Վրաստանի վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ «Վրացական երազանք» կուսացկությունը երկրում ստացել է ավելի քան 1.1 միլիոն քվե՝ նշելով, որ դա «գործնականում կրկնում է մեր արդյունքը անցած տարվա խորհրդարանական ընտրություններում», հայտնում է Civil Georgia-ն։
Նա հավելել է, որ Թբիլիսիում կուսակցությունը հասել է ռեկորդային արդյունքի։ Կոբախիձեն «տպավորիչ» է անվանել այն փաստը, որ «Վրացական երազանքը» երկրում բոլոր ինքնակառավարման միավորներում ստացել է ավելի քան 70 տոկոս քվե։
Անդրադառնալով երեկ տեղի ունեցած ցույցին, Վրաստանի վարչապետը նշել է․
«Մենք պատասխանատվություն ունենք ավելի քան 1,100,000 ընտրողների առջև՝ մեր երկիրը վերջապես ազատելու այս հիվանդությունից, որը կոչվում է կոլեկտիվ «ազգային շարժում»։ Կոլեկտիվ «ազգային շարժումը» ներառում է համապատասխան քաղաքական կուսակցություններին, բոլոր օտարերկրյա գործակալներին, որոնք չեն լքում այս երկիրը։ Սրանք ծայրահեղական խմբավորումներ են, որոնց միջոցով, այդ թվում՝ այլ խմբավորումների միջոցով, վերջին մեկ տարվա ընթացքում 100, 50, 150 մարդ փակել է փողոցը և այլն։ Իհարկե, սա սխալ է։ 110 մարդ չի կարող փողոց փակել 1 միլիոն 100 հազար մարդու համար։ Ո՞րն էր այս ամենի նպատակը։ Նպատակն էր վնասել պետությանը, տնտեսությանը։ Նրանք չհաջողեցին դա անել, բայց առնվազն որոշ աննշան վնասներ հասցրին այս երկրին և պետությանը։ Մենք պատասխանատվություն ունենք ավելի քան 1 միլիոն 100 հազար ընտրողների առջև՝ լիովին չեզոքացնելու այս քաղաքական ուժը՝ կոլեկտիվ «ազգային շարժումը», մեր երկրում գործող օտարերկրյա գործակալությունը, որպեսզի Վրաստանում վերջապես հաստատվի լիովին առողջ և կայուն, ժողովրդավարական քաղաքական համակարգ»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Վրաստանում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ` ընդդիմադիր կուսակցությունների բոյկոտի ֆոնին։ Ընդդիմադիր ութ կուսակցություն հրաժարվել են մասնակցել ընտրություններին՝ մեղադրելով իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը ժողովրդավարությունը խաթարելու և երկիրը Ռուսաստանին մոտեցնելու մեջ։
Վրաստանում գիշերը ձերբակալել են ընդդիմադիր 5 գործիչների, որոնք սպառնում է մինչև 9 տարվա ազատազրկում։ Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ հիվանդանոց է տեղափոխվել վեց ցուցարար և 21 ոստիկան, որոնցից մեկը ծանր վիճակում է։