«Ես դա ասել եմ ու չեմ փոշմանել»․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Փաշինյանի հայտարարությանը

news.am: «Ես չեմ իջնի նրանց մակարդակի, «շպրտվի» բառին համահունչ չեմ պատասխանի, բայց նրանց մեկ առ մեկ կարող եմ պատասխանել։ Եթե ՀՀ վարաչապետը 6 անգամ քաղաքապետ ընտրված, 2 անգամ ԱԺ պատգամավոր ընտրված մարդուն ասում է՝ «պետք է դուրս շպրտվի», ուղղակի հայ ժողովրդին ուզում եմ ասել՝ տեսե՛ք, թե մենք ում ենք ընտրել ՀՀ վարչապետ»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Վերջինս ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով Ղուկասյանի՝ Միութենական պետության վերաբերյալ հայտարարություններին, ասել էր․ «ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական և հանրային դաշտից»։

Վարդան Ղուկասյանը, արձագանքելով Ազգային ժողովում Փաշինյանի արած հայտարարությանը, ասաց.

«Սրանք երկու օր է խառնվել են իրար, ասում են՝ Վարդան Ղուկասյանը չի իջնում ամբիոնից։ Ես ուզում եմ հասկանալ՝ սրանք ուրիշ բան ու գործ չունեն, մեր երկիրը արտաքին ու ներքին խնդիրների առաջ է կանգնած։ Վարդան Ղուկասյանն ի՞նչ վատ բան է ասել, այդ ո՞վ է անկախության, Հայաստանի պետականության հետ կապված որևէ բան ասել։

Երբ ասում եմ միություն, այդ միությունը Հայաստանի պետականությունն է պաշտպանելու։ Եթե Ռուսաստանը, ԱՄՆ-ն կամ որևէ այլ երկիր հայոց պետականության նկատմամբ ոտնձգություն անի, իմ ոխերիմ թշնամին կդառնա։ Բայց ես հիմա նորից նույն խոսքերն եմ ասում՝ հայոց պետականությունը պահելու համար, մենք պետք է որևիցե մի միության մեջ։ Ոչ այն սկզբունքով, որ դառնանք գուբերնիա։ Ես ասել եմ՝ ով իմ այս խոսքերին հակադարձի, քոմենթներ գրի փողով, սրիկա շան որդի է, թուրքահպատակ։ Ես դա եմ ասել ու չեմ փոշմանել»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ