ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր հայտարարեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության մեկնարկի մասին։
Թաթոյանն իր ելույթում նշեց, որ «նախաձեռնությունը հրավեր է բոլոր հայերին՝ միավորվելու պարզ, բայց հզոր գաղափարի շուրջ․ «Մեր յուրաքանչյուր հայրենակից անկախ նախկին ու ներկա քաղաքական նախընտրություններից, կարող է կազմել այս շարժման մասը․ հակադրության ժամանակաշրջանն ավարտված է, եկել է արարելու ժամանակը»։
«Ասում են՝ մեղավոր ենք, ուրեմն համակերպվենք, բայց դա մեզ չի վերադարձնում մեր հպարտությունը, դա օրինականացնում է նվաստացումը, կամ առաջարկում են ապրել հիշողություններով, «որտեղ հաց, այնտեղ կաց» լինել, փող ունենալ, մնացած ամեն ինչը մոռանալ։ Բայց քչերն են ասում՝ մենք ենք մեր երկրի ու ճակատագրի տերը, սխալվել ենք, ուրեմն կուղղենք, կվերականգնենք այն, ինչ մերն է։ Երկրորդ համաշխարհային պատերազմում քանդված Եվրոպան, պարտված Գերմանիան և Ճապոնիան փլատակների մեջ էին, սակայն միասնաբար աշխատեցին, վերականգնվեցին ու շատերից առաջ ընկան, մենք նույնպես կարող ենք և պարտավոր ենք այս ճանապարհով գնալ», – հայտարարեց Թաթոյանը։