Կաշառքի գործով կալանավորված փաստաբանի պաշտպանները պնդում են՝ «մեղադրանքն աղերս չունի օբյեկտիվ իրականության հետ և իրավաբանության հետ»

Կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով կալանավորված փաստաբան Արմինե Հարությունյան Փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել փաստաբանի կալանավորման վերաբերյալ.

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ լրատվամիջոցներով լայնորեն տարածում է ստացել փաստաբան Արմինե Հարությունյանի կալանավորման լուրը, ցանկանում ենք տեղեկացնել, որ առաջադրված մեղադրանքն աղերս չունի ո՛չ օբյեկտիվ իրականության հետ, ո՛չ իրավաբանության հետ։

Ըստ նշվածի՝ իբրև Ա.Հ-ը օժանդակել է դատավորի կողմից կաշառք ստանալուն, մինչդեռ դատավորի նկատմամբ որևէ վարույթ և/կամ մեղադրանք առկա չէ, հետևաբար չի կարող խոսք գնալ կաշառք «ստանալու» և առավել ևս կաշառք ստացողին «օժանդակելու» մասին։

Վստահաբար հայտնում ենք, որ որպես «կաշառք» ներկայացվող գումարը եղել է փաստաբանական ծառայության մատուցման գումար։ Ի դեպ, տվյալ գործով ստացված ծ/մ գումարի հարկերն էլ վաղուց եղել են վճարված։

Առկա չէ գեթ մեկ ապացույց դատավորի և փաստաբանի կոնտակտի և նման բնույթի խոսակցության մասին։ Առկա չէ գեթ մեկ ապացույց փաստաբանի և վստահորդի միջև նման խոսակցություն տեղի ունեցած լինելու մասին։ Հավանաբար Արմինե Հարությունյանը խանգարում էր ոմանց՝ նկատի ունենալով իր կողմից վարվող խիստ կարևոր քաղաքացիական գործերով (այդ թվում՝ ապօրինի գույքի բռնագանձման վարույթներով) գրանցած հաջողությունները։

Չի կարելի սին ու կեղծ մեղադրանքներով խաղալ մարդկանց անվան ու ճակատագրերի հետ։

Սա մի իրավիճակ է, որ որևէ կերպ չի կարող հաստատվել առաջադրված մեղադրանքը, քանի որ օբյեկտիվ իրականության մեջ որևէ դատավորի կաշառք չի տրվել»,- նշված է հայտարարության մեջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ