Ո՞վ պիտի մեզնով զբաղվի. բեռնատարների վարորդները պահանջում են՝ կառավարությունը դիմի ՌԴ-ին, բացատրի՝ իրենք աշխատանքային միգրանտ չեն | azatutyun.am

azatutyun.am Բեռնատարների հայ վարորդները պահանջում են, որ Հայաստանի կառավարությունը դիմի Ռուսաստանին ու բացատրի՝ իրենք աշխատանքային միգրանտ չեն, իրենց գործատուն Հայաստանում է, ոչ թե ՌԴ-ում, ինչո՞ւ պետք է աշխատանքային միգրանտների վրա տարածվող կարգավորումն իրենց էլ վերաբերվի:

Հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ մտած նոր կարգավորումների հետևանքով, բեռնատարների բազմաթիվ վարորդներ հայտնվել ու դեռ կհայտնվեն Մոսկվայի սև ցուցակներում: Նրանց սպառնում է անգամ մինչև 3 տարվա մուտքի արգելք, ընդհուպ արտաքսում և ազատազրկում:

«Ազատության»-ը դիմած վարորդները խուսափում են ներկայանալ՝ ՌԴ-ում լրացուցիչ խնդիրներից խուսափելու համար: «Պատկերացրեք, միանգամից էդքան բեռնատարները կանգնեն, էդքան վարորդ մնա առանց աշխատանք, չգիտեմ՝ ինչ կլինի Հայաստանի վիճակը», «Ուզում ենք իմանանք՝ ո՞վ պիտի մեզնով զբաղվի, կառավարությունը պետք է իրենց հետ լուծի էդ հարցը, բեռնատարի վարորդն ի՞նչ գործ ունի», – ասում են վարորդները:

Ռուսաստանը ոչ վիզային ռեժիմ ունի մի քանի տասնյակ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ: Այս երկրների քաղաքացիները, որոնք աշխատելու են գնում Ռուսաստան, այսինքն՝ այնտեղ գրանցված գործատուների հետ աշխատանքային պայմանագիր ունեն, պարտավոր են1 տարվա ընթացքում գումարային 90 օր գտնվել Ռուսաստանում: Իսկ մինչև այս տարվա հունվարի 1-ն ուժի մեջ մտած կարգավորումներով՝ նրանք կարող էին Ռուսաստանում մնալ յուրաքանչյուր 6 ամսվա ընթացքում 90 օր: Այսինքն՝ այս ժամկետը խիստ կրճատել է Ռուսաստանը. «Մեր կառավարությունը տեղյակ չի պահել մեզ, գնացել ենք, հիմա չիմանալու պատճառով՝ գործից զրկվում ենք», – ասում է վարորդներից մեկը:

ՌԴ-ում ստեղծվել է վերահսկվող միգրանտների ռեեստր. եթե միգրանտը հայտնվում է այստեղ, նա չի կարող տեղաշարժվել կամ որևէ գործարք անել ՌԴ-ում, իսկ ոստիկանները կարող են առանց դատարանի արտաքսման կամ ձերբակալության որոշում կայացնել:

Մեզ դիմած բեռնափոխադրողներն ասում են՝ այս խնդրի առաջ կանգնած վարորդների թիվն առայժմ մոտենում է 100-ի, արդեն դեպորտի փաստաթղթեր ստացածներ կան:

«Ազատությանը» դիմած շուրջ 300 վարորդներ ասում են՝ իրենց գործատուն Հայաստանում է, իրենք բեռնված մեքենայով ապրանք են տանում Ռուսաստան ու վերադառնում: Բայց, քանի որ Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհը՝ Լարսը, պարբերաբար փակվում է շաբաթներով կամ ամսով, այդ պահից սկսած այդ 90 օրերը սկսում են նվազել: Բացի այդ, ըստ նրանց՝ ՌԴ սահմանին տարատեսակ ստուգումների ու հերթերի պատճառով նույնպես օրեր են կորցնում:

«Ազատությունը» երեկ դիմել էր Հայաստանի համապատասխան գերատեսչություններին՝ պարզելու՝ արդյո՞ք ռուս գործընկերների հետ քննարկում են այս խնդիրները: ՊԵԿ-ից ասացին՝ հարցն իրենց տիրույթում չէ, Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն ասաց՝ աշխատում են այդ ուղղությամբ. «Իրավիճակին ծանոթ ենք, այս ուղղությամբ հարցեր, զանգեր ստանում ենք, շարունակում ենք խորհրդատվական բնույթի ծառայությունները, դրանք ավելի կընդլայնենք առաջիկայում: Կոնտակտներ ունենք նաև մեր ռուս գործընկերների հետ», – նշեց Դավթյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ