«Փախստականների վերադարձի թեման համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար». Փաշինյան | azatutyun.am

azatutyun.am  Արդյո՞ք խաղաղության գործընթացից բացի Ղարաբաղի փախստականների հարցը արծարծվել է, մասնավորապես՝ նրանց գույքի փոխհատուցման առումով, և արդյո՞ք նրանց մշակութային ժառանգությունը վտանգված է, այսօր
ԵԽԽՎ-ում լիբերալ դեմոկրատների անունից Հայաստանի վարչապետին հարց ուղղեց եվրոպացի պատվիրակ Պետրա Օնիքսը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե «ինչպես ցանկացած պայմանագիր կամ խաղաղության համաձայնագիր, այն ամեն ինչ չէ, որ ներառում է, նախատեսված է, որ այլ հարցեր քննարկելու համար կարող են ստեղծվել համապատասխան մեխանիզմներ և պլատֆորմներ Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

«Ինչ վերաբերում է Ղարաբաղից փախստական մեր հայրենակիցներին, այդ հարցի վերաբերյալ մեր ընկալումն այն է, որ մեր և միջազգային հանրության աջակցությամբ Ղարաբաղի փախստականները պետք է տնավորվեն Հայաստանում, մենք արդեն նրանց տներով ապահովելու ծրագիր ենք սկսել, որը դժվարությամբ սկսում է աշխատել, և մենք Ղարաբաղի մեր հայրենակիցների ապագան պատկերացնում ենք Հայաստանում և Հայաստանի քաղաքացիությամբ», – ասաց վարչապետը:

Անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է իրատեսական փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ, Փաշինյանը ԵԽԽՎ-ում հայտարարեց. – «Ես ուղիղ ասում եմ, որ դա իրատեսական չեմ համարում, և կարևոր եմ համարում մարդկանց ազնիվ դա ասելը: Եվ փախստականների, ընդհանրապես բոլոր փախստականների վերադարձի թեման էս համատեքստում ես համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար, որովհետև Ղարաբաղի կոնֆլիկտը սկսվել է թվում է հումանիտար պարզ հարցերի արծարծմամբ և վերաճել է երկարատև կոնֆլիկտի»:

Հիշեցնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անխախտելիությունը՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտեց. – «Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանում և ապրեն Հայաստանում, և որպես Հայաստանի քաղաքացի ապրեն Հայաստանում, և սա է մեր ռազմավարությունը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն