Գազայի հատվածը կառավարող «Համաս»-ը համաձայնել է ազատ արձակել բոլոր իսրայելցի պատանդներին, սակայն հայտարարել է, որ ցանկանում է շարունակել բանակցությունները մի շարք առանցքային կետերի շուրջ, որոնք ներառված են ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից ներկայացված խաղաղության ծրագրում, հայտնում է BBC-ին։
«Համաս»-ը իր հայտարարությունում նշել է, որ համաձայն է «ազատ արձակել բոլոր թե՛ կենդանի, թե՛ մահացած իսրայելցի բանտարկյալներին՝ ըստ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած փոխանակման ձևաչափի», եթե կատարվեն փոխանակման համար անհրաժեշտ պայմանները։
Միևնույն ժամանակ հաղորդագրությունը հուշում է, որ «Համաս»-ը պատրաստվում է հետագա բանակցությունների՝ Գազայի ապագայի և պաղեստինցիների իրավունքների հետ կապված հարցերի շուրջ՝ ընդգծելով, որ դրանք դեռ քննարկման փուլում են։
Հայտարարությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչև կիրակի վերջնաժամկետ էր տվել «Համաս»-ին՝ ընդունելու խաղաղության ծրագիրը կամ «բախվել դժոխքին»։
«Համաս»-ից պատասխանն ստանալուց հետո Թրամփը գրել է Truth Social հարթակում. «Կարծում եմ՝ նրանք պատրաստ են կայուն ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ»։
Նա նաև կոչ է արել Իսրայելին «անմիջապես դադարեցնել Գազայի ռմբակոծությունը, որպեսզի կարողանանք պատանդներին անվտանգ և արագ ազատել»՝ հավելելով, որ «արդեն քննարկվում են մանրամասները»։
Սակայն «Համաս»-ի հայտարարությունը չի անդրադառնում ծրագրի հիմնական պահանջներից մեկին՝ կազմակերպության զինաթափմանն ու Գազայի կառավարման գործընթացում հետագա դեր չունենալուն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Սպիտակ տունը ներկայացրել էր Թրամփի՝ Գազայի խաղաղության վերաբերյալ ծրագիրը։ Այն բաղկացած է 20 կետից։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համաձայնել էր Գազայի վերաբերյալ Թրամփի առաջարկին։