Երեւանի քրեական դատարանը, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ մայոր Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով դատավճիռ կայացնելու։
Իշխան Վահանյանը 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատարն էր։ Նա այժմ մեղադրվում է մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։
Ուսումնական գումարտակը, հիշեցնենք, մայոր Վահանյանի ղեկավարությամբ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին մեկնել է Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի։ Վահանյանը, ըստ մեղադրանքի, ազդոսկրի հատվածում թեթեւ վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով, վերցրել է վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որեւէ մեկին չփոխանցելով, անձնակազմին թողել եւ հեռացել։ Դրանից հետո չկանոնակարգված նահանջ է տեղի ունեցել։ Արդյունքում անձնակազմը մասնատվել է․ մի մասը մի քանի սպաների հետ գնացել է Սարուշեն գյուղի ուղղությամբ եւ փրկվել, մյուս մասը, տեղեկացված չլինելով Հադրութ քաղաքի գրավման մասին, գնացել է այդ ուղղությամբ, գերեվարվել կամ զոհվել։ Հետագայում 70-օրյա շրջափակումից հրաշքով դուրս է եկել 6 զինծառայող։
Վահանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։ Դատարանում ցուցմունք տալիս բազմիցս հայտարարել է՝ ինքը խախտում թույլ չի տվել, կապի միջոցն էլ հեռանալիս փոխանցել է իր ենթակա սպային։
Այսօրվա նիստում եւս Վահանյանը կրկնեց այդ հանգամանքը։ Տուժողների ռեպլիկներից հետո նա հանդես եկավ վերջին խոսքով։
3․5 տարվա դատաքննության ընթացքում դատարանը հարցաքննել է ավելի քան 40 վկաների, գրեթե նույնքան էլ տուժողի եւ տուժողի իրավահաջորդի։ Դատաքննության ընթացքում ի հայտ եկած նոր հանգամանքների հիման վրա մեղադրող եւ տուժող կողմերը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, նոր քրեական վարույթներ են նախաձեռնվել։ Մեկ սպա արդեն իսկ մեղավոր է ճանաչվել նույն գումարտակի վերաբերյալ մեկ այլ դրվագով։
Եզրափակիչ ելույթների փուլում տուժող կողմը միջնորդել է Վահանյանին ենթարկել ամենախիստ պատժի, իսկ հանրային մեղադրողը՝ դատապարտել 18 տարի ազատազրկման: Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանն էլ հույս է հայտնել, որ դատարանը օբյեկտիվ կգնահատի՝ որքանով է իրավաչափ, որ մեղադրյալի աթոռին միայն Վահանյանն է, եւ արդար դատավճիռ կկայացնի։
Որդեկորույս հայրերը պնդեցին՝ Վահանյանը պետք է դատապարտվի 20 տարուց ավելի պատժի
Նիստի սկզբում նախեւառաջ խոսեց տուժողի իրավահաջորդ Գեղամ Ղազարյանը, ում երկու որդիներն էլ զոհվել են պատերազմում․ «Ես մի հարց եմ ուզում բարձրացնել․ ցանկացած զինվորական ծառայության գնալիս երդվում է անձնվիրաբար ծառայել հայրենիքին, պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, դուրս է գալիս՝ մեր տղերքը իրենց անձը նվիրեցին հայրենիքին, պահեցին Սահմանադրությունն ու օրենքները, իսկ էս մարդը ոչ պահեց Սահմանադրությունը, ոչ օրենքը, ոչ մեր էրեխեքին, այլ փախավ ու մեր էրեխեքին թողեց անտեր, այսինքն՝ ինքն իր անձը հայրենիքից, մեր էրեխեքից, ամեն ինչից վեր դասեց։ Նրա վիրավորվածությունը չի եղել կյանքի սպառնալիք, էրեխեք են եղել, որ վիրակապերով կռվել են, բայց էս մարդը փոքր բեկորային վնասվածքով փախել է։ Չէ՞ որ տասնյակից ավելի մարդիկ ցուցմունք տվեցին, անգամ վիրավորը ցուցմունք տվեց, որ իրեն չի վերցրել հետը։ Դրա համար իմ խնդրանքը Ձեզ՝ դատավճիռ կարդալիս շատ ուշադիր եղեք ու միշտ մտածեք՝ Ձեր էրեխեքը ծառայում են, ու այ սենց սրիկան նրանց հրամանատարը չպիտի լինի, ու չտա Աստված՝ Դուք էլ արժանանաք մեր բախտին։ Նրա համար եմ ասում, որ մեղադրողը իր ճառը կարդալիս ասեց՝ հաշվի առնելով, որ Վահանյանը ունի անչափահաս էրեխեք՝ 18 տարի․․․ Չէ, նա պիտի դեռ 20-ից ավելի նստի։ Ես ասում եմ՝ եթե ինքը քիչ նստեց, մեկ է, սրիկայից սրիկաներ են ծնվում։ Խնդրում եմ նաեւ, որ զրկեք բոլոր կոչումներից, որովհետեւ ինքը դրանց արժանի չէ»,- դիմելով դատավորին՝ ասաց Ղազարյանը։
Տուժողի իրավահաջորդներից Հրանտիկ Հարությունյանը հիշեցրեց, որ իր որդին 3 ամիս մնացել է շրջափակման մեջ եւ դեկտեմբերին զոհվել Վահանյանի դավաճանության հետեւանքով․ «Անզգուշության հարց չկա, ինքը մտածված իմացել է, որ եթե կապի միջոցը տանի, էդ զորքն արդեն անտեր է, մանավանդ, որ մոբ-ի քեռին իրեն զանգել է, էլ ի՞նչ անզգուշության մասին է խոսքը։ Դու ի՞նչ հրամանատար, որ փախել ես, եկել ես էստեղ, ասում ես՝ երկու անչափահաս էրեխա ունեմ․․․ Իմ էրեխեն անչափահաս չէ՞ր, իմ էրեխեն հիվանդ է եղել, դու էդ էրեխուն տիրություն չես արել, ես եմ դեղեր առել, ուղարկել»,- վրդովվեց Հարությունյանը։
– Ես բուժվարչություն չեմ,- արձագանքեց Վահանյանը։
Տուժողի մյուս իրավահաջորդներն էլ շեշտեցին, որ կատարվածի մեղքը միայն Վահանյանի ուսերին չէ, նրանից վերեւ կան բազմաթիվ անձինք, որոնք եւս պետք է պատասխանատվության ենթարկվեն․ «Կցանկանայինք, որ իրենից վերեւ էլ բավականին մարդիկ պատժվեին․․․ Վահանյանը, անկեղծ ասած, շատ լավ գիտի, որ մեր տղաներին կազմակերպված տարել են, գլուխը կերել։ Կցանկանամ՝ շատ լավ, արդար, ընտիր պատիժ լինի բոլորի համար։ Ինձ թվում է՝ դեռ ժամանակ ունի մտածելու, լուրջ մարդկանց անուն տալու, իր վրայից խարանը մի քիչ մաքրելու»,- նշեցին նրանք՝ հավելելով, թե ինչու Վահանյանն իր կարծիքով մեղավոր մարդկանց անունները ժամանակին չտվեց, եւ նրանք եկան, վկայի կարգավիճակով հարցաքննվեցին, հետագայում էլ լքեցին ՀՀ տարածքը՝ խուսափելով հավանական պատասխանատվությունից։
Նշենք, որ ծնողը նկատի ունի, օրինակ, 44-օրյա պատերազմի ժամանակ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ–մայոր Կարեն Առստամյանին, որը այս գործով որպես վկա հարցաքննվելուց հետո ներգրավվել է մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը, արձագանքելով ծնողների ելույթին, հիշեցրեց՝ հանրային մեղադրողը բազմիցս հայտնել է, որ քննչական մարմիններում կան բազմաթիվ քրեական գործեր, որոնցում քննվում են հարավային թեւի անկման փաստական հանգամանքները։
Վահանյանի խոսքով՝ իրական մեղավորները դրսում են
Հաջորդիվ վերջին խոսքով հանդես եկավ ամբաստանյալ Իշխան Վահանյանը․ «Իշխան Վահանյանը իր գործողությունները կատարել է ճիշտ՝ ՀՀ ԶՈՒ ներքին կանոնագրքի եւ Մարտական կանոնադրության կարգի պահպանմամբ»,- այսպես սկսեց իր ելույթը։
«Իշխան Վահանյանը Պաշտպանության շրջանի հրամանատար, գնդապետ Արթուր Քարամյանի կողմից խնդիր է ստացել, որ անձնակազմը տեղափոխի Խուռհատ սար՝ պահպանության անցնելու։ Ես անձամբ եմ ասել, որ անձնակազմը մարտի պատրաստ չէ, քանի որ ունի համալրման կարիք։ Ամսի 10-ին գնդապետ Քարամյանը ինձ ասել է, որ խաղաղություն է լինելու, ոնց նշված է իմ ցուցմունքում, հրադադար է կնքվելու, մենք բարձրանում ենք պահպանության, ոչ մի բան չի լինելու։ Երբ արդեն բարձրացել ենք սար, ես տեղում եմ հասկացել, որ անցնում ենք ոչ թե պահպանության, այլ պետք է անցնեինք պաշտպանության»,- ասաց Վահանյանը։
Անդրադառնալով հանրային մեղադրողի այն ձեւակերպմանը, թե Խուռհատ սարում մարտական դիրք է եղել, նա շեշտեց, որ դա դիրք չէր, այլ բնագիծ․ գումարտակը զբաղեցնում է շրջան, դիրք պահում է ջոկը։
Վահանյանի խոսքով՝ երբ հակառակորդը հարձակվել է, ինքն այդ մասին զեկուցել է զորամասի հրամանատար, գնդապետ Արթուր Քարամյանին․ «Քարամյանն ասել է՝ համբերի, զեկուցել եմ նաեւ վիրավորների մասին, ասել է՝ ուշադիր եղեք, մեքենաներ կուղարկեմ։ Վիրավորները դուրս են բերվել ըստ կարգի եւ տեղափոխվել են տարբեր բուժհաստատություններ։ Հրետանու հետեւանքով վիրավորում է ստացել նաեւ Իշխան Վահանյանը, ինչը եւս զեկուցվել է, բանավոր կարգով գումարտակի հրամանատարությունը փոխանցվել է շտաբի պետ Հայկազ Գրիգորյանին, նրան է փոխանցվել նաեւ «V82» կապի միջոցը, որով նա հրամանատարական կազմի հետ կարող էր կապի դուրս գալ։ Իսկ «Հայդերա» կապի միջոցի մարտկոցը նստած է եղել։ Ես ինչ ասում եմ, իմ ասածի տերն եմ, իսկ իրենք դատաքննության ժամանակ սուտ բաներ էին խոսում»,- ասաց մեղադրյալը՝ հավելելով, որ կապի ղեկավարման եւ կազմակերպման համար պատասխանատու է շտաբի պետը, տվյալ դեպքում՝ հենց Հայկազ Գրիգորյանը։
Իշխան Վահանյանը շեշտեց նաեւ, որ ինքը, որպես հրամանատար, չի ունեցել համալրված գումարտակի անձնակազմ․ «Առանց հրետանային միջոցների, առանց ՀՕՊ-ի, միայն համահավաք անձնակազմով՝ անցել ենք պաշտպանության։ Համալրված ենք եղել միայն հրաձգային միջոցներով, զենքով։ Չունենալով խրամուղի եւ թաքստոցներ՝ տվել ենք վիրավորներ եւ զոհ։ Գնդի հրամանատարի կողմից նաեւ ասվել է՝ կուղարկենք հողափոր մեքենա եւ ինժեներական գործիքներ, որովհետեւ երբ ստանձնել էի գումարտակի հրամանատարի պաշտոնը, անձնական բահերը շարքից դուրս են եկել, շատերի մոտ բացակայում էին․․․ Այդ իսկ պատճառով անձամբ գնդի հրամանատարի հետ քայլել եմ սարի երկայնքով, նա հավանության է տվել պահպանության իրականացումը։ Ես չեմ ուզում տենց մտածել, ոնց հավատացնում են, որ կարողա իմանային՝ տենց խնդրի առաջ ենք կանգնելու, մեր ստորաբաժանումը ուղարկեին էնտեղ։ Ես չեմ կարող էդ կարծիքը կիսել․ եթե իմանային, չէին անի։ Որովհետեւ շատ վստահ էր էդ ամեն ինչը, որ մեզ տեղակայում են պահպանության։ Եթե իմանային․․․ Էդ շատ վատ է, որովհետեւ ինձ պետք է ասեին հակառակորդի հավանական հարձակման ուղղությունը, ինչը չի ասվել»։
Վահանյանը հավելեց, որ ինքը, որպես հրամանատար, իրավունք ուներ գտնվելու հրամանատարական կետում, եւ եթե փախուստի միտում ունենար, այդպես հեռվում կմնար, բայց ինքը գտնվել է զինծառայողների կողքին․ «Այս քրեական գործը տակից թերի է, ես վախենալու ոչ մի բան չունեմ, վերջում կհիմնավորեմ՝ ինչու․․․ Եթե պատերազմը պիտի մի հոգով սահմանափակվի, պրոբլեմ չկա, ես չեմ նեղվում, փոքր քաղաք է, սաղս էլ գիտենք՝ ով ինչ է․․․ Իրական մեղավորները դրսում են, ես չէի հավատում մինչ էս, բայց հիմա հավատում եմ, որովհետեւ հիմա շատ բան եմ տեսնում, անգամ ձեր կառույցից, պարոն Ավետիսյան»,- դիմելով դատախազին՝ ասաց նա։
«Ես իմ գործի մեջ ո՛չ դասալքություն եմ տենսում, ո՛չ անգործություն»,- եզրափակեց նախկին հրամանատարտը՝ նշելով, որ խոնարհվում է ծնողների առաջ։