Իսրայել-«Համաս» բանակցություններ Շարմ էլ Շեյխում՝ ԱՄՆ խաղաղության ծրագրի շուրջ | azatutyun.am

azatutyun.am Եգիպտոսի, Քաթարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ Շարմ էլ Շեյխում այսօր նախատեսված են Իսրայելի ու «Համաս»-ի անուղղակի բանակցությունները ԱՄՆ նախագահի խաղաղության ծրագրի պայմանների շուրջ՝ վերջ դնելու Գազայում արդեն երկու տարի ընթացող պատերազմին և ազատ արձակելու պատանդներին:

Իսրայելի պատվիրակությունը գլխավորում է ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերը, իսկ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ինը՝ շարժման առաջնորդներից Խալիլ ալ-Հայան, որն անցած ամիս Քաթարում իսրայելական հարձակման թիրախներից մեկն էր։

Բանակցություններին ծանոթ պաշտոնյան ասել է, որ դրանք կարող են օրեր տևել: «Համաս»-ի աղբյուրն էլ Reuters-ին ասել է, որ բարդ է լինելու համաձայնության գալ շարժումը զինաթափելու Իսրայելի պահանջի շուրջ, ինչը խմբավորումն անհնար է համարում, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել իր օկուպացիան և չի ստեղծվել պաղեստինյան պետություն, ինչին, իր հերթին, դեմ է Թել Ավիվը։

ԱՄՆ նախագահը երեկոյան սոցցանցում կողմերին կոչ է արել արագացնել գործընթացը՝ սպառնալով, որ այլապես արյունահեղություն կլինի: Ապա Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ առաջին փուլը պետք է ավարտվի այս շաբաթ, և հավելել՝ «շատ դրական քննարկումներ» են ունեցել «Համաս»-ի ու մի շարք երկրների հետ։

«Կարծես ամեն ինչ ստացվում է։ Այնպես որ, մի փոքր կսպասենք՝ տեսնելու, թե ինչպես կավարտվի ամեն ինչ … Կարծում եմ՝ ամեն ինչ շատ արագ կընթանա։ Հանդիպումները կարծես շատ լավ են անցնում», – հայտարարել է Թրամփը:

«Համաս»-ն օրը ուրբաթ համաձայնել է ազատ արձակել մնացած իսրայելցի պատանդներին, որոնցից մոտ 20-ը ենթադրաբար ողջ են, սակայն նաև ցանկանում է բանակցել Թրամփի ծրագրի մյուս մասերի շուրջ։
ԱՄՆ նախագահի 20-կետանոց ծրագրով «Համաս»-ի կողմից բոլոր պատանդների ազատումից 72 ժամ անց Իսրայելը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները, ազատի պաղեստինցի բանտարկյալներին, աստիճանաբար դուրս բերի իր զորքը Գազայից: Այն նաև նախատեսում է «Համաս»-ի զինաթափում, Գազայում միջազգային կառավարմամբ Խաղաղության խորհրդի ձևավորում, և բացառում է «Համաս»-ի մասնակցությունը Գազայի հետագա կառավարմանը։

Մոտալուտ բանակցությունների հանգամանքը չի խանգարել, որ Իսրայելը գիշերը և առավոտյան շարունակի հարձակումները Գազայի վրա: Պաղեստինի տվյալներով՝ վերջին մեկ օրում 24 պաղեստինցի է սպանվել:

Պատանդների հնարավոր ազատ արձակման լուրերի ֆոնին երեկ երեկոյան Թել Ավիվում հարյուրավոր մարդիկ են հավաքվել և աղոթել նրանց վերադարձի համար:

Իսրայելցի նախկին պատանդ Օհադ Բեն Ամինը Իսրայելի կառավարությանը խնդրում է անպայման համաձայնել գործարքին, որպեսզի պատանդները հնարավորինս շուտ վերադառնան, քանզի ֆիզիկական և հոգեկան շատ վատ վիճակում են։

«Շատ հիասթափված եմ մեր կառավարությունից։ Բայց իմ ժողովրդով շատ եմ հպարտանում: Նրանք չլռեցին, պայքարեցին մեզ համար … Այնպես որ, ես այստեղ եմ իսրայելցի ժողովրդի շնորհիվ», – հայտարարել է նախկին պատանդը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ