2025 թ. սեպտեմբերի 3-ին Չինաստանը հերթական մեծ ռազմական շքերթն անցկացրեց՝ նշելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակը։ Այն մեծ արձագանք առաջացրեց ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային քաղաքական շրջանակներում։ Ցուցադրվեցին տարբեր տեսակի բալիստիկ հրթիռներ, տանկեր, հակաօդային պաշտպանության համակարգեր և անօդաչու թռչող սարքեր։ Շքերթը կառուցված էր դասական ձևաչափով՝ նպատակ ունենալով ցույց տալ երկրի հզորությունն ու անպարտելիությունը։ Նույնիսկ Դոնալդ Թրամփը խոստովանեց, որ տպավորվել է։
Փորձենք բացահայտել՝ արդյո՞ք Չինաստանը դարձել է համաշխարհային ռազմական տերություն, և վեր հանենք իրական խնդիրները։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շքերթը չի տալիս ամբողջական պատկեր Չինաստանի իրական կարողությունների մասին։
Շքերթի քաղաքական ուղերձը
Շքերթն, ըստ երևույթին, նպատակ ուներ ցուցադրելու երկրի վերածնվող հզորությունը և «միջուկային եռաբազկի» լիարժեք առկայությունը։ Արարողության ընթացքում ցուցադրվեցին հրթիռային համակարգեր, զորավարժական ստորաբաժանումներ, անօդաչու սարքեր, ինչպես նաև նոր տիպի կիբեր ստորաբաժանումներ։ Reuters-ի հաղորդմամբ՝ առաջին անգամ ամբողջությամբ ցուցադրվեց միջուկային եռաբազուկը ՝ հրթիռներ, որոնք կարող են արձակվել ցամաքից, օդից և ծովից՝ ներառյալ հզոր ռեակտիվ DF-5C միջմայրցամաքային հրթիռը (20 000 կմ) և նոր DF-61 հրթիռը։ Սա ուղերձ էր ինչպես Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին, այնպես էլ տարածաշրջանային պետություններին, որ Չինաստանն ունի տարբեր հարթակներից հարվածելու հնարավորություն։
Շքերթը ուղեկցվեց Սի Ցզինպինի հրապարակային ելույթով, որում նա շեշտեց բանակի «վերածնվող» ուժը և հայտարարեց, որ չինացիները չեն վախենում բռնությունից։ Ամերիկյան Ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի (CSIS) նշվում է, որ Պեկինը նման շքերթների միջոցով փորձում է ազդարարել իր միջուկային ռազմական հնարավորությունները` հատկապես ԱՄՆ-ին զսպելու նպատակով, որպեսզի Վաշինգտոնը չմիջամտի Թայվանի շուրջ հնարավոր հակամարտությանը։ Բացի դրանից՝ շքերթին մասնակցել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, ինչը հավելյալ ազդակ էր՝ ընդգծելու Վաշինգտոնին ուղղված դաշինքները ու նոր ռազմավարական առանցքային հարաբերությունները։
Ներկայացված տեխնիկան ու միջուկային զինանոցը
Շքերթի ամենաքննարկվող մասը բալիստիկ հրթիռների ցուցադրությունն էր։ CSIS-ի զեկույցը նշում է, որ հրապարակվել են երեք հարթակների միջմայրցամաքային հրթիռներ – DF-61, DF-31BJ և DF-5C։ DF-61-ը համարվում է շարժական հրթիռային համակարգ, DF-31BJ-ը ստորգետնյա արձակման համար նախատեսված նոր տարբերակ է, իսկ DF-5C-ն ունակ է ծանր մարտագլխիկներ հասցնել ԱՄՆ տարածք։ 2025 թ. շքերթում Պեկինը նաև ցուցադրեց գերձայնային DF-17 միջին հեռահարության հրթիռը և YJ-21 բալիստիկ հրթիռը։
Չինաստանը վերջին տարիներին արագ զարգացնում է նաև միջուկային զինանոցը։ Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի (FAS) գնահատմամբ՝ 2024 թ. կեսերին Չինաստանի միջուկային մարտագլխիկների պաշարը գերազանցել է 600-ը, ինչը 2019 թ.- ից ի վեր ավելացել է մոտ 400-ով։ Այս աճը աննախադեպ է և ենթադրում է, որ Պեկինը ձգտում է հասնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի ցուցանիշներին։
Միջուկային եռաբազկի ծովային ճյուղը կառուցված է Jin (Type 094) դասի սուզանավերի վրա։ Միջուկային սպառնալիքի նախաձեռնության (NTI) տվյալներով՝ Չինաստանն ունի Jin դասի 6 գործող սուզանավ, որոնցից յուրաքանչյուրը կարող է կրել 12 JL-2 սուզանավային բալիստիկ հրթիռ։ Այս հրթիռների արդիականացված տարբերակը JL-3-ն է, որի միջին հեռահարությունը հասնում է մոտ 5,400 ծովային մղոն (մոտ 10 000 կմ), և կարող է հարակից ջրերից հարվածել ԱՄՆ-ին։ Սակայն FAS-ը նշում է, որ ներկայիս Jin դասի սուզանավերի հրթիռները չեն կրում բազմագլխիկ մարտագլխիկներ, իսկ նոր Type 096 նախագծվող սուզանավը «հավանաբար» կստանա MIRV բազմագլխիկ հրթիռներ։
Հրթիռային սպառազինության մեկ այլ կարեւոր նորույթ է DF-41 միջմայրցամաքային հրթիռը, որի մասին Missile Threat առցանց բազան նշում է, որ ունի մինչև 15 000 կմ հեռահարություն և կարող է կրել մինչև 10 մարտագլխիկ։ Սակայն այս համակարգը դեռևս զարգացման փուլում է և անորոշ է, թե քանի միավոր է փաստացի գտնվում ծառայության մեջ։
Օդային և ցամաքային բաղադրիչներ
Օդային բաղադրիչում շքերթի ժամանակ ներկայացվեց H-6N միջին հեռահարության ռմբակոծիչը, որն ի զորու է կրել օդից արձակվող բալիստիկ հրթիռ (JL-1 ALBM)։ Սա կարևոր նորություն էր, քանի որ մինչ այդ բացակայում էր ավիացիայի այդ տեսակը։
Ցամաքային զինանոցում շարունակում է զարգանալ հրթիռային համակարգը՝ ընդլայնելով շարժական միջմայրցամաքային հրթիռների, ինչպես նաև միջին հեռահարության բազմաֆունկցիոնալ DF-26 հրթիռների թիվը։
Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի (PLA) իրական վիճակը և մարտական փորձը
PLA-ն հաճախ ներկայացվում է որպես աշխարհի ամենամեծ բանակներից մեկը։ Warontherocks կայքի վերլուծությունը նշում է, որ 2019 թ.-ին ԶՈՒ կրճատումից հետո հայտարարվեց, որ PLA-ի ակտիվ ծառայողների թիվը կազմում է մոտ 2 միլիոն։ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի Ռազմական հավասարակշռության ցուցիչները, որոնք վերլուծվել են նույն հոդվածում, գնահատում են, որ 2024 թ. PLA-ի ակտիվ ծառայողները 2.035 միլիոն հոգի են, որից մոտ 965 000-ը կազմում են ցամաքային զորքերը, 252 000-ը՝ նավատորմը, 403 000-ը՝ օդուժը և 120 000-ը՝ հրթիռային ուժերը։
Չնայած այս մեծ թվերին, մասնագետները շեշտում են, որ PLA-ն չունի համապատասխան մարտական փորձ։ RAND կազմակերպության փորձագետ Թիմոթի Հիթը նկատում է, որ PLA-ն ունի «զարմանալիորեն բարձր տեխնոլոգիական զինանոց», սակայն նրա կարողությունները դեռևս անորոշ են՝ մարտական փորձի բացակայության, հրամանատարական հնացած համակարգի և կոռուպցիայի պատճառով։
Վերլուծությունում նշվում է, որ PLA-ն վերջին անգամ խոշոր ընդհարում ունեցել է 1979 թ.-ին Վիետնամի դեմ պատերազմում, որից դուրս է եկել անհաջողությամբ։ Այդ պարտությունը դեռ «մնում է որպես ուրվական» PLA-ում։ Չինական զորքերը սահմանափակվել են միայն փոքր սահմանային բախումներով, իսկ փորձառու մարտիկներն առաջիկա տարիներին ընդհանրապես կդադարեցնեն ծառայությունը։
Շքերթում տեսանք նաև նոր ինովացիոն ստորաբաժանումներ, սակայն բանակը ձևավորված է տարածաշրջանային ռազմական հյուսիսային, արևմտյան, արևելյան և կենտրոնական շրջանների սկզբունքով։ Պաշտոնական տվյալների բացակայության պայմաններում դժվար է միանշանակ ասել, թե որտեղ են կենտրոնացված PLA-ի խոշոր ուժերը։ Վերլուծաբանները, սակայն, նկատում են, որ PLA-ի հյուսիսային և կենտրոնական շրջաններում տեղակայված են համեմատաբար մեծ թվով զորամիավորումներ, իսկ այս մասում երկիրը սահմանակցում է Ռուսաստանին։ Մեր կարծիքով՝ սա առանցքային է։
Ռազմածովային կարողություններն ու սահմանափակումները
Չինաստանի քաղաքական հավակնություններից է դառնալ «աշխարհում գերակայող բանակ», սակայն ռազմածովային ուժերը (PLAN) դեռևս զգալիորեն զիջում են Միացյալ Նահանգներին։ Այսպես՝ ԱՄՆ-ը շահագործում է 66 միջուկային սուզանավ, մինչդեռ Չինաստանը՝ 12։ Մեծ միջուկային սուզանավերը շատ ավելի ունակ են, քան դիզել-էլեկտրական սուզանավերը, քանի որ ունեն ավելի մեծ հեռահարություն, աննկատելիություն և հարվածային զորություն։ ԱՄՆ սուզանավերը ունեն ընդհանուր 1168 ուղղահայաց հրթիռային արձակման խցիկ (VLS), մինչդեռ Չինաստանի սուզանավերում հաստատված VLS չի նշվում։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ Չինաստանը կհասնի շուրջ 80 սուզանավի մինչև 2035 թ., սակայն դրանց մեծ մասը չեն լինելու միջուկային և դեռ զգալիորեն զիջելու են ԱՄՆ-ի սուզանավերի կարողություններին։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ PLA-ի նավատորմը ներկայումս ունի մոտ 60 սուզանավ, որոնցից 6-ը Jin դասի հրթիռակիր սուզանավեր են, 6-ը Shang դասի միջուկային հարձակողական սուզանավեր, իսկ մնացած 48-ը դիզելային սուզանավեր։ Այս առումով Չիանստանը զիջում է նաև Ռուսաստանի Դաշնությանը։
Ծովային հաղորդակցության խոցելիությունը
Չինաստանի ռազմածովային ռազմավարության կարևոր խնդիրներից է ծովային հաղորդակցության խոցելիությունը։ Հնդկական օվկիանոսի չորս հիմնական նեղուցները՝ Մալակկա, Սունդա, Լոմբոկ և Օմբայ-Վետար, հանդիսանում են երկրի էներգետիկ և առևտրային «արյունատար անոթները»։ ORF-ը նշում է, որ 2010 թ. Չինաստանի ներմուծվող էներգակիրների մոտ 77%-ն անցնում էր Մալակկա նեղուցով, որը շարունակում է մնալ Պեկինի «Մալակկայի դիլեմայի» կենտրոնը։ Նույն աղբյուրի համաձայն՝ 2024 թ. Չինաստանի էներգիայի ներմուծումները աճել են մինչև 390 միլիարդ դոլար, և դրանցից մոտ 80%-ը՝ մոտ 312 միլիարդ դոլար արժեքով, կրկին անցել է Մալակկա նեղուցով։ Սա նշանակում է, որ չնայած բազմաթիվ ծրագրերի՝ կառուցելու այլընտրանքային գծեր (Չինաստան–Մյանմար խողովակաշար, Հյուսիսային ծովային ուղի, Մետաքսե ճանապարհ), Մալակկայի նեղուցից Չինաստանի էներգետիկ կախվածությունը շարունակում է մեծանալ:
Հերթափոխային ուղիները՝ Սունդա և Լոմբոկ նեղուցները, դժվարանցանելի են․ սուպերտանկերների և մեծ նավերի համար Սունդա նեղուցը բարեկամական չէ, իսկ Լոմբոկի դեպքում ճանապարհը ավելանում է մինչև 2963 կիլոմետր՝ ավելացնելով 2.5-4.8 օր երթուղային ժամանակ։ Մյուս ճանապարհը՝ Օմբայ-Վետար նեղուցը, ունի բավական խորություն և երկարություն, սակայն այն ծառայում է նաև ԱՄՆ միջուկային սուզանավերի գաղտնի շարժի համար, ինչը դարձնում է այն ռազմավարական առումով ռիսկային։ Ուստի, Չինաստանի ծովային հաղորդակցությունները շարունակում են մնալ խոցելի Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների կողմից։
Եզրահանգում
Չնայած PLA-ի և PLAN-ի արագ արդիականացմանը, շատ վերլուծաբաններ եզրակացնում են, որ Չինաստանի ռազմական ուժը դեռևս տարածաշրջանային է։
- Միջուկային պաշար․ Չինաստանի՝ մոտ 600 միջուկային մարտագլխիկով զինանոցը երկու անգամ փոքր է ԱՄՆ-ի և Ռուսաստանի զինանոցներից։ Ճիշտ է՝ Չինաստանը զարգացնում է DF-41-ի նման բազմակի մարտագլխիկներով հրթիռներ, որոնք կարող են կրել մինչև 10 մարտագլխիկ, սակայն նման հրթիռների թիվը սահմանափակ է, իսկ արագ արտադրություն լինելու մասին տվյալ չկա։
- Շքերթի ցուցադրական բնույթը․ Reuters-ի վերլուծությունը նշում է, որ չնայած ցուցադրված տեխնիկային, շատ համակարգեր կարող են դեռ փորձարկման փուլում լինել, և դեռ հարց է, թե արդյոք դրանք լիովին շահագործվող են»։ Այս կարծիքը տարածված է վերլուծաբանների շրջանում, և մեր կարծիքով էլ՝ PLA-ն ունի տեխնոլոգիական ահռելի առաջընթաց, բայց դրա կիրառելիությունն ու համակարգերի պատրաստ վիճակը հիմնականում մնում են անհայտ։
Այս սահմանափակումները չեն նշանակում, որ Չինաստանը չի կարող սպառնալիք հանդիսանալ տարածաշրջանում։ Հակառակը, տնտեսական և տեխնոլոգիական հզոր ռեսուրսների շնորհիվ PLA-ն կարող է ագրեսիվ քայլեր ձեռնարկել հարևանների նկատմամբ, հատկապես Թայվանի, եթե հավաստիանա, որ ԱՄՆ-ը չի արձագանքի։
Եզրափակելով Չինաստանի 2025 թ. ռազմական շքերթի մասին այս հոդվածը՝ պետք է նշենք, որ այն տպավորիչ էր իր տեսարանով և հաղորդած ուղերձներով։ Այն ցույց տվեց նոր հրթիռներ, անօդաչու սարքեր, ծովային և օդային նոր ստորաբաժանումներ, և ընդգծեց, որ Պեկինը պատրաստ է ցուցադրել ուժ և հավակնել աշխարհում մեծ դերի։ Միաժամանակ, մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ցուցադրությունները մասամբ «բեմականացված» են։
Չինաստանի միջուկային զինանոցը դեռ փոքր է, մեծ մասը հին մարտագլխիկներով հրթիռներ են, իսկ նախատեսված բազմագլխիկ հրիթիռների ծրագրերը նոր են զարգացվում։ PLA-ն ունի 2 միլիոնից ավելի զինուժ, բայց չունի արդիական մարտական փորձ և, ինչպես RAND-ի փորձագետներն են նշում, դեռ պայքարում է անարդյունավետ կառավարման ու կոռուպցիայի դեմ։
Այս ամենի համադրությունից կարելի է եզրահանգել, որ Չինաստանը գտնվում է անցումային փուլում։ Նրա ռազմական վերելքը լուրջ է և արագ, բայց իրական ուժի եւ ցուցադրվածի միջև դեռ մեծ տարբերություն կա։
Ընդհանրացնելով՝ կարելի է ասել, որ PLA-ն այժմ ունի բավարար ուժ տարածաշրջանում մրցակիցներին զսպելու համար, սակայն համաշխարհային մակարդակում դեռ չի հասել այնպիսի ռազմական հզորության, ինչպիսին ունի Միացյալ Նահանգները իր դաշնակիցներով։
Լուսանկարի աղբյուրը՝ Getty images, Lintao Zhang