Առաջարկվում է արգելել վկաների հարցաքննության տեսագրումը դատարանում․ կենսունակ լուծո՞ւմ, թե՞ ԶԼՄ-ների աշխատանքի խոչընդոտում

Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է արգելել դատական նիստի տեսաձայնագրումը, դրա ընթացքի հեռարձակումը, այդ թվում՝ ուղիղ հեռարձակումը մինչեւ տվյալ քրեական գործով ներգրավված եւ դատական նիստին կանչված բոլոր վկաների հարցաքննության ավարտը։ Այլ խոսքով՝ լրագրողները, ներկա գտնվելով դռնբաց դատական նիստին, այլեւս իրավունք չեն ունենա տեսանկարահանել կամ հեռարձակել վկաների հարցաքննության ընթացքը։

Նախագծի հեղինակները սրա անհրաժեշտությունը պայմանավորում են արդարադատության շահով, նշում են՝ վկաների հարցաքննության տեսանկարահանումն ու հեռարձակումը հանգեցնում են  այնպիսի իրավիճակների, երբ դեռեւս չհարցաքննված վկաները հնարավորություն են ունենում հետեւել նիստին եւ տեղեկանալ արդեն իսկ տրված ցուցմունքների բովանդակությանը, ինչն էլ, ըստ նախագծի հիմնավորման, անընդունելի է եւ վտանգում է գործի համակողմանի, անաչառ եւ պատշաճ քննության իրականացումը։

Հարց է ծագում՝ բարձրացված խնդրի համար առաջարկվող լուծումը իրապես լուծո՞ւմ է, թե՞ այն անհարկի խոչընդոտելու է ԶԼՄ-ների աշխատանքը։ Հարցի պատասխանը ստանալու համար պետք է հասկանալ առանցքային մի բան՝ ժամանակակից աշխարհում վկաների անջատ հարցաքննությունը օբյեկտիվորե՞ն հնարավոր չէ ապահովել, թե՞ առկա են օրենսդրական այնպիսի կարգավորումներ, որոնց պատճառով է այն խախտվում։

Ինչ է դատական վարույթի հրապարակայնությունը

Նախ հասկանանք՝ ինչ է ենթադրում դատական վարույթի հրապարակայնությունն ու ինչ նպատակներ ունի այն։

«Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլեւ պետք է տեսանելի լինի, որ այն իրականացվում է»․ Միացյալ Թագավորության՝ 19-20-րդ դարերի նշանավոր դատավոր Գորդոն Հյուարտի այս խոսքերը, որ ամրագրվել են նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում, լավագույնս ձեւակերպում են հրապարակայնության սկզբունքի բուն նշանակությունը։

Ժողովրդավար հասարակություններում արդարադատության իրականացումը տեսանելի դարձնելու ընդունված եւ արդյունավետ միջոցն այսօր հենց հրապարակայնությունն է։

Այն իր ամրագրումն է գտել միջազգային այնպիսի հիմնարար փաստաթղթերում, ինչպիսիք են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան, «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին դաշնագիր»-ը։ Այս իրավունքն իր ամրագրումն է գտել նաեւ ՀՀ Սահմանադրությունում, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, Քրեական դատավարության օրենսգրքում։

2022 թ․ ուժի մեջ մտած դատավարական օրենսգիրքը, ի տարբերություն նախկին օրենսգրքի, վերջապես ամրագրեց, որ դատական նիստին ներկա անձինք իրավունք ունեն կատարելու գրառում, իսկ դռնբաց դատական նիստին ներկա անձինք` նաեւ ձայնագրում։ Դատական նիստի ընթացքի տեսագրումը, տեսաձայնագրումը, լուսանկարումը կամ հեռարձակումը թույլատրում է դատարանը` մեղադրյալի համաձայնությամբ: Մեղադրյալի համաձայնության դեպքում դատական նիստի ընթացքի տեսագրումը, տեսաձայնագրումը, լուսանկարումը կամ հեռարձակումը կողմերի կարծիքը լսելուց հետո դատարանի որոշմամբ կարող է արգելվել, եթե դա է պահանջում արդարադատության շահը  (նախկին օրենսգրքով այս կարգին մանրամասն անդրադարձ չկար, դատարանները առաջնորդվում էին Դատական օրենսգրքի 11-րդ հոդվածով, որը սահմանում էր միայն, որ դատական նիստում լուսանկարելը, տեսաձայնագրելը կամ դատական նիստը հեռարձակելն իրականացվում են օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով՝ դատարանի որոշմամբ)։

Նկատենք, որ գործող օրենսգիրքը արդեն իսկ նախատեսում է տեսաձայնագրման/լուսանկարահանման/հեռարձակման սահմանափակման հնարավորություն, երբ կոնկրետ դեպքերում դրա անհրաժեշտությունը պայմանավորված է արդարադատության շահով։ Մինչդեռ առաջարկվող նախագիծը դրա գնահատումը թողնում է ոչ թե գործն ըստ էության քննող դատարանի հայեցողությանը, այլ իմպերատիվ (պարտադիր) պահանջ է նախատեսում բոլոր դեպքերում սահմանափակելու հրապարակայնությունը։

Ինչ է ենթադրում վկաների անջատ հարցաքննությունը

Դատավարական նույն օրենսգրքով ամրագրված է նաեւ, որ վկաները հարցաքննվում են միմյանցից անջատ եւ դեռեւu չհարցաքննված վկաների բացակայությամբ։ Հարցաքննության կարգի այս առանձնահատկությունը նախատեսելիս Օրենսդիրը, ըստ ամենայնի, հաշվի է առել այն, որ վկան, ի տարբերություն վարույթին օժանդակող այլ սուբյեկտների (օրինակ՝ փորձագետ, թարգմանիչ), կարող է լինել գործի ելքով եւ՛ չշահագրգռված, եւ՛ շահագրգռված անձ, ուստի անհրաժեշտ է հնարավորինս բացառել նրանց վրա հավանական ազդեցության ռիսկը՝ նրանցից ճշմարիտ տեղեկություններ ստանալու եւ օբյեկտիվ իրականությունը բացահայտելու համար։ 

Այնուհանդերձ, այն, որ ներկայիս գիտատեխնոլոգիական զարգացումների պայմաններում անջատության ապահովումը դատարանում ոչ միշտ է հնարավոր, գաղտնիք չէ։ Դատական պրակտիկայի ընթացքում այս հարցը պարբերաբար քննարկման առարկա է դարձել, եւ ՀՀ դատարաններն էլ միատեսակ չեն արձագանքել այս իրավիճակին․ որոշ դատավորներ վկաների հարցաքննության ընթացքում արգելում են տեսանկարահանումն ու հեռարձակումը՝ պայմանավորելով դա արդարադատության շահով, որոշ դատավորներ էլ անարգել թույլատրում են դա հարցաքննության ողջ ընթացքում՝ փոխարենը հնարավորինս բացառելով նույն օրը դատակոչված վկաների շփումը միմյանց կամ վարույթի մասնակիցների հետ։

Արդյո՞ք առաջարկվող սահմանափակումը լուծում է

Նախ, հարկ է նշել, որ տեսանկարահանումն ու ուղիղ հեռարձակումն արգելելու պարագայում լրատվամիջոցները շարունակում են մնալ նիստերի դահլիճում եւ ձայնագրել ողջ հարցաքննությունը՝ հընթացս կամ նիստից հետո տեքստային ձեւաչափով հրապարակումներ անելու համար։  Իսկ տեքստը, թեեւ տեսանյութին հավասարազոր անմիջականություն չի փոխանցում, այնուամենայնիվ, մանրամասն եւ ամբողջական գրված լինելու պարագայում  դարձյալ կարող է բավականին ինֆորմատիվ լինել (օրինակ՝ 44-օրյա պատերազմին առչնվող գործերով ցուցմունքները «Ինֆոքոմը» ներկայացնում է ամենայն մանրամասնությամբ՝ նպատակ ունենալով հանրությանը հասանելի դարձնել տիրող իրավիճակի ամբողջական պատկերը)։

Սրանից բացի, կարեւոր է ընդգծել այն հանգամանքը, որ լրագրողները կարող են անարգել հրապարակել նաեւ դռնբաց դատական նիստի ձայնագրությունը։ Անգամ չհրապարակելու պարագայում էլ գործնականում ո՛չ կառավարելի եւ ո՛չ էլ վերահսկելի է, թե այդ ձայնագրությունը ինչ եղանակով եւ ում կարող է հասու դառնալ, իսկ ձայնագրությունը, բնականաբար, հավասարազոր է ուղիղ հեռարձակման հաղորդած անմիջականությանը։ Սակայն, իհարկե, միամտություն կլինի կարծել, թե ձայնագրման իրավունքն էլ է պետք սահմանափակել, որովհետեւ այդպիսով արդեն դատական քննության հրապարակայնության սկզբունքի էությունն ընդհանրապես կխաթարվի։

Ավելին, դատարանում վարույթի ընթացքը ենթակա է պարտադիր արձանագրման (ձայնագրման) հենց դատարանի կողմից, իսկ ձայնային արձանագրության կրիչի oրինակը դրա համառոտագրման հետ միասին կամ նիստի պարզ թղթային արձանագրության պատճենը վարույթի մասնակիցների գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է նրանց։ Հետեւաբար, եթե լրագրողի դեպքում շահագրգռվածության գործոնը բացակայում է, ապա անվիճելի է, որ վարույթի մասնակիցները գործի ելքով ամենաշահագրգռվածն են։ Հասկանալի է նաեւ, որ գործի ելքով շահագրգռված վկաների առկայության դեպքում նրանք կարող են անարգել ստանալ այդ  ձայնագրությունը եւ փոխանցել դեռեւս չդատակոչված կամ դատակոչված եւ չներկայացած իրենց ցանկալի վկային։

Սրանից հետեւում է, որ տեսանկարահանումը կամ ուղիղ հեռարձակումը արգելելու պարագայում անջատությունը կարող է ապահովվել բացառապես տվյալ օրը դատակոչված վկաների շրջանակում, որոնք, նիստերի դահլիճից դուրս գտնվելով, հնարավորություն չեն ունենում հետեւել տվյալ պահին դահլիճում ընթացող հարցաքննությանը։ Սակայն նկատի ունենալով, որ մեկ օրում, որպես կանոն, հարցաքննվում են շատ քիչ թվով՝ 1-2 վկաներ ՝ խնդիրը, մեծ հաշվով, մնում է չլուծված, որովհետեւ ամեն հաջորդ նիստին դատակոչվող վկաները կարող են ծանոթանալ նախորդ նիստի վկաների հարցաքննությանը։ 

Ի վերջո, անկախ այլոց ցուցմունքներին ծանոթ լինել-չլինելու հանգամանքից՝ հարցաքննության բուն նպատակն իրագործելու՝ օբյեկտիվ ճշմարտությունը հնարավորին չափով բացահայտելու համար որպես դատարանում սուտ ցուցմունք տալուն հակակշիռ օրենսդիրը նախատեսել է քրեական պատասխանատվություն, ինչը, ենթադրվում էր, պետք է որ բավարարեր պետությանը՝ այդ ոչ իրավաչափ վարքագիծը կանխելու եւ դրան համարժեք արձագանքելու համար։

Այսպիսով, նախագծով առաջարկվող փոփոխությունը օբյեկտիվորեն ունակ չէ ծառայելու իր հռչակված նպատակին, փոխարենը անհարկի խոչընդոտներ է ստեղծելու դռնբաց դատական նիստը լուսաբանող լրատվամիջոցների համար։ Ընդ որում, եթե առցանց լրատվամիջոցները ունենալու են հնարավորություն նիստը լուսաբանել գոնե տեքստային տարբերակով, հեռուստաընկերությունների աշխատանքն այդ պարագայում ամբողջովին իմաստազրկվելու է։

 

Լուսանկարի սկզբնաղբյուրը՝ ԲԴԽ

Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան,

«Ինֆոքոմ»-ի իրավական լրագրող

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ