shantnews.am Մի շարք արաբական և իսլամական երկրներ՝ Եգիպտոսը, Հորդանանը, Ինդոնեզիան, Կատարը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան, ողջունել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գազայի հատվածում իրավիճակի կարգավորմանն ուղղված ծրագիրը և հայտնել են իրենց պատրաստակամությունը համագործակցել Վաշինգտոնի հետ այն իրականացնելու համար։ Այս մասին ասվում է արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։
«Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Հորդանանի Հաշիմյան Թագավորության, Միացյալ Արաբական Էմիրությունների, Ինդոնեզիայի Հանրապետության, Պակիստանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Կատարի Պետության արտաքին գործերի նախարարները ողջունում են նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդությունը և նրա անկեղծ ջանքերը՝ Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու համար, և վերահաստատում են իրենց վստահությունը նրա՝ խաղաղության ուղի գտնելու կարողության նկատմամբ»,-ընդգծվում է տեքստում։
Հայտարարության համաձայն՝ նախարարները «վերահաստատել են իրենց պատրաստակամությունը դրական և կառուցողականորեն համագործակցել Միացյալ Նահանգների և հակամարտության կողմերի հետ՝ համաձայնության հասնելու և այն այնպիսի ձևով իրականացնելու, որը կապահովի խաղաղություն, անվտանգություն և կայունություն տարածաշրջանի ժողովուրդների համար»։