Վրաստանում ձերբակալել են ընդդիմադիր 5 գործիչների․ գիշերը Թբիլիսիում

Վրաստանում գիշերը թեժ է անցել։ ՆԳՆ-ից հայտնել են, որ ձերբակալել են ընդդիմադիր 5 գործիչների։ Նրանք կարող են մինչև ինը տարվա ազատազրկման ենթարկվել։ Ձերբակալվածներն են՝ Պաատա Բուրչուլաձեն, Մուրթազ Զոդելավան, Իրակլի Նադիրաձեն, Պաատա Մանջգալաձեն և Լաշա Բերիձեն:

Նրանք մեղադրվում են պետական իշխանության բռնի տապալման կոչերի, սահմանադրական կարգը բռնի ճանապարհով փոխելու փորձի, ինչպես նաև խմբային բռնություն կազմակերպելու և ղեկավարելու մեջ։

«Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքի ընթացքում կազմակերպիչները բռնության կոչեր էին հնչեցնում։ Նմանատիպ կոչեր հնչել էին նաև մինչև հոկտեմբերի 4-ը», – հայտարարել է ՆԳ փոխնախարար Ալեքսանդրե Դարախվելիձեն հոկտեմբերի 5-ի վաղ առավոտյան անցկացված բրիֆինգի ժամանակ։

Ձերբակալություններին հաջորդել են ոստիկանության՝ մի շարք քրեական հոդվածներով նախաքննություն սկսելու որոշումը, այդ թվում՝ իշխանության տապալման կոչերի համար։

Բախումները նախագահական պալատի և հարակից Օրբելիանի հրապարակում շարունակվել են մինչև ուշ գիշեր, մինչդեռ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում գտնվող ավելի մեծաթիվ ցուցարարներ շարունակել են խաղաղ ցույցը։ Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ հիվանդանոց է տեղափոխվել վեց ցուցարար և 21 ոստիկան, որոնցից մեկը՝ ծանր վիճակում է։

Թբիլիսիի քաղաքապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ Կախա Կալաձեն տեղի ունեցածը որակել է որպես «ուղիղ հեղաշրջման փորձ»՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել մեղավորներին, մինչդեռ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է՝ «Բռնությանը մասնակցած յուրաքանչյուր մարդ պատասխան կտա իր արարքների համար»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Վրաստանում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ` ընդդիմադիր կուսակցությունների բոյկոտի ֆոնին։ Ընդդիմադիր ութ կուսակցություն հրաժարվել են մասնակցել ընտրություններին՝ մեղադրելով իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը ժողովրդավարությունը խաթարելու և երկիրը Ռուսաստանին մոտեցնելու մեջ։

Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձե/OC Media։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ