Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Ինժեներական քաղաքի բիզնես աքսելերատորի շենքի բացման արարողությանը:

Վարչապետը շրջայց է կատարել շենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին: Տեղեկացվել է, որ շենքի և ավտոկայանատեղիների կառուցման, տարածքի բարեկարգման, ինչպես նաև սարքավորումների և կահույքի ձեռքբերման համար 2024 թ. ծախսվել է 810.4 մլն դրամ, իսկ 2025թ. հոկտեմբերի 2-ի դրությամբ՝ շուրջ 1.2 մլրդ դրամ:  Միջոցները հատկացվել են ՀՀ պետբյուջեից:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Շառլ Ազնավուրի անվան Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոն, որտեղ ներկայացվել են առկա հնարավորություններն ու կենտրոնի գործունեությունից ակնկալվող արդյունքները:

Վարչապետը ծանոթացել է նաև «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ» ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներին և նմուշներին, PMI Science ինժեներական լաբորատորիաների գործունեությանը:

Հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է ներկաներին  հետաքրքրող հարցերին: Դրանք վերաբերել են ոլորտի հետագա զարգացմանը, ՀՀ Կառավարության արտաքին բալանսավորված և բալանսավորման քաղաքականությանը, Իրական Հայաստանի գաղափարախոսությանը և այլ թեմաների:

***

Ինժեներական քաղաքը պետություն-մասնավոր գործընկերության հենքով ծրագիր է, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործուն և առանցքային աջակցությամբ, Համաշխարհային բանկի, Ինժեներական ասոցիացիայի և մասնավոր հատվածի մի շարք ընկերությունների հետ համագործակցությամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է՝ նպաստել բարձր տեխնոլոգիաների զարգացմանը Հայաստանում, ձևավորելով  ինովացիոն էկոհամակարգ, որտեղ ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները հնարավորություն կունենան արդիական ենթակառուցվածքների կիրառմամբ՝ մշակել և իրագործել նորարարական գաղափարներ` տեղական ու միջազգային շուկաների համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն