Թագուհի Թովմասյանը դատի է տվել Արթուր Հովհաննիսյանին․ պահանջում է 9 մլն դրամի փոխհատուցում

Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը դատական հայց է ներկայացրել իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի դեմ․ պահանջում է հրապարակային ներողություն խնդրել իր վերաբերյալ վիրավորանք համարվող արտահայտությունների համար եւ հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները։

Մասնավորապես, Թովմասյանը պահանջում է տեսանյութի միջոցով «24 ՆՅՈՒԶ» եւ «5TV CHANNEL» լրատվական կազմակերպություններին պատկանող պաշտոնական կայքէջերում կատարել հրապարակում հետեյալ բովանդակությամբ․

«Ես՝ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Արթուր Ղարիբի Հովհաննիսյանս, ներողություն եմ խնդրում Թագուհի Մանվելի Թովմասյանից 2025 թվականի սեպտեմբերի 8-ին նրան «անբարո» անվանելու, Թագուհի Թովմասյանին ուղղված հետևյալ բովանդակությամբ առաջարկի համար, այն է ՝ «թող ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, ու կհասկանանք չորս հատ տունը իրեն որտեղից», ինչպես նաև «կին ա, թող իրան կնոջ պես պահի, թե չէ էդ թեստն էլ կդնեմ կասկածի տակ՝ իրա սեռային պատկանելիության» արտահայտության համար»։

Նույն եղանակով նույն կայքերում հայցվորը պահանջում է հրապարակել նաեւ հերքում հետեւյալ բովանդակությամբ․

«Ես ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Արթուր Ղարիբի Հովհաննիսյանս, 2025թ սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովում զրպարտել եմ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին՝ լրագրողների հետ ճեպազրույցում պնդելով, թե նա Հյուսիսային պողոտայում 4 հատ տուն է գնել՝ լինելով հասարակ լրագրող, ինչը չի համապատասխանում իրականությանը»։

Միաժամանակ Թովմասյանը պահանջում է Հովհաննիսյանից հօգուտ իրեն բռնագանձել 9 միլիոն ՀՀ դրամ, որից 3 միլիոնը՝ որպես հասցված վիրավորանքի համար ոչ նյութական վնասի փոխհատուցում, իսկ 6 միլիոնը՝ որպես զրպարտության համար ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Դատական տեղեկատվական համակարգից «Ինֆոքոմը» տեղեկացավ, որ հայցը մակագրվել է Երեւանի քաղաքացիական դատարանի դատավոր Աննա Շիլաջյանին։ Այն վարույթ ընդունել-չընդունելու վերաբերյալ տեղեկություն դեռեւս առկա չէ։

Հիշեցնենք՝ նախորդ ամսին՝ լրագրողների հետ զրույցում խոսելով Թագուհի Թովմասյանի մասին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասել էր․ «Դուք բոլորդ լրագրող եք, ոչ մեկդ երեք-չորս հատ տուն չունի, չէ՞, Հյուիսիսային պողոտայում: [Թովմասյանը] թող մի հատ ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, որ հասկանանք՝ էդ չորս հատ տունը իրան որտեղից․․․ Ինչպե՞ս է՝ ցածր աշխատավարձով լրագրողը Հյուսիսային պողոտայում և մի քանի այլ վայրերում բնակարան ունենում, միգուցե ա՞յլ ծառայությունների միջոցով», – նշել էր նա։

ՔՊ խմբակցության քարտուղարը այդպես արձագանքում էր Թովմասյանի՝ Ազգային ժողովի նախագահին ուղղված նամակին: Թովմասյանն ավելի վաղ Ալեն Սիմոնյանին պաշտոնական նամակ էր ուղարկել՝ պահանջելով, որ իշխանական պատգամավորն ամեն անգամ խորհրդարան մտնելիս թմրանյութերի օգտագործման թեստ հանձնի։ Նա հիշեեցրել էր Թովմասյանի ավտոմեքենայից թմրանյութ գտնելու դրվագը․ «ԱԺ նախագահին պաշտոնական գրությամբ տեղեկացրել եմ, որ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խանգարել է իմ ճեպազրույցը, երբ խոսում էի Բաքվի բանտում խոշտանգվող հայ գերիների մասին․․․ Պահանջում եմ, որ Հովհաննիսյանը ԱԺ մուտք գործելուց առաջ ամեն օր պարտադիր թեստավորվի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ, իսկ արդյունքները լինեն հրապարակային։ Խորհրդարանը չի կարող հանդուրժել խուլիգանություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Թովմասյանը։

Վերջինս, արձագանքելով Հովհաննիսյանի իր վերաբերյալ արտահայտություններին, հայտարարել էր, որ ինքը Հյուսիսային պողոտայում չորս տուն չունի, եւ Հովհաննիսյանը դատարանում կապացուցի, որ ինքը ստախոս է։ Նա պնդել էր, որ իշխանական պատգամավորը պարտավոր է վայր դնել մանդատը։ Թովմասյանը ֆեյսբուքյան գրառմամբ նաեւ դիմել էր Արթուր Հովհաննիսյանի մորը՝ հորդորելով բացատրել իր որդուն, որ չի կարելի կնոջ մասին այդպիսի բառապաշարով խոսել․ «Հասկացրե՛ք նրան, որ ընտանիք ունեցող մարդու համար դա անպատվություն է։ Որպես մայր արեք դա»,- նշել էր նա։

Ի պատասխան՝ Արթուր Հովհաննիսյան էլ ֆեյսբուքյան գրառմամբ դիմել էր «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Սերժ Սարգսյանին եւ ժամանակին այդ դաշինքի անդամ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ հորդորելով նրանց զբաղվել Թագուհի Թովմասյանի դաստիարակությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ