Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին միմյանց մեղադրեցին ստախոսության մեջ:
Մանուկյանը նշեց, որ վարչապետը սուտ է խոսում, երբ հայտարարում է, որ ՔՊ դրամահավաքի ցուցակը իրենք են հրապարակել: Պատգամավորը հիշեցրեց, որ դա առաջին հերթին բացահայտել էին հետաքննող լրագրողները:
«Սուտ եք խոսում»,- ասաց Մանուկյանը:
Փաշինյանը արձագանքեց, որ «Ազդարարում» դա հրապարակված էր, ապա իր հերթին Մանուկյանին դիմելով՝ ասաց, որ մի քանի անգամ իշխանափոխության խոստում են տվել:
«Վերջին 7 տարում 8 անգամ հեղափոխություն անելու կոչ եք արել, հիմա Վաշինգտոնի հռչակագրից, հուշագրերի հրապարակումից հետո… Ի՞նչ գործ ունեք խորհրդարանում, բա դուրս եկեք հրապարակներ, կոչ արեք, հեղափոխություն արեք»,- ասաց նա:
Փաշինյանը նաև հակադարձեց ընդդիմության պնդումներին, թե խուսափում են հրապարակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2019-ի առաջարկները։
«Ձեզ թվո՞ւմ է, թե 2019 թվականի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկը չե՞նք հրապարակելու, ձգո՞ւմ ենք։ Մեկ անգամ արդեն կանգնեցիք էդ փոցխի վրա, թե չեն հրապարակում հուշագրերը։ Դրանից առաջ խաղաղության համաձայնագիրը: Հանգիստ, նորմալ տեղավորվեք էդ փոցխի վրա, որովհետև նույն տեղում վայրեջք է կատարվելու»,- ասաց Փաշինյանը։