Մշակույթը և կրթությունը մնում են զարգացման այլընտրանք չունեցող ուղիներից. ՀՀ նախագահն ընդունել է Ֆրանչեսկո Գալլո Մացցեոյին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է իտալացի ճանաչված արվեստի քննադատ, արվեստի պատմաբան Ֆրանչեսկո Գալլո Մացցեոյին, ով Հայաստան էր այցելել քանդակագործ Վիգեն Ավետիսի ուղեկցությամբ՝ դասախոսություններով հանդես գալու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Գալլո Մացցեոյի այցը Հայաստան՝ բարձր գնահատելով նրա գործունեությունն արվեստի պատմության և մշակութային ժառանգության ուսումնասիրության ոլորտում։

Նախագահը կարևորել է միջազգային փորձի և գիտելիքի փոխանակման հնարավորությունը՝ ընդգծելով, որ նման շփումները նպաստում են հայ երիտասարդության մասնագիտական աճին, աշխարհայացքի ընդլայնմանը և ստեղծարար մտածողության զարգացմանը։

Ֆրանչեսկո Գալլո Մացցեոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի հանդեպ իր հետաքրքրությունն ու սերը ձևավորվել են դեռ տարիներ առաջ։ Նա նշել է, որ խորապես տպավորված է հայկական արվեստի յուրահատկությամբ, մշակութային ժառանգության հարստությամբ և մեր ժողովրդի պատմական դիմակայությամբ։

Խոսելով Հայաստանի ներկա օրերի մասին՝ իտալացի արվեստաբանն ընդգծել է, որ ոգևորված է մեր երկրի՝ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերից և մաղթել խաղաղություն, զարգացում ու բարօրություն Հայաստանի ժողովրդին։

Զրույցի ընթացքում քննարկվել են կրթության, գիտելիքի փոխանցման ավանդույթների պահպանության և նորարարության կիրառման կարևորության վերաբերյալ հարցեր:

Երկուստեք ընդգծվել է, որ մշակույթը և կրթությունը մնում են զարգացման այլընտրանք չունեցող ուղիներից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն