Էկոնոմիկայի նախարարը ներկայացրեց Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի հիմնական մարտահրավերները | armenpress.am

armenpress.am Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում հիմնական մարտահրավերները։

«Որոշ հանքավայրեր 15-20 տարի հետո կարող են այլևս չլինել։ Հետևաբար, անհրաժեշտ է իրականացնել նոր որոնումներ, որպեսզի, եթե մեզ համար սա առաջնահերթ ոլորտ է, շարունակենք ներդրումները և այն մնա տնտեսության կարևոր ճյուղերից մեկը»,-  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պապոյանը։

Նախարարը կարևորեց նաև ժամանակակից բնապահպանական պահանջներին համապատասխան գործունեությունը։

«Շատ կարևոր է, որ հանքարդյունաբերությունը ոչ միայն տնտեսական օգուտ բերի, այլ նաև հնարավորինս նվազագույնի հասցնի բնապահպանական վնասները»,- ընդգծեց Պապոյանը։

Պապոյանի խոսքով՝ նախարարության հատուկ ուշադրության կենտրոնում է արտադրական շղթայի երկարացումը։

«Այսօր մենք հիմնականում արդյունահանում ենք և արտահանում։ Մեր նպատակն է անցնել ավելի բարդ ու երկար շղթաների՝ ստեղծելով ավելի բարդ արտադրանք։ Օրինակ՝ պղնձի հանքաքարից անցնել պղնձի ձուլակտորի, ապա մետաղալարի և էլեկտրական սարքավորումների արտադրության։ Սա էապես կավելացնի տնտեսության բարդության ինդեքսը»,- շեշտեց Պապոյանը։

Նախարարը հավելեց, որ այս ուղղությամբ քննարկումներ են ընթանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Ամուլսարի հանքի հետ։ «Եթե որոշենք գնալ այդ ճանապարհով, դա կլինի կարևոր ռազմավարական որոշում, որը պետք է կայացնենք հանրության հետ միասին։ Այդ որոշումը կբերի ավելի շատ հարկերի, նոր աշխատատեղերի և ավելի զարգացած տնտեսության»,-նշեց Պապոյանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ