44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի ուսումնական վաշտի հրանատար Ռոմիկ Բաբայանի կարծիքով՝ 2020 թ․ հոկտեմբերի 21-ին ԳՇ պետի՝ այդ ժամանակվա տեղակալ Անդրանիկ Մակարյանի հրամանատարությամբ սանրման աշխատանքների մեկնած խումբը եղանակային պայմանների պատճառով է վերադարձել մշտական տեղակայման վայր։ Նման ցուցմունք Բաբայանը տվեց երեկ Հակակոռուպցիոն դատարանում, ուր ներկայացել էր «Քիմիկների զորամաս»-ի գործով որպես վկա հարցաքննվելու։
Բաբայանը, սակայն, քիմիկների հետ կատարվածի մասին առանձնապես տեղեկություններ չուներ, նա սանրման էր մեկնել «Մակարյան» խմբավորման մյուս կազմով՝ քիմիկների հակառակ ուղղությամբ։
«Մակարյան» խմբավորումը, հիշեցնենք, ձեւավորվել է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին՝ հաջորդ օրվա մարտական օպերացիայի իրականացման նպատակով։ Ըստ դրա՝ «Սյունիք սովխոզ» եւ «Ներքին-Հանդ» ուղղություններով հայկական երկու զորախումբ պետք է մեկներ Կովսական քաղաքի մերձակա տարածք եւ «Սանրում» գործողության միջոցով հայտնաբերեր ու ոչնչացներ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը։ Առաջին ուղղության հրամանատարը փոխգնդապետ Արսեն Աբգարյանն էր, երկրորդ ուղղությանը՝ ԳՇ պետի՝ այդ ժամանակվա տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը։
Ծրագրված օպերացիան, սակայն, տապալվել է․ քիմիկների զորախումբը Կիրի հանքում կանգնելու փոխարեն խորացել է մինչեւ Կովսական քաղաք, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ, իսկ Մակարյանի զորախումբը, որ, ըստ մեղադրական եզրակացության, գտնվում էր շրջափակման մեջ ընկածներից 1 կմ հեռավորության վրա, տեղում գնահատելով, որ բաց դաշտով չունի իրական հնարավորություն՝ օգնության հասնելու, Մակարյանի որոշմամբ նահանջել է։
Կատարվածի համար Անդրանիկ Մակարյանն ու Արսեն Աբգարյանն այժմ մեղադրյալի աթոռին են։ Նրանք մեղադրանքները չեն ընդունում։