ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է ՄԱԿ-ի ՓԳՀ գործադիր կոմիտեի 76-րդ նստաշրջանին

Հոկտեմբերի 8-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի գործադիր կոմիտեի 76-րդ նստաշրջանին: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՄԱԿ-ի ՓԳՀ դերը ներկայիս աննախադեպ լարված ժամանակաշրջանում մարդկության առջև ծառացած հումանիտար մարտահրավերների հասցեագրման գործում՝ շեշտելով փախստականների, ներքին տեղահանվածների և քաղաքացիություն չունեցող անձանց կարիքների հասցեագրման համար պատշաճ ֆինանսավորման ապահովման անհրաժեշտությունը:

Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել Հայաստանի և ՄԱԿ-ի ՓԳՀ-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը բռնի տեղահանված անձանց մարդասիրական կարիքների հասցեագրման համար մի շարք նախաձեռնությունների մշակման և երկարաժամկետ ծրագրերի իրականացման հարցում: Ընդգծվել է Գրասենյակի հետ համատեղ ջանքերով մշակված «Փախստականների և հյուրընկալող համայնքների համար ներառական կենսապահովման ազգային շրջանակ» փաստաթղթի առանցքային նշանակությունը՝ որպես ճանապարհային քարտեզ փախստականների կարիքների հասցեագրման գործում:

ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը՝ որպես տարածաշրջանում ամենամեծ թվով փախստականներ ընդունած երկիր, հետևողականորեն իրականացնում է մարդասիրական և զարգացման փոխկապակցված քաղաքականություն՝ նպատակ ունենալով ապահովել տեղահանված անձանց արժանապատիվ կյանքն ու հասարակության մեջ նրանց լիարժեք ինտեգրումը։

Անփոփելով՝ ԱԳ նախարարի տեղակալը հանդես է եկել միասնականության և պատասխանատվության ապահովման կոչով՝ շեշտելով, որ տեղահանված անձանց ապագան, անկախ աշխարհագրական տեղակայումից, կախված է ոչ միայն մարդասիրական կարեկցանքից, այլև քաղաքական կամքից, կայուն ֆինանսավորումից և հավակնոտ համագործակցությունից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն