44-օրյայի զեկույցն արխիվացնելու որոշումը կայացվել է զուտ «իրավական» հիմքերով. Հայկ Կոնջորյան | civilnet.am

civilnet.am 2020-ի Լեռնային Ղարաբաղի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի զեկույցն արխիվ ուղարկելու որոշումը կայացվել է զուտ «իրավական և ընթացակարգային» հիմքերով՝ կապված հանձնաժողովի աշխատանքի ժամկետների հետ: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Նա հավելել է, որ զեկույցի ճակատագրի հետ կապված որոշումը գտնվել է Ազգային ժողովի նախագահի իրավասության տիրույթում։

«Որքանով ես հասկացել եմ խնդիրը, և մեր իրավաբանական վարչությունը ևս այդ դիրքորոշումն է արտահայտել, կան ժամկետների հետ կապված հարցեր», – ասել է Կոնջորյանը՝ հերքելով իշխող կուսակցության ներսում տարաձայնությունների կամ զեկույցը քննարկման չդնելու քաղաքական դրդապատճառների առկայության մասին տարածվող լուրերը։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 6-ին հայտարարեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի զեկույցն արխիվ ուղարկելու մասին: Այս քայլը, որ հարուցել է քննադատություն՝ կառավարության թափանցիկության վերաբերյալ, հաջորդել է Ազգային ժողովի նախագահի հոկտեմբերի 1-ին հնչեցրած նախնական հավաստիացումներին, որ զեկույցը, այնուամենայնիվ, կքննարկվի լսումների ձևաչափով։ Դրան զուգահեռ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պնդում էր, որ իրենց հանձնաժողովի կազմած զեկույը «ժամկետանց» չէ, և ըստ կանոնակարգ օրենքի` պետք է քննարկվի խորհրդարանի լիագումար նիստում:

Զեկույցն «արխիվացնելու» որոշումը նշանակում է, որ այս զգայուն փաստաթուղթը չի քննարկվի խորհրդարանի լիագումար նիստում կամ հանրային լսումների ձևաչափով։

Հայկ Կոնջորյանը զեկույցը քննարկել-չքննարկելու վերաբերալ մի քանի օրվա մեջ արտահայտված դիրքորոշումների փոփոխությունը բացատրել է իրավական մեկնաբանությունների բարդությամբ՝ նշելով. «իրավագիտությունը բնագիտություն չէ, և երբեմն նաև մեկնաբանության խնդիր կա»։

Չնայած զեկույցը հանրային քննարկման չի դրվելու, Կոնջորյանն ընդգծել է, որ այն ամբողջությամբ գաղտնի չի պահվի։ Նրա խոսքով՝ Ազգային ժողովի բոլոր պատգամավորները, այդ թվում՝ ընդդիմադիրները, որոնք ունեն պետական գաղտնիքի հետ աշխատելու թույլտվություն, կարող են ծանոթանալ փաստաթղթի բովանդակությանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ