ՀՀ-ի և Ադրբեջանի ստորագրված ու վավերացված խաղաղության պայմանագիրը նոր գլուխ կբացի, հիմնական տարրը տրանսպորտային կապի ընդլայնումն է․ Մարթա Կոս | factor.am

factor.am  Ադրբեջանը Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի հիմնական գործընկերն է։ Այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը ադրբեջանական իշխանամերձ Trend-ին տված հարցազրույցում՝ սեպտեմբերին Ադրբեջան կատարած այցից հետո։

Եվրահանձնակատարը նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում խորը վերափոխում է նկատվում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից ի վեր։

«Այս պատմական պահին ես Բաքու եկա հստակ ուղերձով. ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանին՝ օգտվելու այս պատմական հնարավորությունից՝ մեր հարաբերությունները նոր քաղաքական մակարդակի բարձրացնելու համար: Սա իմ առաջին պաշտոնական այցն էր Ադրբեջան: Ես հայտարարել եմ մեր մտադրության մասին՝ ընդլայնելու ականազերծման ջանքերի աջակցությունը. ԵՄ-ն պատրաստ է տրամադրել մինչև 23 միլիոն եվրո: Մենք քննարկել ենք  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող լայն շրջանակի ոլորտներ, այդ թվում՝ տրանսպորտային կապը, էներգետիկ համագործակցությունը և ականազերծման գործողությունները»,- ասել է նա։

ԵՄ պաշտոնյան նշել է, որ երկար ժամանակ անց առաջին անգամ Հարավային Կովկասի միջոցով Եվրոպայից Կենտրոնական Ասիա առևտրային ուղիների հեռանկարը դառնում է իրականություն։

«Իմ այցնԱդրբեջան առաջին քայլն էր ԵՄ-ն Հարավային Կովկասի և հետագայում Սևծովյան տարածաշրջանի միջոցով Ասիայի հետ կապելու ավելի լայն ռազմավարության մեջ։ Մենք ցանկանում ենք ամրապնդել կապերն Ադրբեջանի հետ՝ զարգացնելով տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները՝ հաշվի առնելով Կենտրոնական Ասիայի հեռանկարները։ ԵՄ-ն դրական օրակարգ ունի Ադրբեջանի համար, տնտեսական զարգացումը և կայուն աճը խթանելու կոնկրետ առաջարկներ։ Սա զգալի տնտեսական, քաղաքական և ռազմավարական օգուտներ է բերում Ադրբեջանին, որոնք կարևոր են Միջին միջանցքի զարգացման համար։ Այս համատեքստում Ադրբեջանը Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի հիմնական գործընկերն է»,- նշել է նա։

Եվրահանձնակատարը նաև ընդգծել է՝ Եվրամիությունը ողջունում է Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև  խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։

«Սա կարևոր քայլ է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ուղղությամբ։ Ստորագրված և վավերացված խաղաղության համաձայնագիրը կնշանակի անցյալի հակամարտությունների վերջ և զգալի դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի զարգացման վրա։ Այն կբացի խաղաղության և կայունության նոր գլուխ։ Համաձայնագրի հիմնական տարրը տրանսպորտային և լոգիստիկ կապի ընդլայնման պարտավորությունն է։ Սա ոչ միայն կամրապնդի տարածաշրջանի ներսում կապերը, այլև կմոտեցնի Եվրոպան Հարավային Կովկասին և Կենտրոնական Ասիային։ Ադրբեջանը կարող է հույս դնել Եվրամիության վրա՝ կարգավորման գործընթացը շարունակելու համար, ներառյալ հնարավոր միջսահմանային և տարածաշրջանային համագործակցության, հաշտեցման ջանքերի և մարդասիրական հարցերի նախաձեռնությունները»,- հայտարարել է Մարթա Կոսը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն