«2020 թ․ հոկտեմբերի 20-ի խորհրդակցության ժամանակ քարտեզների վրա նշվել է՝ քիմիկները ուր պիտի գնան, հստակ հիշում եմ՝ խնդիր չկար մարտական գործողությունների մեջ մտնելու, հավանական էր, որ [հակառակորդը] [Զանգելանի] մատույցներում լինի, չհասած աղի հանք [նկատի ունի Կիրի հանքը,-հեղ․]՝ պիտի անցնեին պաշտպանության»,- 44-օրյա պատերազմի մասնակից Էդիկ Խաչատրյանի ցուցմունքն է։
Խաչատրյանը պատերազմի ժամանակ զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության գլխավոր վարչության՝ վարչակազմերի եւ շտաբների բաժանմունքի պետի պաշտոնը, իր խոսքով՝ եղել է «Մակարյան» խմբավորման անդամ, սակայն Կովսականի (Զանգելան) ուղղությամբ ծրագրված օպերացիային անձամբ չի մասնակցել, գտնվել է Կապանի զորամասում։
«Մակարյան» խմբավորումը, հիշեցնենք, ձեւավորվել է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին՝ հաջորդ օրվա մարտական օպերացիայի իրականացման նպատակով։ Ըստ դրա՝ «Սյունիք սովխոզ» եւ «Ներքին-Հանդ» ուղղություններով հայկական երկու զորախումբ պետք է մեկներ Կովսական քաղաքի մերձակա տարածք եւ «Սանրում» գործողության միջոցով հայտնաբերեր ու ոչնչացներ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը։ Առաջին ուղղության հրամանատարը փոխգնդապետ Արսեն Աբգարյանն էր, երկրորդ ուղղությանը՝ ԳՇ պետի՝ այդ ժամանակվա տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը։
Ծրագրված օպերացիան, սակայն, տապալվել է․ քիմիկների զորախումբը խորացել է մինչեւ Կովսական, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ, իսկ Մակարյանի զորախումբը, որ, ըստ մեղադրական եզրակացության, գտնվում էր շրջափակման մեջ ընկածներից 1 կմ հեռավորության վրա, տեղում գնահատելով, որ բաց դաշտով չունի իրական հնարավորություն՝ օգնության հասնելու, Մակարյանի որոշմամբ նահանջել է։
Կատարվածի համար Անդրանիկ Մակարյանն ու Արսեն Աբգարյանն այժմ մեղադրյալի աթոռին են։ Նրանք մեղադրանքները չեն ընդունում։