Գործարար Արման Հակոբջանյանը Սեւանա լճի մեջ լողավազան է կառուցել․ առանձնատների շինարարությունը եւս խախտումներով է | hetq.am

hetq.am Սեւանա լճի ափամերձ տարածքներում տուն կամ հանգստյան գոտի ունենալը շատերի համար եղել է երազանք։ Նախկին պաշտոնյաների եւ նրանց հետ կապված գործարարների մի մասի երազանքն իրականացել է։

Գործող պաշտոնյաներն աստիճանաբար են մոտենում Սևանին։ Սեւանի ափին առանձնատուն կառուցելու մի անհաջող փորձ 2020 թ․-ին արեց գործարար, ճանապարհաշինական ընկերության սեփականատեր Արման Հակոբջանյանը։

Սեւանի ափին նրա ապօրինի կառուցապատումը, բարձրացած աղմուկից հետո, դադարեցվեց, շինարարությունը կասեցվեց։ 2021 թ․-ին Արման Հակոբջանյանը ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացություն ստացավ Սեւանի ափին արդեն ոչ թե մեկ, այլ երկու առանձնատուն կառուցելու համար։ 2020 թ․-ին առանձնատունը կառուցվում էր առանց պարտադիր բնապահպանական փորձաքննության։ 

2020 թ․-ի սեպտեմբերի 10-ին «Հետքը» գրել էր, որ «Սևանի ափին քաղաքաշինական նորմերի խախտումներով առանձնատուն է կառուցվում»։ Հոդվածում ներկայացրել էինք Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդու՝ Արման Հակոբջանյանի կողմից խախտումներով իրականացվող կառուցապատումը։ Շինարարության մասին ահազանգել էր Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նախկին պաշտոնյան, որին հետեւեց Շրջակա միջավայրի նախարարության պարզաբանումը, որ այդ շինարարությունը կասեցվել է, քանի որ նախագիծը չի անցել ՇՄԱԳ փորձաքննություն։ Այդ պահի դրությամբ առանձնատան պարիսպների մեծ մասը եւ հիմնական շինությունները (առանձնատունը եւ պահակակետ/տնտեսական շինությունը) կառուցվել էին։ 2025 թ․-ի սեպտեմբերի դրությամբ առանձնատան տարածքն ընդլայնվել է, կառուցվել են նոր շինություններ, երկու լողավազան։ 2022 թ․-ին կառուցված լողավազանն, ի դեպ, Սեւանա լճում է՝ բոլոր կողմերից բետոնե պատնեշներով առանձնացված։ Մեր տեսախցիկն արձանագրել է, որ լողավազաններից մեկի ջուրը վերցվում է հենց Սեւանա լճից (լճից ջրառ իրականացնելու համար թույլտվություն է պետք)։

Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում գտնվող եւ «Սեւան ազգային պարկին» սեփականության իրավունքով պատկանող երեք առանձին հողակտոր կա, որոնց վրա էլ Արման Հակոբջանյանը կառուցել է առանձնատները եւ մյուս շինությունները։

2021 թ․-ի դրությամբ ընդհանուր 0.5 հա կամ 5080 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ Կադաստրի կոմիտեում գրանցված էր Արման Հակոբջանյանի կառուցապատման իրավունքը (մինչեւ 2032 թ․ ժամկետով)։ Կառուցապատման իրավունքը տրվում է կոնկրետ ժամկետով։ Միեւնույն ժամանակ, հայտնի չեն այնպիսի դեպքեր, որ որևէ մեկը կառուցապատման իրավունք է ստացել, շինություն է կառուցել, եւ հետագայում դա դարձել է պետական սեփականություն։ Հողամասերի նկատմամբ Արման Հակոբջանյանի կառուցապատման իրավունքը ծագել է 2019, 2020 եւ 2021 թվականներին (հողերը նրան փոխանցվել են նվիրատվության պայմանագրով):

Հողամասերից մեկի կադաստրային վկայականում նշված է․ «Հողամասի մի մասը գտնվում է 1905մ բացարձակ նիշից ցածր մակարդակի վրա»։ Այդ նիշը այն «կարմիր գիծն է», որից դեպի լիճն ընկած հատվածում կառուցապատումն արգելված է, քանի որ լիճը կարող է ծածկել այդ տարածքը (ալիքի բարձրությունը ներառյալ)։ 1905մ բացարձակ նիշից ցածր մակարդակի վրա իրականացված կառուցապատումները քանդելու անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բազմիցս է հայտարարել, սակայն էական ապամոնտաժումներ մինչ օրս չեն կատարվել։

Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ Արման Հակոբջանյանը Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել անհատական հանգստի գոտու կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը եւ ստացել դրական եզրակացություն (08.07.2021 թ․): Ըստ ՇՄԱԳ նախագծի, կառուցապատման ենթակա հատվածի մակերեւույթի բարձրությունները տատանվում են «1905-1915 մետրի սահմաններում։ Նախատեսվել է կառուցել 2 առանձնատուն, որոնցից մեկը՝ քարե, 5 ննջասենյակով, մյուսը՝ փայտից։ Տարածքում նախատեսվել էին նաեւ ստորգետնյա տնտեսական շինություն, օժանդակ շինություն՝ մոտորանավակների համար, պահակակետ, առափնյա նավամատույց, լողավազան եւ ստորգետնյա մաքրման կայան։ Ըստ ՇՄԱԳ նախագծի․ «Նախատեսվող հանգստի գոտու տարածքում 1905մ նիշից ցածր տարածքներում հիմնական/կապիտալ օբյեկտներով կառուցապատում չի նախատեսվում»: Շրջակա միջավայրի նախարարի հաստատած այս նախագծից հետո Արման Հակոբջանյանը ստացել է շինարարության թույլտվություն եւ վերսկսել հարկադիր դադարեցված կառուցապատումը։

Արբանյակից արված լուսանկարների միջոցով տեսնում ենք, որ 2022 թ․-ին առանձնատների եւ մյուս շինությունների հիմնական մասը կառուցված էր։ 2023 թ․-ի հոկտեմբերի դրությամբ կառուցապատումն ավարտված է, չկառուցապատված տարածքները կանաչապատվել են, իսկ խաղահրապարակում գծանշումներ են արված։

«Սեւան ազգային պարկին» սեփականության իրավունքով պատկանող եւ կառուցապատման իրավունքով Արման Հակոբջանյանին տրամադրված հողակտորներում շինարարություն իրականացնելու համար տրվել է նախագծման թույլտվություն, կազմվել է նախագիծ, որը ստացել է ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացություն, ապա՝ շինարարության թույլտվություն։ «Հետքն» ուսումնասիրել է կառուցապատողի փաստաթղթերը եւ նրան տրված թույլտվությունները, համեմատել նախագիծը իրականացված շինարարության հետ։ Արդյունքում պարզել ենք, որ շինարարությունն իրականացվել է խախտումներով։

Շինարարությունը թեեւ ավարտվել է 2023 թ․-ին, եւ առանձնատները շահագործվում են, սակայն մինչ օրս դրանք պետական գրանցում չեն ստացել։ Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ հողատարածքները ծանրաբեռնված չեն որեւէ շինությամբ։ Կարելի է ենթադրել, որ Արման Հակոբջանյանը մինչ օրս չի ստացել ավարտական ակտը, դրա համար էլ շինությունները չեն գրանցվել, իսկ ավարտական ակտը տալիս է համայնքի ղեկավարը, որով հաստատվում է նաեւ, որ շինարարությունն իրականացվել է նախագծի համաձայն։ Բացի այս, Արման Հակոբջանյանը Դրախտիկի 1-ին փողոց 88 հողամասը (նկարում՝ 2) եւ Դրախտիկ 1-ին փողոց 88/3-4 (նկարում՝ 3) հասցեի հողամասերը գրավադրել է «Արդշինբանկում»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ