Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Վրաստանում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ` ընդդիմադիր կուսակցությունների բոյկոտի ֆոնին։ Ընդդիմադիր ութ կուսակցություն հրաժարվել են մասնակցել ընտրություններին՝ մեղադրելով իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը ժողովրդավարությունը խաթարելու և երկիրը Ռուսաստանին մոտեցնելու մեջ։
Միևնույն ժամանակ, ժամը 16:00-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի խորհրդարանի մոտ նախատեսված է զանգվածային հանրահավաք՝ «խաղաղ ճանապարհով իշխանափոխության» նպատակով։
«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիի կենտրոնում քվեարկելուց հետո լրագրողներին ասել է՝ «Վրացական երազանքի» 13-ամյա կառավարման ընթացքում «ամենամեծ ձեռքբերումը» եղել է այն, որ թե՛ կուսակցությունը, թե՛ հասարակությունը ձևավորել են «քննադատական մտածողություն» և կարողանում են «տարբերել սպիտակը սևից»։
«Անկախ այն բանից, թե ինչ հայտարարություններ կանեն մեր ընդդիմախոսները, եթե դրանք օբյեկտիվ չլինեն, հանրությունը դրանց չի արձագանքի», – հավելել է նա։
Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն քվերակությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է․
«Բնականաբար, ես քվեարկել եմ խաղաղության, բարեկեցության աճի, մեր երկրի և մայրաքաղաքի հետագա զարգացման համար, ինչպես նաև միակ կուսակցության օգտին, որը բոլոր այս տարիներին կարողացել է պահպանել խաղաղությունը և ապահովել առաջընթացը»։
ՏԻՄ ընտրությունները տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններից մոտ մեկ տարի անց և ընդամենը 10 ամիս անց այն չդադարող բողոքի ցույցերի ֆոնին, որոնք սկսվել էին «Վրացական երազանք» կուսակցության դեմ՝ ԵՄ ինտեգրացիոն գործընթացը դադարեցնելու որոշումից հետո։
Լուսանկարը՝ Կոնստանտին Հաջի-Վուկովիչ/Civil.ge