Արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանի թեկնածությունն առաջարկվել է ՀՀ նախագահին՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար։
ԲԴԽ որոշման համաձայն՝ նախագահի հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո Գրիգորյանի՝ ռեզերվային դատավորի կարգավիճակը համարվելու է դադարած:
Հիշեցնենք՝ Դավիթ Գրիգորյանը Երեւանի քրեական դատարանի այն դատավորն էր, որին ի սկզբանե մակագրվել էր «Մարտի 1»-ի վերաբերյալ քրեական գործը։ Այդ ժամանակ՝ դեռ 2019-ին, Գրիգորյանը որոշել էր փոփոխել գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը եւ նրան անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։ Բացի այդ, Գրիգորյանը որոշել էր կասեցնել գործի վարույթն ու դիմել Սահմանադրական դատարան։
Այս որոշումներից հետո Դատախազությունը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցել․ նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ նրա քարտուղարին՝ դրա օժանդակության հոդվածներով։ Նրանք իրենց մեղադրանքները չէին ընդունել՝ հայտարարելով, որ հասնելու են անմեղության ճանաչման։
Գրեթե մեկ տարի անց Երեւանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը արդարացրել էր նրանց հանցակազմի բացակայության հիմքով։ Բալայանը առանց դատաքննություն սկսելու որոշել էր դադարեցել նրանց նկատմամբ քրեական հետապնդումն ու կարճել գործի վարույթը՝ նշելով, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս նրա անձեռնմխելիությունը հաղթահարված չի եղել:
Դատախազությունը բողոքարկել էր արդարացման դատավճիռը Վերաքննիչ, ապա Վճռաբեկ դատարաններ, սակայն բողոքները մերժվել էին։ Ավելի քան 5 տարի անց՝ այս տարվա սեպտեմբերին, դատավճիռը մտել էր օրինական ուժի մեջ։
Դրանից հետո Գրիգորյանը օրենքի ուժով ձեռք էր բերել ռեզերվային դատավորի կարգավիճակ։