Մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը: Նա իր նախնական խոսքում անդրադարձավ ԱՄՆ-ում օգոստոսի 8-ին նախաստորագրված փաստաթղթին՝ մասնավորապես ներկայացնելով, թե ըստ իրեն՝ ով և ինչ է ստացել դրանից:
«ԱՄՆ-ն ստացել է ապագայում ձևավորվող միջանցքի վերահսկողություն, Իրանի հետ սահմանի փաստացի վերահսկողության հնարավորություն, ԱՄՆ նախագահին Նոբելյան մրցանակի ներկայացում:
Ադրբեջանը ստացել է միջանցքի իրավունք ՀՀ տարածքով, ստացել է Մինսկի խմբի լուծարում, ստացել է 907-րդ բանաձևի չեղարկում»,- ասաց Քոչարյանը:
Նա նշեց, որ մանրակրկիտ ուսումնասիրել է փաստաթուղթը՝ գտնելու, թե ինչ է ստացել Հայաստանը. «Զրո, միայն պրոբլեմներ»:
«Ի՞նչ է ստացել Նիկոլ Փաշինյանը. կա շատ կոնկրետ բան. ստացել է մեկ նկար նախագահ Թրամփի ստորագրությամբ, ստացել է իրավական ուժի չունեցող մի թուղթ, որը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ խաբել հայ ժողովրդին»,- ընդգծեց Քոչարյանը:
Նրա խոսքով կարելի է հանգել մի եզրակացության, որ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում եղել է «դեկորացիայի» դերում:
Ապա Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ «նախաստորագրում» տերմինին՝ նշելով, որ դա տեխնիկական գործողություն է, որը իրականացնում են երկու կողմերի թիմերը, ոչ թե երկրների ղեկավարները. «Ինձ համար հասկանալի չէ, թե պետության ղեկավարների ներկայությամբ ինչ է նշանակում նախաստորագրում: Եթե ամեն ինչ պայմանավորված է, ավելի լավ առիթ ստորագրելու այդ փաստաթղթերը հենց ղեկավարների կողմից չէր կարող լինել: Սա հարցեր է առաջացնում, նաև բովանդակային»: