրադարձել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքին | armenpress.am

armenpress.amՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում զինված հարձակման դեպքին, որի հետևանքով սպանվել էին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ստրասբուրգում լրագրողների հետ զրույցում վարչապետը խոսել է գործի ընթացքի մասին, ինչպես նաև խափանման միջոցների ընտրության խնդիրների վերաբերյալ։ Հարցին, թե արդյոք նա անհրաժեշտ հետևությունները արե՞լ է դեպքի հետ կապված, վարչապետը դրական է պատասխանել։

«Այո։ Տեսանելի է, որ նաև պաշտոնանկություններ են եղել։ Փետրվարին իրադարձություններ են եղել Փարաքարում, զոհ է եղել։ Հիմա այդ գործով 14 մեղադրյալ կա, և դատավարությունը ընթանում է։ Մեղադրյալների մի մասը կալանքի տակ չէ, մյուս մասը՝ տնային կալանքի տակ է, մեկ հոգի է, որ կալանքի տակ է։ Մյուս կողմից՝ քննարկում ենք, թե՞ ինչքանով մեր բանտերը պետք է ծանրաբեռված լինեն։ Դեպքեր ունենք, երբ հանցագործություն են կատարում մարդիկ, որոնք այդ պահին ամբաստանյալի կարգավիճակում են դատարանում։ Եվ մեր քննչական մարմիններն էլ, ոստիկանությունն էլ շատ հաճախ այդ հարցը բարձրացնում են։ Ասում են՝ ինչու պետք է պատասխանատվությունը միայն ոստիկանության վրա լինի այն դեպքերում, երբ, ինչպես հետագայում պարզվում է, մեղմ խափանման միջոցներ են կիրառվել դատարանների կողմից  և դրա հետևանքով ազատության մեջ գտնվող մարդիկ նորից հանցագործություն են անում»,- ասել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ խնդիրը նաև ընկալումների մեջ է։

«Մեր ավանդական ընկալումն այն է, որ եթե մարդը բանտում է, ուրեմն ինչ-որ պրոցես կա, իսկ եթե ազատության մեջ է, ուրեմն վերջ։ Սա էլ արդարադատության ստանդարտի հարց է։ Մենք պետք է հասկանանք՝ ինչքա՞ն և ի՞նչ դեպքերում ենք մարդկանց ուզում կալանքի տակ պահել և ո՞ր դեպքերում է, որ կարելի է այլընտրանքային խափանման միջոց ընտրել։ Սրանք լուրջ պրոբլեմներ են, որոնց պատասխանները պետք է գտնենք։ Բայց առանցքում պետք է լինի ժողովրդավարությունը, որովհետև մյուս կողմից ասում են՝ սա բռնապետություն է, իշխանությունը բանտերը լցնում է մարդկանցով, մյուս կողմից ասում են՝ ամենաթողություն է։ Սրանք լուրջ դիլեմաներ են»,- եզրափակել է նա։

Ավելի վաղ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում խստորեն դատապարտել էր միջադեպը և ընդգծել, որ մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի միջադեպը, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները և ինչու չեն կատարել։

«Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետևություններ»,- հավելել էր նա։

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, Մերձավանում զինված հարձակման հետևանքով սպանվել էին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Գնդակահարության հետևանքով վիրավորվել էր նաև Արծրուն Գալստյանը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ սպանության կասկածանքով ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը  փետրվարին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Դրանից մեկ օր անց ձերբակալվել էր նաև Գևորգ Հարությունյանը, որը խոստովանել էր, որ ինքն է կատարել սպանությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն