Միջազգային հարթակներում ելույթներից հետո իմ ընկալումն այն է, որ երբ Ադրբեջանը ասում է «Զանգեզուրի միջանցք», նկատի ունի Հորադիս-Զանգելան ճանապարհը։ Ուզում են ասել «Զանգեզուրի միջանցք», թող ասեն «Զանգեզուրի միջանցք»։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան՝ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին, թե ինչպես պայքարել նմանատիպ պնդումների դեմ։
«Ես ասում եմ՝ ՀՀ-ում չկա տենց բան, և կարող եմ ապացուցել ոչ միայն իմ, այլև Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ։ Կարող են ասել՝ դա միջանցք է, որը տանում է Զանգեզուր, օքեյ, ասում են, թող ասեն։ Բայց Հայաստանի մասին չի դա։ Անո՞ւն են ուզում դնել, պետք է հարց տանք՝ դա մեզ հուզո՞ւմ է, հազար ներողություն, կարող ա որոշեն անունը դնել «Ալբերտ Էյնշտեյն», թող դնեն»,- ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ դա ՀՀ ինքնիշխանության հետ կապ չունի։
««Զանգեզուրի միջանցքը Հորադիս-Զանգելան ճանապարհն է, որը կարող է ձգվել մինչև Հայաստանի հետ սահմանի անցագրային կետ, սահմանային կետ, չհասած Հայաստանի սահման։ Իրենց երկրի տարածքում անունը ինչ ուզում են, թող դնեն։ Մեր երկրի տարածքում անուն մենակ կարող ենք մենք որոշել կամ մեր համաձայնությամբ որոշել։ Մեքն որոշել ենք «Խաղաղության խաչմերուկ», մեր համաձայնությամբ որոշվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության», կարճ՝ TRIPP ուղի»,- ասաց Փաշինյանը։