«Քարտեզի վրա նշվել է՝ քիմիկները ուր պիտի գնան»․ փոխգնդապետի ցուցմունքը՝ դատարանում

«2020 թ․ հոկտեմբերի 20-ի խորհրդակցության ժամանակ քարտեզների վրա նշվել է՝ քիմիկները ուր պիտի գնան, հստակ հիշում եմ՝ խնդիր չկար մարտական գործողությունների մեջ մտնելու, հավանական էր, որ [հակառակորդը] [Զանգելանի] մատույցներում լինի, չհասած աղի հանք [նկատի ունի Կիրի հանքը,-հեղ․]՝ պիտի անցնեին պաշտպանության»,- 44-օրյա պատերազմի մասնակից Էդիկ Խաչատրյանի ցուցմունքն է։

Խաչատրյանը պատերազմի ժամանակ զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության գլխավոր վարչության՝ վարչակազմերի եւ շտաբների բաժանմունքի պետի պաշտոնը, իր խոսքով՝ եղել  է «Մակարյան» խմբավորման անդամ, սակայն Կովսականի (Զանգելան) ուղղությամբ ծրագրված օպերացիային անձամբ չի մասնակցել, գտնվել է Կապանի զորամասում։

«Մակարյան» խմբավորումը, հիշեցնենք, ձեւավորվել է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին՝ հաջորդ օրվա մարտական օպերացիայի իրականացման նպատակով։ Ըստ դրա՝ «Սյունիք սովխոզ» եւ «Ներքին-Հանդ» ուղղություններով հայկական երկու զորախումբ պետք է մեկներ Կովսական քաղաքի մերձակա տարածք եւ «Սանրում» գործողության միջոցով հայտնաբերեր ու ոչնչացներ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը։ Առաջին ուղղության հրամանատարը փոխգնդապետ Արսեն Աբգարյանն էր, երկրորդ ուղղությանը՝ ԳՇ պետի՝ այդ ժամանակվա տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը։

Ծրագրված օպերացիան, սակայն, տապալվել է․ քիմիկների զորախումբը խորացել է մինչեւ Կովսական, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ, իսկ Մակարյանի զորախումբը, որ, ըստ մեղադրական եզրակացության, գտնվում էր շրջափակման մեջ ընկածներից 1 կմ հեռավորության վրա, տեղում գնահատելով, որ բաց դաշտով չունի իրական հնարավորություն՝ օգնության հասնելու, Մակարյանի որոշմամբ նահանջել է։

Կատարվածի համար Անդրանիկ Մակարյանն ու Արսեն Աբգարյանն այժմ  մեղադրյալի աթոռին են։ Նրանք մեղադրանքները չեն ընդունում։

Վկան իրարամերժ պատասխաններ էր տալիս

Դավիթ Նավասարդյանը

Վկա Էդիկ Խաչատրյանը, ներկայանալով դատարանին, հայտնեց, որ ծառայության բերումով ճանաչում է մեղադրյալներ Մակարյանին եւ Աբգարյանին, պատմեց՝ Կապան է տեղափոխվել Կուբաթլուից, զբաղվել նոր եկող անձնակազմերի դիմավորման, մարտական պատրաստության, ցուցակագրման, քարտեզագրման աշխատանքներով։

Չնայած իր այդ գործառույթներին՝ Խաչատրյանը տեղեկություն չուներ ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ  Վարդան Նշանյանի որդու՝ Գեւորգ Նշանյանի՝ ծառայությունից խուսափելու հանգամանքը առերեւույթ կոծկելու մասին։ Այդ դրվագով այս գործի շրջանակում մեղադրվում են այդ ժամանակ Քիմիկների զորամասի հրամանատարի պարտականությունները ժամանակավորապես կատարող Սարգիս Կուլակչյանն ու նույն զորամասի համալրման բաժանմունքի պետ Էլլադա Հարությունյանը։ Նրանք եւս մեղադրանքները չեն ընդունում։

Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը վկային խնդրեց վերհիշել քիմիկների դեպքին նախորդած խորհրդակցությունը․

- Հիշում եմ, որ պիտի անձնակազմ տեղափոխվեր եւ Զանգելանի ուղղությամբ՝ մոտ 3-4 կմ հեռավորության վրա՝ ավազի հանքի մոտ, անցներ պաշտպանության։

- Ի՞նչ է քննարկվել խորհրդակցությանը։

- Տեղեկություն ունեինք, որ հակառակորդը օրերս մոտեցել կամ կարող է մոտենալ, եւ դրա համար նման խնդիր է դրվում, որ չկարողանան անցնել Կապանի ուղղությամբ։

- Դա ո՞վ է ձեզ ասել։

- Մենք տեղեկությունը ստացել ենք գեներալ Մակարյանից եւ հետախուզական վարչությունից։

- Իսկ պլանավորված հարձակողական գործողություն կա՞ր։

- Չկար։

- Մե՞կ ուղղությամբ էր երթը։

- Ինչքան հիշում եմ՝ հա, ես դրան եմ ծանոթ։

- Ո՞ւմ եւ ի՞նչ խնդիր է դրվում։

- Գիտեմ, որ գնացող անձնակազմի հետ Աբգարյանը պիտի լիներ, կապավորներ էլ կային, որ նրանց հետ չէին գնալու, կոնկրետ խնդիր միայն գիտեմ դիրքային պաշտպանության անցնելը։

- Քարտեզ կիրառվե՞լ է։

- Իհարկե, նշված դիրքերը, որտեղ պիտի անցնեին պաշտպանության, գեներալ Մակարյանն էր ցույց տալիս մասնակցող անձնակազմին, Աբգարյանն էլ էր էդտեղ։

- Աբգարյանը տեղանքին ծանո՞թ էր։

- Որոշակիորեն, 1-2 անգամ գնացել էր։

Գուրգեն Գրիգորյանը

Վկայի այս պատասխանը զարմացրեց դատավարության մասնակիցներին․ Աբգարյանի՝ դեպքից առաջ տեղանքում լինելու մասին երբեւէ ոչ ոք չէր նշել։ Սա կարեւոր հանգամանք է, քանի որ տուժող կողմը Աբգարյանին էլ է մեղադրում ուղեկցողներին նախանշված վայրը չհուշելու եւ ճիշտ տեղում կանգ չառնելու համար։

- Ի՞նչ գործողություններ է կատարել Աբգարյանը Կիրի հանքի տարածքում,- հետաքրքրվեց Աբգարյանի պաշտպան Դավիթ Դավիդյանը։

- Անձնակազմը հերթափոխով պաշտպանության էր գնում։

- Ի՞նչ պաշտպանություն, եթե «Մակարյան» խմբավորումը ձեւավորվել է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին, մինչեւ դա որեւէ կարգադրություն Արսեն Աբգարյանի խմբին չի եղել, նա գտնվել է Մեղրիի զորամասում,- պնդեց պաշտպանը։

- Ես լավ չեմ հիշում։

- Բայց շատ կարեւոր է, միգուցե կարգադրությունից հետո՞ է դա եղել, դա ի՞նչ խնդիր էր, ի՞նչ էր անում Կիրի հանքի տարածքում։

- Չեմ կարող պատասխանել, չգիտեմ՝ անձամբ գնացել է էնտեղ թե ոչ, ես եզրակացնում եմ, որ էդ ուղղության վրա, կարող է, գնացել-եկել է։

- Հնարավո՞ր է՝ 20-ից հետո է եղել, շփոթում եք։

- Հնարավոր է, չեմ կարող հերթականությունը հիշել,- պատասխանեց վկան։

Պաշտպան Դավիդյանը նաեւ նկատեց՝ ըստ կարգադրության՝ զորախումբը գնում էր սանրման աշխատանքների, մինչդեռ վկան շարունակ նշում է պաշտպանության անցնել․

- «Սանրման աշխատանքներ» մարտական առաջադրանքը նույնակա՞ն է ձեր նշած պաշտպանության անցնելու հետ։

- Չէ։

- Բա ինչո՞ւ ե ք այդպես ասում։

- Ես տեղյակ չեմ՝ սանրման որ ստորաբաժանումն է եղել։

- Ձեր վրա հարձակում չի եղել, որ դուք գնաք պաշտպանության, այլ թիկունք ներփափանցած ուժերի ոչնչացնում է ծրագրվել, հիմա ի՞նչ կասեք, ո՞րն է տարբերությունը։

- Որ սանրման աշխատանքները պիտի հիմնականում քիմիկները կատարեին, ես մշուշոտ եմ հիշում, որովհետեւ այլ ստորաբաժանումներ էլ կային․․․, - պատասխանեց վկան։

Ըստ վկայի տեղեկությունների՝ ուղեկցողները ճանապարհը շփոթել են

Տուժողների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց՝ հակառակորդի ուժերի վերաբերյալ ի՞նչ տեղեկություն կար․ «Հավանականություն կար, որ պիկապներով անձնակազմ է եկել, լցվել, բայց չգիտեին՝  կանոնավոր բանակից է թե չէ»։

Փորձելով վերապատմել քիմիկների հետ կատարվածի մասին իրենց հայտնի տեղեկությունները՝ վկան ասաց․

- Գեներալը [նկատի ունի Մակարյանին,-հեղ․] ասում էր, որ ուղղությունը շփոթել են, գնացել ավելի խորը, չգիտեմ՝ շփոթել են թե ինչ, հանկարծակի հանդիպել են հակառակորդին, անմիջական շփման մեջ են մտել, մարտի մեջ մտել, բայց խնդիրը դրված էր, որ անցնեին պաշտպանության չհասած էդ տարածք, ճանապարհի շփոթման խնդիր է եղել ուղեկցողի հետ կապված, բայց կոնկրետ ով էր, չգիտեմ, ես լսելով եմ ասում․․․

Նշենք, որ դատարանում վկաների հարցաքննություններից պարզ է դարձել, որ Կիրի հանքի տարածքում տեղակայված ոստիկանական հենակետում, ինչպես ծրագրված էր, զորքին չեն դիմավորել, իսկ ուղեկցողներն էլ միմյանց պատշաճ չեն փոխանցել այդտեղ կայանելու հրահանգը։

- Հետո որոշակի տվյալներ ստացանք, որ Քաջարանի տղաներից մեկը կապ է ունեցել շրջափակման մեջ մնացած տղաների հետ, ուղղորդել է, որ մեր կողմ դուրս գան, երկու օր հետո էր՝ երեկոյան 5-6-ի կողմերը, մոտեցել ենք, 10-ից ավելի տղերքի հանել (նրանց թվում է եղել հրամանատար Աբգարյանը,-հեղ․)։ Էդտեղ մարդիկ կային, որ մարտի մեջ չէին մտել, դիրքերում էին, նրանց էլ ենք դիմավորել, հետ բերել Կապան,- պատմեց Էդիկ Խաչատրյանը։

- Երբ Աբգարյանին ու Փնջոյանին տեղափոխում էիք, ի՞նչ վիճակում էին։

- Խառը բաներ եմ հիշում, ասում էին՝ որ գնացինք, անսպասելի ձեւով հանդիպեցինք [հակառակորդին], թե ոնց տեղի ունեցավ, չեմ կարող ասել․․․ Թրջված էին, ջրերի մեջ էին եղել, հաց չէին կերել․․․ Հոգեվիճակը ծանր էր, խառնված․․․ Տղաներից մեկը խնդրեց զանգի տուն, պուճուր էրեխու էր զանգել, ասեց՝ պապան սաղ ա․․․

Վկայի այս պատասխանից հետո տուժողի իրավահաջորդ Անահիտ Ադոյանը ցուցադրեց մի լուսանկար, որը արվել էր վկայի՝ Աբգարյանին եւ մյուսներին դուրս բերելուց հետո․

Անահիտ Ադոյանը

– էս լուսանկարում ծանր մարդ տեսնո՞ւմ եք,- վրդովվեց Ադոյանը։

– Դե, որ փրկվել են կամ դուրս են եկել, չգիտեմ․․․

– Դուք համարում եք հրաշքով փրկվա՞ծ, երբ էս մարդիկ մի մետր հեռավորությա վրա զոհված մայորին թողել են, բայց մի քանի մետր հեռավորության վրա ինտենսիվ կրակի տակ իրենց բուշլաթը ծառից կախել,  երբ 40 հոգի անհետ կորածին թողել են՝ չիմանալով՝ զոհվել են թե թշնամու լրտեսների ձեռքին են․․․

– Ես էդ պահին էդ փաստերը չեմ իմացել։

– Հիմա՝ էսքանը իմանալուց հետո, էլի համարո՞ւմ եք հրաշքով փրկված,- հարցրեց ծնողը։

– Չէ,- պատասխանեց վկան։

 Տուժողի իրավահաջորդ Սեդա Հովհաննիսյանն էլ հետաքրքրվեց՝ վկան փոխգնդապետ Վարդան Հովակիմյանի հետ զորամաս վերադառնալուց հետո շփում ունեցե՞լ է (վերջինս մյուս ուղղությամբ Մակարյանի հետ մեկնած սպաներից է,-հեղ․)։ Ի պատասխան՝ վկան ասաց, որ շփվել ենք։

- Բա Հովակիմյանը չասա՞ց՝ էսինչ տեղում էրեխա կա, գծագրեք, գնանք օգնության։

- Ես տենց բան չգիտեմ։

- Բա էդ էրեխեն ինչքա՞ն պիտի թաքնված մնար, վերջը ձեր զինվորն էր, շնչում էր։ Ի՞նչ գործողություններ եք արել այդ մասով։

- Մանրամասներ չգիտեմ, թե հետո ինչ են արել, լսելով իմացել են, որ Վարդանն եկել, ասել է՝ [շրջափակման մեջ] մարդ կա, ում ճանաչում է, որի հետ ինքը կապի է եղել։

- Բա վերջը ի՞նչ է եղել։

- Չեմ կարող ասել։

Հիշեցնենք, որ Սեդա Հովհաննիսյանի որդին շրջափակման մեջ եղած ժամանակ «Viber» հավելվածով հաղորդագրություն էր գրել ընտանիքին` նշելով․ «Մա՛մ, լավ մնացեք, գերի եմ ընկել, պախկված եմ, տարբերակ չունեմ հետ գալու, կա՛մ կմնամ սենց, կա՛մ կխփեն, հորս արեւ, լավ մնացեք, թեթեւ տարեք, չլացես, հերոս ունես, մա՛մ ջան, շատ եմ ձեզ սիրում, իմ կյանքն էլ սենց դասավորվեց, հերոս կմնամ, դուխով, հենց հիմա թուրքերի տարածքում եմ, հելնեմ՝ կփոխեն, աղաչում եմ՝ չլացես»։ Փաստորեն, այս հաղորդագրությունից բացի զինծառայողը նաեւ սպաների հետ է կապ հաստատել, սակայն նրան օգնություն այդպես էլ չի հասել։

Վկային հարցեր հղեց նաեւ գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը՝ հետաքրքրվելով, թե ստեղծված իրավիճակում օգնության հասնելու միակ ելքը մտնել, հարձակվե՞լն էր։ Վկան դրական պատասխանեց։

- Մենք պե՞տք է ունենայինք ավելի շատ սպառազինություն, երբ որ հակառակորդը զինված էր խոշոր տրամաչափի զինատեսակներով, մենք կարո՞ղ էինք մտնել, խնդիր կատարել։

- Չէինք կարող,- պատասխանեց վկան։

- Մեր տրամադրության տակ երկու զորամաս էր․ մեկը կապավորներն էին, մյուսը՝ քիմիկները, հիմա եթե խոսում ենք այն տրամաբանությամբ, որ անձնակազմը պատրաստ չէր, մենք ի՞նչ անեինք, սպասեինք՝ հակառակորդը մտնի Կապանի շրջա՞ն։

- Ես Ձեզ հետ միանգամայն համաձայն եմ, այլ մարդ չունեինք,- պատասխանեց վկան։

Հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 23-ին։