factor.am Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը դադարեցնելու ծրագրին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Ես ողջունում եմ նախագահ Թրամփի՝ Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու և բոլոր պատանդներին ազատ արձակելու հանձնառությունը»,- գրել է Մակրոնը X սոցիալական ցանցում։
Մակրոնը հույս է հայտնել, որ Իսրայելը «վճռականորեն կգործի» այդ պլանի հիման վրա, և ՀԱՄԱՍ-ն «այլընտրանք չի ունենա», քան անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին: Նա նշել է՝ Փարիզը պատրաստ է նպաստել հակամարտության կարգավորմանը և ապահովել, որ երկու կողմերն էլ կատարեն ծրագրի պայմանները։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նույնպես աջակցություն է հայտնել Թրամփի ծրագրին։
«Գազայում պատերազմը դադարեցնելու՝ ԱՄՆ-ի այս նոր նախաձեռնությունը շատ ողջունելի է, և ես շնորհակալ եմ նախագահ Թրամփին իր առաջնորդության համար։ Մենք վճռականորեն աջակցում ենք նրա ջանքերին՝ դադարեցնելու մարտերը, ազատելու պատանդներին և ապահովելու անհապաղ մարդասիրական օգնություն Գազայի ժողովրդին»,- ասել է նա։
Սթարմերը կոչ է արել բոլոր կողմերին միավորվել և համագործակցել ԱՄՆ վարչակազմի հետ՝ համաձայնագիրը վերջնականապես հաստատելու և այն իրականացնելու համար։
«ՀԱՄԱՍ-ը պետք է այժմ համաձայնի ծրագրին և վերջ դնի տառապանքներին, վայր դնի զենքերը և ազատ արձակի մնացած բոլոր պատանդներին»,- ընդգծել է նա։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը, իր հերթին, հայտարարել է, որ Թրամփի խաղաղության ծրագիրը «բացառիկ հնարավորություն է տալիս՝ վերջ դնել Գազայում սարսափելի պատերազմին»։
«Վերջապես, իսրայելցիներն ու պաղեստինցիները հույս ունեն, որ այս պատերազմը կարող է շուտով ավարտվել»,- ասվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված նրա հայտարարության մեջ։
Վադեֆուլն ընդգծել է, որ այս հնարավորությունը չպետք է բաց թողնել։
Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնիի կառավարությունը նույնպես կոչ է արել հակամարտող կողմերին «օգտվել այս հնարավորությունից և ընդունել ծրագիրը»։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան էլ կոչ է արել «օգտագործել այդ պահը՝ խաղաղությանը իրական հնարավորություն տալու համար»։
«Իրավիճակը Գազայում անտանելի է։ Մարտերը պետք է դադարեցվեն, և բոլոր պատանդները պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- գրել է նա X-ում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում