44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի վերաբերյալ քրեական գործը վերամակագրվել է դատավոր Լեւոն Պետրոսյանին։ 4 տարվա ընթացքում սա արդեն 5-րդ անգամն է, երբ այս գործով դատարանի փոփոխություն է տեղի ունենում․ այս անգամ պատճառը գործը քննող դատավորի տեղափոխությունն է․ Սուրեն Խաչատրյանը Հակակոռուպցիոն դատարանից տեղափոխվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։
Անդրանիկ Վերանյանը, հիշեցնենք, այն սպան է, որը 2020 թ․ հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի խաչմերուկում պատսպարված ինժեներասակրավորական վաշտի (ԻՍՎ) անձնակազմին մեքենաները նստելու եւ երթը շարունակելու հրաման է տվել՝ չնայած հակառակորդի՝ անօդաչու թռչող սարքի առկայությանը։ Րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է մեքենային, ինչի հետեւանքով բռնկված հրդեհից 18 զինծառայող զոհվել է, 3 անձ՝ վիրավորվել։ Պետությանը պատճառվել է ավելի քան 21 միլիոն դրամի ՀՀ վնաս։
Այժմ փոխգնդապետը մեղադրվում է ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունել, նշել է՝ հրամանը տալու պահին ԱԹՍ-ի ձայնն այլեւս լսելի չի եղել։
Քրեական գործն ի սկզբանե՝ 2021 թ․ հունիս ամսին, ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան եւ մակագրվել դատավոր Գնել Գասպարյանին։ Գրեթե 3 ամիս անց դատարանը, բավարարելով տուժող կողմի միջնորդությունը, որոշել է փոխել գործի ընդդատությունը եւ Սյունիքի մարզից այն ուղարկել Երեւան քաղաք։
2021 թ․ սեպտեմբերին գործը վերամակագրվել է Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին։ Վերջինս շուրջ 2 տարի քննել էր գործն ու մոտեցել ավարտական փուլին, երբ Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց դադարեցնել նրա լիազորությունները։
Դրանից հետո գործը ուղարկվեց Հակակոռուպցիոն դատարան եւ մակագրվեց դատավոր Սուրեն Խաչատրյանին։ Վերջինս այդ ժամանակ որոշեց քրեական գործն ուղարկել Երեւանի քրեական դատարան՝ պատճառաբանությամբ, որ կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում Վերանյանին մեղսագրված հանցանքը այլեւս չի հանդիսանում կոռուպցիոն բնույթի, հետեւաբար այն պետք է քննի ոչ թե Հակակոռուպցիոն, այլ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը։
Առաջին ատյանի դատարանը, սակայն, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, չհամաձայնեց այս պատճառաբանությանն ու դիմեց Վճռաբեկ դատարան՝ գործի ընդդատությունը որոշելու համար։
Վճռաբեկ դատարանը, ի դեմս դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանի, քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանի եւ հակակոռուպցիոն պալատի նախագահ Արթուր Դավթյանի, արձանագրեց, որ քրեական գործը, ամեն դեպքում, քննության է ենթակա Հակակոռուպցիոն դատարանին։ Գործը վերադարձվեց Սուրեն Խաչատրյանին։
2023 թ․ հունիս ամսից Խաչատրյանը սկսեց քննել գործը՝ դարձյալ մոտենալով ավարտական փուլին։ Այս տարվա հունիս ամսին բավարարելով Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանի միջնորդությունը՝ դատարանը որոշեց նշանակել հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն՝ մի շարք հարցերի պատասխաններ ստանալու համար։ Միջնորդության հիմքում պաշտպանը դրել էր այն հանգամանքը, որ ոչ նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների, ոչ էլ դատարանում հետազոտված ապացույցներով այդպես էլ չի հաջողվել պարզել, թե դեպքի օրը՝ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին գործող իրավական ակտերի համաձայն Վերանյանը, ԻՍՎ անձնակազմի երթը շարունակելու հրաման տալով, արդյո՞ք որեւէ խախտում, թերացում կամ սխալ թույլ է տվել, թե ոչ։ Պաշտպանը շեշտել էր, որ ՀՀ ԶՈՒ մի շարք պաշտոնյաներ էլ իրենց ցուցմունքներում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տվել են իրարամերժ, իսկ երբեմն նաեւ հենց իրենք իրենց հակասող ցուցմունքներ։
Տուժող կողմը միացել էր հանրային մեղադրող Հայկ Մարգարյանի՝ փորձաքննություն նշանակելու մասին դիրքորոշմանը՝ միաժամանակ առարկելով համալիր տեսաձայնագրային փորձաքննություն նշանակելուն։ Մեղադրողն իր հերթին հավելել էր փորձագետներին առաջադրվելիք մի քանի հարց։
Ինչպես Քրեական դատավարության նախկին, այնպես էլ գործող օրենսգիրքը սահմանում է, որ դատավորի փոխարինումից հետո դատական վարույթը վերսկսվում է (բացառությամբ այն դեպքերի, երբ կա նշանակված պահեստային դատավոր), որպեսզի նոր դատավորը անմիջականորեն հետազոտի բոլոր ապացույցներն ու նյութերը։ Սա նշանակում է, որ հետազոտված բոլոր ապացույցները, վկաների ցուցմունքները, նշանակված փորձաքննությունները զրոյանում են՝ ամեն ինչ նորից սկսելու պայմանով։
Գործը նոր ստանձնած դատավոր Լեւոն Պետրոսյանի նախագահությամբ դատական նիստ դեռեւս չի կայացել, ուստի այս հարցում նրա դիրքորոշումը հայտնի չէ։
Նշենք, որ գործի՝ ողջամիտ ժամկետում քննությունը մեղադրյալի՝ Եվրոպական կոնվենցիայով եւ ներպետական օրենսդրությամբ ամրագրված իրավունքն է։ Դրա պահպանումը կարեւոր է նաեւ տուժող կողմի համար, քանի որ գործի երկարատեւ քննությունը կարող է հանգեցնել ենթադրյալ հանցանքի համար քրեական պատասխանատվություն կրելու՝ օրենքով սահմանված վաղեմության ժամկետները լրանալուն։ Դրանից հետո, եթե անգամ անձը մեղավոր է ճանաչվում, նրա նկատմամբ պատիժ չի նշանակվում։
Տվյալ դեպքում Անդրանիկ Վերանյանին առաջադրված մեղադրանքը (2003 թ․ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մաս) համարվում է առանձնապես ծանր հանցանք, որի համար, ըստ նույն Օրենսգրքի, նախատեսված վաղեմության ժամկետը 15 տարի է։
Գլխավոր լուսանկարում՝ Անդրանիկ Վերանյանը