armenpress.am Հիփոթեքային վարկի վճարված տոկոսների գումարի վերադարձի ծրագրից 2025 թվականին օգտվում է 62 հազար քաղաքացի՝ նախորդ տարվա 50 հազարի փոխարեն։
Այս մասին հոկտեմբերի 2-ի կառավարության նիստում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
«12 հազարով շահառուների թվաքանակն աճել է և, շահառուների թվաքանակի աճով պայմանավորված, տարվա ընթացքում անհրաժեշտություն է եղել միջեռամսյակային վերաբաշխումներ կատարելու։ Մասնավորապես՝ 2025թ․ բյուջեով՝ 84 մլրդ ենք նախատեսած եղել և այդ 84 մլրդից արդեն 70 մլրդ ծախսել ենք»,- ասաց Հակոբյանը։
ՊԵԿ նախագահը նշեց՝ կառավարության քննարկմանը ներկայացված նախագծով առաջարկվում է ևս 12․6 մլրդ դրամով ավելացնել տարեկան ծրագիրը՝ պետական բյուջեի առանձին ծրագրերի խնայողությունների հաշվին։
«Տարվա արդյունքում կհասնենք 97 մլրդ դրամի և կանխատեսվում է այս պահին մոտ 28 մլրդ դրամով ավելացում 2024թ․ համեմատ։ Նմանատիպ աճ երբևէ չի գրանցվել այս ծրագրի մեկնարկից ի վեր»,- նշեց ՊԵԿ նախագահը։
Էդուարդ Հակոբյանի խոսքով, ըստ վերլուծությունների, առաջիկա մեկ-երկու տարիներին աջակցության ծրագրի ծավալները կպահպանվեն նաև Երևանից դուրս իրականացվող շինարարությունների հաշվին։