factor.am Մյունխենի օդանավակայանում չեղարկվել է 17 չվերթ՝ երկնքում նկատված անօդաչու թռչող սարքի պատճառով: AFP-ն, հղում անելով Գերմանիայի դաշնային ոստիկանության ներկայացուցչին, հաղորդում է, որ հոկտեմբերի 3-ի վաղ առավոտյան նախ մի քանի ականատեսներ հայտնել են օդանավակայանի մոտակայքում անօդաչու թռչող սարք տեսնելու մասին։ Ավելի ուշ հաղորդագրություններ են հայտնվել, որ օդանավակայանի տարածքում նույնպես անօդաչու է նկատվել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Հրապարակման պահին պարզ չի եղել՝ խոսքը մե՞կ, թե՞ մի քանի անօդաչու թռչող սարքերի մասին է։ Արդյունքում, հոկտեմբերի 2-ի ուշ երեկոյան թռիչքուղիներն ու վայրէջքի գոտիները փակվել են։
Գերմանիայի դաշնային և Բավարիայի ոստիկանության աշխատակիցները խուզարկել են օդանավակայանի տարածքը՝ փորձելով գտնել անհայտ թռչող օբյեկտներ կամ կասկածելի անձանց, այդ թվում՝ օգտագործելով ոստիկանական ուղղաթիռ։ Սակայն, ըստ dpa լրատվական գործակալության, նրանց ջանքերն անհաջող են եղել։
Չվերթների չեղարկումներն ազդել են շուրջ 3000 ուղևորի վրա: Մյունխենում այժմ անցկացվում է Օկտոբերֆեստը, որը գրավում է բազմաթիվ այցելուների ամբողջ աշխարհից:
Սեպտեմբերին էլ դանիական օդանավակայանների և ռազմական օբյեկտների վրա գրանցվել էին բազմաթիվ անհայտ անօդաչու թռչող սարքերի թռիչքներ: Չնայած այդ սարքերի ծագումը դեռևս պարզված չէ՝ մի քանի եվրոպական կառավարություններ կասկածում են, որ Ռուսաստանը կարող է ներգրավված լինել միջադեպերում: Մոսկվան հերքում է նման մեղադրանքները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում