«Ասվե՞լ է՝ հետ գնանք, վաղը 150 հոգով կգանք՝ քիմիկներին օգնության»․ վկայի հարցաքննությունը դատարանում

44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի ուսումնական վաշտի հրանատար Ռոմիկ Բաբայանի կարծիքով՝ 2020 թ․ հոկտեմբերի 21-ին ԳՇ պետի՝ այդ ժամանակվա տեղակալ Անդրանիկ Մակարյանի հրամանատարությամբ սանրման աշխատանքների մեկնած խումբը եղանակային պայմանների պատճառով է վերադարձել մշտական տեղակայման վայր։ Նման ցուցմունք Բաբայանը տվեց երեկ Հակակոռուպցիոն դատարանում, ուր ներկայացել էր «Քիմիկների զորամաս»-ի գործով որպես վկա հարցաքննվելու։

Բաբայանը, սակայն, քիմիկների հետ կատարվածի մասին առանձնապես տեղեկություններ չուներ, նա սանրման էր մեկնել «Մակարյան» խմբավորման մյուս կազմով՝ քիմիկների հակառակ ուղղությամբ։

«Մակարյան» խմբավորումը, հիշեցնենք, ձեւավորվել է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին՝ հաջորդ օրվա մարտական օպերացիայի իրականացման նպատակով։ Ըստ դրա՝ «Սյունիք սովխոզ» եւ «Ներքին-Հանդ» ուղղություններով հայկական երկու զորախումբ պետք է մեկներ Կովսական քաղաքի մերձակա տարածք եւ «Սանրում» գործողության միջոցով հայտնաբերեր ու ոչնչացներ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը։ Առաջին ուղղության հրամանատարը փոխգնդապետ Արսեն Աբգարյանն էր, երկրորդ ուղղությանը՝ ԳՇ պետի՝ այդ ժամանակվա տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը։

Ծրագրված օպերացիան, սակայն, տապալվել է․ քիմիկների զորախումբը Կիրի հանքում կանգնելու փոխարեն խորացել է մինչեւ Կովսական քաղաք, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ, իսկ Մակարյանի զորախումբը, որ, ըստ մեղադրական եզրակացության, գտնվում էր շրջափակման մեջ ընկածներից 1 կմ հեռավորության վրա, տեղում գնահատելով, որ բաց դաշտով չունի իրական հնարավորություն՝ օգնության հասնելու, Մակարյանի որոշմամբ նահանջել է։

Կատարվածի համար Անդրանիկ Մակարյանն ու Արսեն Աբգարյանն այժմ  մեղադրյալի աթոռին են։ Նրանք մեղադրանքները չեն ընդունում։

Վկան նախկինում սանրում գործողության չէր մասնակցել

Հանրային մեղադրողը

Վկա Ռոմիկ Բաբայանը պատմեց, որ հոկտեմբերի սկզբին իրենց զորամասի 50-հոգանոց խումբը մեկնել է Մեղրիի զորամաս, այնտեղից՝ Կապան։ Խմբի հրամանատարը եղել է իրենց զորամասի սպա, փոխգնդապետ Ռոման Իսախանյանը, իրենց հետ է եղել նաեւ փոխգնդապետ Աշոտ Ժամհարյանը։ 

Հոկտեմբերի 21-ին խնդիր են ստացել սանրման աշխատանքների․

- Այդ գործողության մասին ե՞րբ եք իմացել,- հետաքրքրվեց հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը։

- Նույն օրը՝ մի քանի ժամ առաջ․․․ Մթով՝ ժ․ 4-5-ին դուրս ենք եկել, լուսաբացին հասել։

- Ո՞վ ասաց գործողության մասին։

- Փոխգնդապետ Իսախանյանը։

- Կոնկրետ ի՞նչ ասաց։

- Անտառով պիտի քայլելով առաջանանք, սանրման աշխատանքներ կատարենք։

- Տեղանք չե՞ն նշել։

- Կարողա նշել են, չեմ հիշում։

- Ուր որ պիտի գնայիք, մե՞ր վերահսկողության ներքո էր։

- Այո։

- Բա ի՞նչ հակառակորդ։

- Կարողա հակառակորդը անցած լիներ էդ կողմ։

- Դուք երբեւէ ծառայության ընթացքում սանրում իրականացրե՞լ էիք։

- Չէ, իմ ծառայությունը եղել է ԼՂ Մատաղիսի զորամասում, կապի բրիգադում։

Բաբայանը տեղյակ չէր իրենց եւ քիմիկների միեւնույն տեղանք մեկնելու մասին

Դատավոր Սարգիս Դադոյանը

Ռոման Բաբայանը պատմեց, որ իրենց 50-հոգանոց կազմով երկու ավտոբուսներով շարժվել են, հասել Ներքին Հանդ գյուղի ցուցանակի մոտ, որտեղից շարունակել են ոտքով։ Առջեւից գնացել են 3-4 հետախույզ, ապա՝ իրենք՝ 100-150 մ հեռավորության վրա։

- Մակարյանը ձե՞զ հետ էր այդ ընթացքում։

- Ես Ներքին Հանդում եմ նրան տեսել․․․ Մի պահ խառնաշփոթ եղավ, ասացին, որ մյուս խմբից շրջափակման մեջ են ընկել, պիտի «ա» կետ գնային, «բ» կետ էին գնացել, ու ոնց որ զոհեր, վիրավորներ կային․․․

- Էդ պահին գիտեի՞ք, որ ուրիշ խումբ կա։

- Չէ, էդ պահին եմ իմացել։

- Իսկ ո՞ւր էին գնում, կապ ունեի՞ն ձեր խնդրի հետ։

- Ես չգիտեմ, մենք լրիվ հակառակ ուղղությամբ էինք։

- Մենք քրեական գործով տվյալներ ունենք, որ ձեր խումբը գնում էր այնտեղ, որտեղ մոտավորապես մյուս խումբը ընկել էր շրջափակման մեջ, այսինքն՝ երկու տարբեր կողմերից գնում էիք մի տեղանք։

- Ես տեղեկություն չունեմ, միայն գիտեմ, որ սանրման աշխատանքներ պիտի կատարեինք։

Ի պատասխան հարցին՝ նախքան մեկնելը հրահանգավորում անցե՞լ են, վկան պատասխանեց, որ Իսախանյանը, որպես կանոն, ամեն անգամ որեւէ տեղ մեկնելիս հրահանգավորել է։ Այդ պարագայում անհասկանալի է, թե ինչպես այս եւ այլ վկաներ լիարժեք տեղեկացված չեն եղել երկու խմբավորումների մեկ միասնական առաջադրանքի կամ միեւնույն տեղանք մեկնելու մասին։

Վկան պատմեց, որ 2-3 ժամ քայլել են, սարի պես ճանապարհով բարձրացել։ Հակառակորդ ճանապարհին չեն հանդիպել։ Եղանակը, ըստ նրա, խոնավ էր, տեսանելիությունը գնալով նվազում էր։ Սպաները 200-300 մետր առաջացել են մի քանդված շինության մոտ՝ մտածելով, որ գուցե խրամատ է, սակայն պարզվել է, որ հողագործության հետեւանք է։ Նշենք՝ եղանակային պայմանների հարցը կարեւոր է, քանի որ ըստ որոշ ցուցմունքների՝ Մակարյանի հրամանատարությամբ խումբը նաեւ դրանով պայմանավորված չի շարունակել ճանապարհը քիմիկների ուղղությամբ։

- Սարի վրա ինչքա՞ն մնացիք,- հարցրեց մեղադրողը։

- 1 ժամ, կարողա ավել, կարողա պակաս։

- Մինչեւ սարի գագաթը անձրեւ եկե՞լ է։

- Չեմ հիշում, խոնավ եղանակ էր, ոնց որ։ Դիմացներս քիչ-քիչ փակվում էր։

- Տեսանելիությունը ինչքա՞ն էր։

- 100-150 մ, բայց դե, տենց բան չկար, բաց դաշտ էր։

- Ի՞նչ եք արել գագաթին։

- Սպասել ենք, երբ առաջացել են, գնացին-եկան, մառախուղը արդեն ընկել էր, Իսախանյանը եկավ, ասաց՝ հետ ենք իջնում, ներքեւը հանգստացել ենք մի քանի րոպե ու շարժվել։

- Ձեր խնդիրը իրականացրի՞ք։

- Կոնկրետ ինչ հրաման տվել են․․․ Հաջորդ հրամանը փոխվել է, հաջորդն ենք կատարել․․․

- Հարգելի՛ վկա, Դուք Ձեր ցուցմունքում նշում եք, որ խնդիր է դրվել սանրման աշխատանքների, նկարագրեցիք՝ անտառ, որտեղ 2-3 ժամ քայլել եք, հասել գագաթին, սպասել, հետ իջել։ Դուք, փաստորեն, իրականացրի՞ք ձեր խնդիրը։

- Դե, հա։

- Խոսակցություն լսե՞լ եք, որ չենք կարողանում իրականացնել կամ ահա իրականացրեցինք հաջողությամբ եւ իջնում ենք։

- Չեմ հիշում նման բան։

- Ընդհանուր խոսակցություններն ինչպիսի՞ն էին։

- Մանրամասն չեմ կարող հիշել, 5 տարի է անցել,- պատասխանեց վկան։

Վկան հարցերի մեծ մասի պատասխանները չէր հիշում

Ձախից՝ Արսեն Աբգարյանը, պաշտպան Դավիթ Դավիդյանը, Անդրանիկ Մակարյանը, պաշտպան Ամրամ Մակինյանը

Տուժողների իրավահաջորդները հետաքրքրվեցին՝ երբ հրաման են տվել հետ իջնել, ի՞նչ պատճառ են նշել։ Վկան, սակայն, դա եւս չհիշեց․

- Մարտական խնդիրը չկատարած՝ հարց չի՞ ուղղվել ձեր սպային՝ ի՞նչը նպաստեց, որ քիչ-քիչ չառաջացաք, այլ հետ իջաք,- հարցրեց Անահիտ Ադոյանը։

- Չեմ կարող ասել, մենք սպասել ենք իրենցից հետ։

- Ի՞նչ ասացին, ասացին՝ հակառակորդը դիրքավորվա՞ծ է։

- Չէ, հակառակորդի չեն տեսել։

- Բա որպես զինծառայող՝ այդ հարցը չե՞ք բարձրացրել։

- Որպես զինծառայող՝ խնդիրը դրվել էր քայլելով գնալ, սանրել։

- Սանրեցի՞ք։

- Ճիշտ այդպես։

- Ի՞նչ եք սանրել, մի հոգի գտա՞ք։

- Չէ, մարդ չի եղել։

- Միայն Իսախանյա՞նն ասաց, որ հետ եք գնում։

- Չէ, Ժամհարյանն էլ։

- Բա նա չասա՞ց՝ ինչու եք հետ գնում։

- Չէ, չեմ հիշում տենց բան։

- Օգնեմ Ձեր հիշողությանը․ նույն Ժամհարյանը ասել է՝ հրաման ենք կատարում, վաղը 150 հոգով հետ ենք գալու՝ օգնության։

- Չեմ հիշում տենց խոսակցություն։

- Ձեր խմբի հետ Գիվի մականունով զինծառայող եղե՞լ է՝ Գեւորգ Նահապետյան։

- Հա, հենց ինքն էր առջեւից գնում։

- Գիվին էլ ասել է՝ բա էնտեղ կրակոցներ են, կրակ պահենք, հակառակորդին շեղենք, [քիմիկները] գոնե դիրքավորվեն, Ժամհարյանն է փոխանցել Ձեզ, որ Մակարյանի հրամանն է։

- Մեզ մոտ չի եղել տենց խոսակցություն։

- Ինքը եկել, ցուցմունք է տվել, որ զորքին է ասել, Դուք իր զորքո՞ւմ չեք եղել։

- Այո, հիմա էլ իրար հետ ծառայում ենք, բայց ես տենց բան չեմ լսել։

- Լավ, եկաք Կապան, էլի չփորձեցի՞ք խումբ կազմել, գնալ քիմիկներին օգնության․ չէ՞ որ ձեր նման տղերք էին, չեղա՞վ մեկը, որ․․․

- Եթե հելնեինք, գնայինք, մենք ոչ ծանոթ էինք տարածքին, ոչ էլ․․․

- Բա քիմիկները ծանո՞թ էին,- վրդովվեցին ծնողները։

Վկան ընդգծեց, որ ինքն այդ առաջադրանքի կազմում, կարելի է ասել, շարքային զինվոր է եղել՝ խնդիր կատարող միայն։

Հիշեցնենք՝ քանի որ քիմիկները եւ նրանց հրամանատար փոխգնդապետ Արսեն Աբգարյանը տեղանքին անծանոթ են եղել, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը Կապանի ինքնապաշտպանական խորհրդի նախագահի 1-ին տեղակալ-շտաբի պետի պաշտոնը փաստացի զբաղեցրած, պահեստազորի գնդապետ Վարդան Ալեքսանյանին հանձնարարել է կազմակերպել զորքի ուղեկցումը։ Վերջինս էլ ուղեկցման գործառույթը պատվիրակել է այլ անձանց․ ճանապարհի մի մասը ուղեկցել է Ալեքսանյանի վարորդը՝ Համբարձում Փարամազյանը, մյուս մասը՝  կամավոր Արման Նուրիջանյանը։

Դատարանում վկաների հարցաքննություններից պարզ է դարձել, որ Կիրի հանքի տարածքում տեղակայված ոստիկանական հենակետում, ինչպես ծրագրված էր, զորքին չեն դիմավորել, իսկ ուղեկցողներն էլ միմյանց պատշաճ չեն փոխանցել այդտեղ կայանելու հրահանգը։

62-հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել էր, 12-ը՝ սպանվել, 23-ի եւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։