Օգոստոսի 8-ի օրակարգը չի կարող տապալվել․ Փաշինյան | civilnet.am

civilnet.am: Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, անդրադարձավ օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնություններին՝ վստահեցնելով, որ այն տապալելը բացառված է։

«Ինչ վերաբերում է օգոստոսի ութի օրակարգին, դուք (նկատի ունի խորհրդարանական ընդդիմությանը – խմբ․) եք ուզում, որ այն տապալվի, բայց բացառված է դա։ Ես, այդ թվում՝ միջազգային կառույցներում, արձանագրումն արել եմ, որ այն չի՛ կարող տապալվել, որովհետև խաղաղությունն իրականություն է, և խաղաղությունը դառնալու է ավելի ու ավելի ինստիտուցիոնալ»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա նաև պնդեց, որ ընտրությունների ժամանակ իրենց մեծագույն պարտավորությունը եղել է խաղաղության դարաշրջան բացելը, ինչն արել են։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը վարչապետից նաև հետաքրքրվել էր, թե ինչպես է ստացվում, որ ընդդիմադիր համայնքապետերի ընտրվելուց հետո նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում, և նրանք պաշտպանված չեն։ Ըստ դաշնակցական պատգամավորի՝ իշխանությունը նաև ցանկանում է փակել կուսակցությունը։

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը փակելու անհրաժեշտություն չկա․ «Դուք ամեն օր Դաշնակցությունը փակում եք։ Ես կարծում եմ, որ Դաշնակցությունը փակելու անհրաժեշտություն չկա, որովհետև այն ամեն օր փակվում է։ Այսպես մի քիչ էլ ձգվի ու հավերժ կփակվի, և դա այնքան կանխատեսելի բան է»,- ասաց կառավարության ղեկավարը։

Խոսելով աղմկահարույց քրեական գործերի ու սպանությունների մասին՝ կառավարության ղեկավարը նշեց, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության կատարողները բացահայտված են, Պողոս Պողոսյանի գործը դատարանում է, իսկ Մարտի 1-ի գործը՝ բացահայտված։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն