Ըստ փոխգնդապետի՝ նահանջել են՝ հաջորդ օրը քիմիկների հետեւից գնալու մտադրությամբ, բայց այդպես էլ չեն գնացել

44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի կապի գումարտակի հրամանատար Ռոման Իսախանյանի վկայությամբ՝ 2020 թ․ հոկտեմբերի 21-ին ԳՇ պետի՝ այդ ժամանակվա տեղակալ Անդրանիկ Մակարյանի հրամանատարությամբ սանրման աշխատանքների մեկնած խումբը վերադարձել է զորամաս՝ առավոտյան համալրված կազմով քիմիկներին օգնության գնալու մտադրությամբ։

Այս մասին Իսախանյանը հայտնեց Հակակոռուպցիոն դատարանում, ուր հրավիրվել էր Մակարյանի եւ մյուսների վերաբերյալ գործով հարցաքննության։

Գեներալ-լեյտենանտ Մակարյանը, հիշեցնենք, ղեկավարում էր «Մակարյան» խմբավորումը, որը ձեւավորվել էր 2020 թ․ հոկտեմբերի 20-ին՝ հաջորդ օրվա մարտական օպերացիայի իրականացման նպատակով։ Ըստ նախնական պլանավորման՝ «Սյունիք-սովխոզ» եւ «Ներքին Հանդ» ուղղություններով հայկական երկու զորախումբ պետք է մեկներ Կովսական (Զանգելան) քաղաքի մերձակա տարածք եւ «Սանրում» գործողության միջոցով հայտնաբերեր ու ոչնչացներ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը։ 

Ծրագրված օպերացիան, սակայն, տապալվել է․ քիմիկների զորախումբը Կիրի հանքում կանգնելու փոխարեն խորացել է մինչեւ Կովսական քաղաք, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ, իսկ Մակարյանի զորախումբը, որի կազմում հենց եղել է Իսախանյանը, ըստ մեղադրական եզրակացության, գտնվում էր շրջափակման մեջ ընկածներից 1 կմ հեռավորության վրա, սակայն տեղում գնահատելով, որ բաց դաշտով չունի իրական հնարավորություն՝ օգնության հասնելու, Մակարյանի որոշմամբ նահանջել է։

Կատարվածի համար մեղադրյալի աթոռին են երկու խմբավորումների հրամանատարները՝ Անդրանիկ Մակարյանն ու Արսեն Աբգարյանը։ Նրանք մեղադրանքները չեն ընդունում։

Ըստ վկայի՝ պիտի հայտնաբերեին եւ ոչնչացնեին հակառակորդի 20-30-հոգանոց խմբերի

Հանրային մեղադրողը

Պատասխանելով նախագահող դատավոր Սարգիս Դադոյանի՝ մեղադրյալներին ճանաչել-չճանաչելու հարցին՝ փոխգնդապետ Ռոման Իսախանյանն ասաց, որ «պատիվ է ունեցել ծառայել գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի ենթակայությամբ», հավելեց՝ Կապանի դեպքերից ճանաչում է նաեւ Արսեն Աբգարյանին։ 

Իսախանյանի խոսքով՝ 2020 թ․ հոկտեմբերի 4-ին իրենց զորամասից մոտ 50-60-հոգանոց կազմով մեկնել են Ագարակ, որտեղ մնացել են 10-11 օր, այնուհետեւ տեղափոխվել են Կապան։ Հրամանատարը եղել է զորամասի շտաբի պետ փոխգնդապետ Աշոտ Ժամհարյանը։

- Ինչո՞ւ էիք մեկնում Կապան,- վկային հարցրեց հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը։

- Ինչքան հիշում եմ, փոխգնդապետ Ժամհարյանի ասելով՝ Մեղրիում գործողություն չկար, կարողա Կապանում մեր կարիքը լիներ․․․

- Մակարյանին ե՞րբ եք հանդիպել։

- Հենց այն առավոտ, երբ պիտի մեկնեինք Ներքին Հանդ, մինչ այդ բոլոր խորհրդակցություններին փոխգնդապետ Ժամհարյանն է մասնակցել, դրանից մի քանի օր առաջ իմացել եմ, որ նա է խմբավորման հրամանատարը։

- Հոկտեմբերի 20-ի խորհրդակցության մասին տեղյա՞կ եք։

- Դրան եւս մասնակցել է Ժամհարյանը, դրանից հետո եկել է բուժկետ, որտեղ մնում էինք մենք, ասել է, որ առավոտյան՝ 3-4ի կողմերը, դուրս ենք գալու Ներքին Հանդի ուղղությամբ՝ սանրման աշխատանքների, խմբեր պատրաստենք։ Ես իմ գումարտակից 25-հոգանոց խումբ եմ նախապատրաստել, 25-հոգանոց խումբ էլ՝ փոխգնդապետ Կարեն Կարապետյանը, առավոտյան նստել ենք ավտոբուսները, շարժվել։

- Ժամհարյանը կոնկրետ ո՞նց է ասել, ո՞ւր պիտի գնայիք։

- Դեպի Զանգելանի ուղղությամբ։

- Դա ի՞նչ է նշանակում, պիտի հասնեի՞ք Զանգելան։

- Չէ, միանշանակ տենց չի, մինչեւ Զանգելան հասնելը պիտի սանրման աշխատանքներ կատարեինք։

- Իսկ ի՞նչ է սանրման աշխատանքը։

- Լուրեր կային, որ հակառակորդի 20-30-հոգանոց խմբեր են մտել, պիտի հայտնաբերեինք եւ ոչնչացնեինք։

- Ո՞վ է դա Ձեզ ասել։

- Ժամհարյանն է ասել։

- Դուք երբեւէ սանրման աշխատանքների մասնակցե՞լ էիք։

- Կոնկրետ սանրման՝ ոչ, բայց գործողությունների մասնակցել եմ․ Ջրականում հակառակորդի դիվերսիոն խմբեր են ներթափանցել, էդ ժամանակ մասնակցել եմ։

Ըստ վկայի՝ քիմիկների շրջափակման լուրն իմանալուց հետո իրենց առաջադրանքը չի փոխվել

Վկան պատմեց, որ առավոտյան շարժվել են երեք ավտոբուսներով, առջեւից գնացել է Ժամհարյանի վիլիսը, իսկ Մակարյանը եղել է Պիկապում։ Ընդհանուր կազմել են 62 հոգի, որոնցից 12-ը՝ հետախույզներ։ Նրանց մասին վկան մանրամասն տեղեկություններ չուներ, ասաց՝ չէր ճանաչում, միայն մի հոգի է տպավորվել՝ Գիվի մականանունով։ 

Խոսելով սպառազինության մասին՝ Ռոման Իսախանյանը հայտնեց, որ զորքն ունեցել է ինքնաձիգներ, սպաները՝ ատրճանակներ, մեծ քանակությամբ փամփուշտներ, բայց նռնակներ, գնդացիրներ, դիպուկահար հրացաններ չեն ունեցել։

Հանրային մեղադրողը խնդրեց պատմել, թե երբ եւ ինչպես են տեղեկացել քիմիկների շրջափակման մասին։

- Երբ ավտոբուսներից իջել ենք (գազի բալոնն էր պոկված, ասել եմ՝ շատ արագ իջեք մեքենաներից), այդ ընթացքում արդեն մեր առաջին ավտոբուսը հետ գալու ճանապարհին է եղել, վարորդն է գոռալով ասել՝ տղերքը ընկել են գերի, քիմիկների վարորդն է զանգել, նրան ասել, որ վիրավոր է։ Ես անձնակազմին հրահանգ եմ տվել՝ ինչ կա ձեռքներիդ, գցեք, որ կարողանանք արագ առաջ գնալ, 500-600 մ առաջ ենք գնացել, Մակարյանը, Ժամհարյանը մեզ էին սպասում։

- Նրանք արդեն գիտեի՞ն։

- Այո, վարորդը նրանց էլ է ասել։

- Այդ իրավիճակի հետ կապված ի՞նչ քննարկում եղավ։

- Ժամհարյանն է մասնակցել ու հրահանգ է տվել անձնակազմը անտառի մեջ բացել ու սկսել առաջ շարժվել՝ սանրման աշխատանքներ կատարելու։

- Այսինքն՝ սա այն նույն խնդիրն էր, որ ի սկզբանե գիտեիք։

- Այո։

- Քիմիկների գերի ընկնելուց հետո ձեր խնդիրը չփոխվե՞ց։

- Մենք այդ ժամանակ առաջ էինք գնում Զանգելանի ուղղությամբ, տեղանքին ծանոթ չէինք, չէինք պատկերացնում ինչքան պիտի քայլեինք, մոտ 10 կմ քայլել ենք, հասել ենք թմբի, որտեղ հետախույզները բարձրացել են, ես՝ իրենց հետեւից, ինչ-որ քանդած հող էր, որ մտածում էին հակառակորդի քանդածն է, արագ վազելով՝ իջել են, ես միայնակ բարձրացել եմ, տեսել եմ, որ մի թեթեւ փոս է, դիմացը՝ արկղ, իմ պատկերացումով՝ գյուղացիներն են քանդել․․․

- Հետո՞։

- Հետո իմ ռացիայով կապ եմ տվել փոխգնդապետ Ժամհարյանին, խնդրել, որ բարձրանան էդտեղ, որ հասկանանք՝ ինչ ենք անում, որովհետեւ էդ տարածքում արդեն մառախուղ էր, էդ օրը թաց եղանակ էր, ու չէինք պատկերացնում մեր հետագա քայլերը։ Գեներալ Մակարյանը բարձրացել է, հավաքվել ենք, տեսանելիություն ընդհանրապես չի եղել, շատ-շատ վատ, գյուղացիներ են եղել հետներս, նրանց խոսքերով՝ դեռ մի քանի կմ կար, որ հասնեինք Զանգելան։

- Քանի՞ կմ։

- Չեմ կարող հիշել․․․ Դիմացներս արտ է եղել, տեսանելիությունը՝ 0, 15-20 մ․․․ Ու հետո ես հետ եմ իջել, իմ խումբը ներքեւը ինձ էր սպասում։

- Իսկ ինչո՞ւ չառաջացաք։

- Տեսանելիություն չունեինք, բաց դաշտ էր, մեր պատկերացմամբ՝ որ մի քիչ էլ առաջանայինք, էս մի խումբն էլ, հնարավոր է, չվերադառնար։

- Որտեղի՞ց գիտեք, որ այդ պատճառով չառաջացաք։

- Դա իմ ենթադրությունն է։

- Ինձ հետաքրքիր է՝ ինչ եք լսել, ինչ քննարկում է եղել տեղում։

- Ես հիմնականում խոսել եմ Ժամհարյանի հետ, որ խնդիրը էս է․ եթե գնանք, զենք է պետք, բայց ոչինչ չենք ունեցել, իսկ մենք մասնագիտությամբ կապավորներ էինք, ու շատ տեխնիկայի չէինք տիրապետում, ինչ էլ որ գար, հասներ մեզ, չէինք կարողանալու օգտագործել։ Եթե հասնեինք էլ ինչ-որ կետի, էդ խմբին էլ էր էդ նույն ճակատագիրը սպասվում։

- Բայց չէ՞ որ ի սկզբանե ձեր առաջադրանքն էր հակառակորդի՝ 20-30-հոգանոց խմբի հայտնաբերեր, ոչնչացնել, ի՞նչ փոխվեց։

- Բաց դաշտում հակառակորդը մեզ կարող էր տեսնել, իսկ անտառների մեջ՝ ոչ։

- Իսկ դրա վերաբերյալ այլ աղբյուրից տեղեկացվա՞ծ էիք։

- Չէ, բայց այդ ժամանակ արդեն պարզ էր, որ 20-30 հոգանոց խումբ չէր, այլ շատ մեծ։

- Որտեղի՞ց էդ տեղեկությունը։

- Եթե մեր 62 հոգին հասել է էնտեղ, ու սկսվել է փոխհրաձգություն, բնական է՝ մեզանից շատ-շատ են, մենք այդպես ենք պատկերացրել։

- Այսինքն՝ հակառակորդի թվի վերաբերյալ ձեր պատկերացման հիմքում դրված էին միայն վարորդի խոսքերը։

- Այո։

- Այդ ողջ ընթացքում մառախուղը նույն խտությա՞ն էր։

- Այո, մի պահ բացվում էր, բարձունք տեսանք, վայրկյանական բացվում ու նորից նույն ձեւ փակվում էր։

- Եթե մառախուղի դեպքում տեսանելիություն չկար, էդ դեպքում բաց դաշտում ձեզ հայտնաբերելու վտանգը չի՞ նվազում։

- Բայց վերջը պիտի մոտենայինք էդ բարձունքին, չէ՞, իսկ էդտեղ հակառակորդն էր նստած։

- Դուք ի՞նչ գիտեիք։

- Մեր պատկերարցումով, գյուղացիների ասելով՝ էդտեղից սկսվում էր Զանգելանը այսինքն՝ եթե նույնիսկ բաց դաշտը հաղթահարեիք, ստիպված էիք լինելու առերեսվել հակառակորդի հետ, բացի դա, ցեխ էր, դա հաղթահարելը ավելի երկար էր տեւելու։

Ռոման Իսախանյանը պատմեց, որ մոտ մեկուկես ժամ այդտեղ մնալուց հետո հոգնած անձնակազմը մի կտոր հաց է կերել եւ ճանապարհ ընկել։ Այդ ընթացքում կրակոցներ չեն եղել։ Հարցին, թե ով է տվել նահանջի հրամանը, վկան պատասխանեց, որ իր բոլոր հրամանները փոխգնդապետ Ժամհարյանն էր տալիս, նրան էլ՝ գեներալ Մակարյանը։

- Իրավիճակի վերլուծության հետ կապված ի՞նչ եք լսել Մակարյանից։

- Ինձ Ժամհարյանն ասել է՝ առավոտյան համալրված վերադառնալու ենք, թե ինչ են զրուցել Մակարյանի հետ, ես տեղյակ չեմ։

- Մակարյանի վարքագծում արտառոց բան նկատե՞լ եք։

- Միայն անհանգստություն, թե ոնց եղավ՝ մյուս խումբը գերի ընկավ։

- Անհանգստությունը բնականոն է, արտառո՞ց։

- Ոչ։

- Ինչո՞ւ վերադարձաք Կապան։

- Որպեսզի գնայինք, մեզ կարգի բերեինք, հաջորդ օրը վերադառնայինք Ներքին Հանդ։

- Հա, ինչո՞ւ էնտեղ չսպասեիք հավելյալ ուժերին։

- Դրա վերաբերյալ բան չգիտեմ, ասվել է՝ հետ ենք գնում, էդքան բան։

- Լավ, առավոտյան ի՞նչ տեղի ունեցավ։

- Եթե չեմ սխալվում, հենց հաջորդ օրը ասացին, որ փոխգնդապետ Աբգարյանը եկել է, ես ու փոխգնդապետ Կարապետյանը գնացել ենք՝ նրան տեսնելու։

- Ո՞ւր է եկել։

- Զորամաս։

- Դուք զորամասո՞ւմ էիք։

- Այո։

- Բա չպիտի՞ գնայիք՝ օգնության։

- Չենք գնացել, որովհետեւ մեզ ասացին՝ պիտի գնանք՝ նոր զենքեր ստանալու․․․ Աբգարյանին տեսել ենք՝ ամբողջ դեմքը, ձեռքերը ճղած, համազգեստը՝ ցեխոտ, շատ-շատ ահավոր վիճակում էր, ոտաբոբիկ․․․

Անահիտ Ադոյանը

Վկայի այս նկարագրությունը զայրացրեց դահլիճում գտնվող ծնողներին, նրանց ցուցադրեցին քիմիկների զորախմբից փրկվածների լուսանկարը, որ արվել է շրջափակումից դուրս գալուց հետո՝ հարցնելով՝ այստեղ ահավոր բան կա՞։

– Ես ասում եմ, այն ինչ տեսել եմ, ահավոր վիճակ է եղել մոտը: Ինձ ասաց՝ իր տեղակալին էլ են փխել, վարորդին էլ ասել է փախի… Lացում էր, գոռում էր, մի ահավոր վիճակ, ասել ենք՝ քեզ կարգի բեր, հետո կհանդիպենք։ Ու դրանից հետո նրան էլ չեմ տեսել,- հայտնեց փոխգնդապետը։

Փոխգնդապետի խոսքով՝ զորքը լավ բարոյահոգեբանական վիճակում էր

Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը հետաքրքրվեց՝ ինչ վիճակում էր վերադարձել վկայի զորախումբը, ինչպիսին էր նրանց բարոյահոգեբանական վիճակը։ Ի պատասխան՝ վկան հայտնեց, որ վիճակը եղել է լավ, վիրավոր կամ հյուծված կամ դժգոհող ու առաջադրանքից հրաժարվող զինվոր չեն ունեցել։

- Եթե ձեր անձնակազմին հրաման տրվեր բաց դաշտով առաջանալու, բարոյահոգեբանական վիճակն այնպիսին էր, որ պատրա՞ստ էր դա կատարել։

- Այո, պատրաստ էր, ես անձամբ պատրաստ էի։

- Բայց չէ՞ որ վտանգավոր էիք գնահատում։

- Ես գիտեմ՝ ուր էինք գնացել, ես էս կոչումը, էս ուսադիրները հենց այնպես չեմ կրել, գնացել եմ պատերազմ՝ հասկանալով, որ կարողա եւ չվերադառնամ։ Ես էս մասնագիտությունը ու հայրենիքի պաշտպանությունը չեմ ընտրել, որ․․․

- Դուք ասացիք՝ բաց դաշտում բլրի գագաթին մեծաքանակ հակառկաորդն է սպասվում, բա որ գնայիք ու հանդիպեիք էդ հակառակորդին։

- Բայց եթե պատկերացնում ես, որ կարելի է ուրիշ ձեւ դա անել, այլ պահի հետ գալ, ավելի քիչ թվով զոհեր տալ․․․

- Էդ պահին եթե հրաման տրվեր, անելո՞ւ էիք։

- Ես դրա համար եմ իջել ներքեւ, որ հասկանամ՝ անձնակազմիս վիճակը, իրենց բառերն եմ կրկնում՝ «կամբա՛տ, դուք ուր գնաք, մենք ձեզ հետ ենք»։

Անդրանիկ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանն առարկեց հարցի դեմ․ «Իմ տպավորությամբ վկայի համար ծուղակ է պատրաստվում․ վկան ասում է՝ բարոյահոգեբանական վիճակով՝ այո, մենք կանեինք, արդյունավետության եւ ողջամտության սահմաններում՝ ոչ, ողջամիտ չէր, որովհետեւ տեղ չէինք հասնի, ես ճի՞շտ հասկացա»։ Վկան հաստատեց պատասխանը։ Դատավորը հարցը չհանեց։

- Իսկ մնացած անձնակազմի վիճակի մասին ի՞նչ կասեք,- հետաքրքրվեց մեղադրողը։

- Հետագայում փոխգնդապետ Կարապետյանն ասել է՝ խնդիր չի եղել, իր խմբում էլ բոլորը պատրաստ են եղել։

Տուժող կողմի հարցուպատասխանի ժամանակ վիճաբանություն սկսվեց

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց՝  ի սկզբանե քննարկում եղե՞լ է, թե ոնց են ինքնաձիգներով կապավորները, քիմիկները, մոբը գնում դիվերսիոն խումբ հայտնաբերելու եւ ոչնչացնելու։ Ի պատասխան՝ վկան ասաց՝ նման քննարկում չի լսել, դրա ժամանակը չի եղել։

- Որպես սպա՝ Ձեր կարծի՞քն էլ չեք արտահայտել, հնարավո՞ր էր դա անել։

- Ես նշեցի՝ մեզ զենք էր պետք, որ նպատակային հասնեինք Զանգելան, ավելի ուժեղ զենքերով․․․

- Բա գնայիք էդ զենքերով, չգիտեի՞ք՝ պատերազմ է, ուզեիք, նոր գնայիք,- վրդովվեցին տուժողների իրավահաջորդները։

- Գեներալ Մակարյանը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ գործողության նպատակը միայն հակառակորդի հայտնաբերումն էր, դրա մեջ մարտական գործողություններ ներառված չէին։ Նման հրաման լսե՞լ եք,- հարցրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը։

Ձախից՝ Արսեն Աբգարյանը, պաշտպան Դավիթ Դավիդյանը, Անդրանիկ Մակարյանը, պաշտպան Ամրամ Մակինյանը

Պաշտպան Ամրամ Մակինյանը դարձյալ առարկեց՝ նշելով, որ Գրիգորյանը սխալ տվյալ է հայտնում։ Իրավիճակը նիստերի դահլիճում լարվեց, ծնողների եւ վկայի միջեւ վիճաբանություն սկսվեց։ Դատավորը ընդմիջում հայտարարեց, որի ժամանակ պաշտպան Մակինյանը, ի նշան բողոքի, լքեց նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ այդ պայմաններում հնարավոր չէ աշխատել։

Րոպեներ անց շարունակելով նիստը՝ նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը նշեց, որ այդ հարցին կանդրադառնա հաջորդիվ՝ պաշտպանի ներկայությամբ․ «Դատարանը որեւէ կողմի չի խնդրելու, որ գա նիստին, դա նրանց պարտականությունն է, եւ եթե որեւէ մեկը չի կատարում իր պարտականությունը, կրում է դրա բացասական հետեւանքները։ Բայց միաժամանակ պիտի պայմաններ ստեղծենք, որ պաշտպանները կարողանան կատարել իրենց պաշտպանությունը»,- ասաց նա՝ դիմելով զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատներին․

– Դատարանը ձեզ բազմիցս պարզաբանել է նիստի կարգը եւ կարգի խախտման հնարավոր հետեւանքները, սակայն այժմ արձանագրում է, որ Սեդա Հովհաննիսյանը չի պահպանել կարգը վկայի հարցաքննության ընթացքում, եւ դատարանը ստիպված է եղել նիստը հետաձգել, քանի որ այդ պայմաններում չէինք կարող իրականացրել վկայի հարցաքննությունը եւ առհասարակ, գործի քննությունը։ Դատարանը տիկին Սեդայի նկատմամբ հայտարարում է սանկցիա՝ նկատողություն, հաջորդը լինելու է նիստերի դահլիճից հեռացումը։

Արձագանքելով՝ Հովհաննիսյանն ասաց, որ իրեն հունից հանեց վկայի՝ իր վրա «մատ թափ տալը»։ Դատավորը նշեց, որ դա չի նկատել, եթե նկատեր, կոշտ արձագանք կլիներ։

– Հարգելի՛ վկա, մենք բազմաթիվ վկաներ ենք հարցաքննել եւ դեպքի հանգամանքները հաշվի առնելով՝ ըմբռնումով ենք մոտենում․․․ Այս ծնողները Ձեր ընկերների ծնողներն են, միաժամանակ ծնողները պետք է հաշվի առնեն, որ վկան էլ իրենց որդիների հետ միասին մասնակցել է պատերազմի, եւ դրանով պայմավորված պետք է հարգալից վերաբերվեն։ Վկան մեղադրյալ չէ, վկան այն անձն է, որ գործի հանգամանքների վերաբերյալ տվյալներ է հայտնում, այնինչ տուժողների իրավահաջորդները վկաներին այնպես են վերաբերվում, կարծես մեղադրյալներ լինեն։ Եթե որեւէ վկայի հետ կապված հանցագործության մասին տվյալներ ունեք, կարող եք դիմել քննչական մարմին։ Եթե դուք իրար հետ անհարգալից եք վերաբերվում, դա նշանակում է, որ չեք հարգում դատարանին, իսկ դրա համար դատարանը գործիքակազմ ունի, բայց եթե եկել եք դատարան այս գործի հանգամանքները բացահայտելու, ապա պետք է հարգեք դատարանին, դուք եկել եք՝ հարցաքննությունը լսելու, ոչ թե վիճելու կամ միմյանց վրա առարկաներ նետելու։ Ինչ վերաբերում է ցուցմունքներին, դրանք տարբեր են, եւ դատարանն է հետագայում գնահատելու՝ դրանք ճիշտ են թե սխալ,- պարզաբանեց դատավոր Սարգիս Դադոյանը։

Լարված մթնոլորտն ու պաշտպանի բացակայությունը հաշվի առնելով՝ դատարանը հետաձգեց դատալսումները։ Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 14-ին։