civilnet.am Ավազի արդյունաբերության ոլորտում մենք հսկայական պրոբլեմներ ունենք, որովհետև սա այն ոլորտներից է, որ թափանցիկության լրջագույն խնդիր կա, և այն լուծելու դժվարություններ ունենք։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» ֆորումի ժամանակ:
Վարչապետի խոսքով՝ խնդիրները հիմնականում շինարարության ոլորտի հետ են կապված։
«Երբ մենք վճռական քայլերի գնալու տրամադրվածություն ենք ունենում՝ շատ արագ մենք ճնշում ենք զգում շինարարության ոլորտից։ Որովհետև պարզվում է, որ, եթե ամեն ինչ ստանդարտի մեջ տեղավորենք՝ բավականին երկար ժամանակ Հայաստանում շինարարությունը կկանգնի, որովհետև հենց ավազի ոլորտում ահռելի ստվեր կա։ Մենք այդ ստվերի հետ առնչվելու ձևերը չենք գտել և սա լրջագույն մարտահրավեր է»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով, այստեղ առաջ են գալիս նաև պետական անվտանգության, տարածքային ամբողջականության խախտման խնդիրներ։
«Պարզվում է Արաքս գետից մենք ավազ արդյունահանելով մեր երկրի տարածքն ենք կրճատում, ոչ թե մենք, այլ նրանք, ովքեր դա անում են, և մենք այստեղ էֆեկտիվ հակազդման մեխանիզմներ շատ չունենք։ Ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ ոլորտի մեծագույն պրոբլեմներից մեկը ոլորտի իմիջն է։ Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով այստեղ բազմաթիվ հարցեր են կուտակվել, և ես կխնդրեի ֆորումի մասնակիցներին անպայման ուշադրություն դարձնել այս պրոբլեմատիկայի վրա»,- ասել է վարչապետը։
Փաշինյանի դիտարկմամբ՝ հանքարդյունաբերության ոլորտի շուրջ բացասական ընկալում կա կուտակված։ Ըստ նրա, խնդիրն այն է, որ մինչ այս ընկալելի չի եղել, որ ընդերքը պատկանում է պետությանը և ժողովրդին։
«Ժամանակն է, որ մենք այս խնդրի վրա աշխատենք, և մենք այս խնդրի վրա աշխատում ենք։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել միայն այն հանգամանքին, որ հիմա Հայաստանի կառավարությունը և ի դեմս կառավարության՝ նաև ժողովուրդը, ըստ էության, մասնաբաժին ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մասնաբաժին ունի Ամուլսարի հանքում, և սա շատ կարևոր է»,- ասել է Փաշինյանը։