Հայաստանում գործող կուսակցությունները պետք է համապատասխանեն ժողովրդավարության և թափանցիկության կանոններին. վարչապետ | armenpress.am

armenpress.am: Հայաստանի քաղաքական համակարգի կայացման համար կարևոր է կուսակցությունների գործունեության լիարժեք թափանցիկությունը։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տեսեք, մեր կուսակցության դրամահավաքի հետ կապված ասում են․ այն մեկը կարմիր գլխարկով էր, մյուսն ով էր՝ մուգ ապակիներով ավտոմեքենա կանգնեց։ Իսկ մյուս կուսակցությունները որտեղի՞ց են ֆինանսավորվում։ Ոչ մեկին չի հետաքրքրում, ընդհանրապես այդ հարցը չկա։ Մեր թափանցիկությունը օգտագործվում է մեր դեմ։ Սա էլ այն դեպքն է, երբ ժողովրդավարությունը օգտագործվում է  ժողովրդավարության դեմ»,- ընդգծեց Փաշինյանը։

Նա հավելեց, որ կուսակցությունների մեծ մասի ղեկավար մարմինները ձևավորվում են ոչ թափանցիկ գործընթացներով։

«Հայաստանի կուսակցությունների 90 տոկոսը վարչության կամ ղեկավար մարմնի կազմը մեկ-երկու հոգի գրում են։ Երբեմն նույնիսկ չեն ցույց տալիս, հետո մարդիկ մամուլից են իմանում՝ ով ընտրվեց, ինչ որոշում ընդունվեց»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի համոզմամբ՝ կուսակցությունների ժողովրդավարությունը և թափանցիկությունը պետք է դառնան չափորոշիչներ՝ ընտրություններին մասնակցելու հնարավորության համար։

«Ժողովրդավար երկիր ենք, ուրեմն կուսակցությունները նույնպես պետք է համապատասխանեն ժողովրդավարության և թափանցիկության կանոններին։ Դա կարող է առաջացնել նաև այն հարցը, թե արդյոք կուսակցությունը կարող է կամ չի կարող մասնակցել ընտրություններին։ Կոնսպերատիվ կառույցները թող զբաղվեն կոնսպիրացիայով, մենք էլ նրանց բացահայտենք»,- նշեց Փաշինյանը։

Փաշինյանը ընդգծեց, որ այս հարցում Հայաստանը պետք է սերտ համագործակցի միջազգային կառույցների հետ։

«Պետք է խորհրդակցենք Եվրոպայի խորհրդի, Վենետիկի հանձնաժողովի հետ և փորձենք կիրառել աշխարհում գոյություն ունեցող լավագույն փորձը։ Եթե այդպիսի փորձ չկա, ապա կիսենք մեր սեփական փորձը։ Սա բավականին հասունացած հարց է»,- եզրափակեց Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ