ԲԿ բաժանմունքի վարիչը կաշառք է ստացել հղիության ապօրինի ընդհատման համար. քրեական վարույթը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ մարզային բժշկական կենտրոններից մեկի բաժանմունքի վարիչն իրեն դիմած կնոջ՝ 28-30 շաբաթական հղիությունն ապօրինի ընդհատելու համար նրանից կաշառք է ստացել և իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթում կեղծ տվյալներ մտցրել՝ դեպքը ներկայացնելով որպես վիժում։ Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված կինը, որոշելով ընդհատել հղիությունը, դիմել է մարզային բժշկական կենտրոններից մեկի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչին, ով, հղիությունն արհեստական ընդհատելու համար 2025 թվականի հունվարի 8-ին հիշյալ կնոջից պահանջել և ստացել է 300.000 ՀՀ դրամ կաշառք:

Առձեռն ստանալով կաշառքը՝ նույն օրը բժշկուհին կատարել է հղիության արհեստական ընդհատում, որից հետո՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված իրավական հիմքի բացակայության պայմաններում կատարած արարքին օրինական տեսք տալու նպատակով, վերը նշված կնոջ բժշկական քարտում կեղծ տեղեկություններ է մտցրել այն մասին, որ նրա հղիությունը եղել է 17-18 շաբաթական:

Հղիության ապօրինի արհեստական ընդհատման (աբորտ կատարելու), մասնավոր ոլորտում կաշառք ստանալու և փաստաթղթի կեղծիք կատարելու համար բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասով,  272-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն