Իշխան Վահանյանը մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց ազատազրկման

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը մեղավոր ճանաչվեց մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ (գործող ՔՕ-ի 546-րդ եւ 549-րդ հոդվածներ):

Կատարվածից ուղիղ 5 տարի անց Վահանյանը դատապարտվեց յուրաքանչյուր հանցանքի համար 10-ական տարի ժամկետով ազատազրկման։ Մասնակի գումարելով պատժաչափերը` Վահանյանի նկատմամբ պատիժ նշանակվեց 16 տարի ժամկետով ազատազրկումը։

Դատավորը նշեց՝ պատիժը կհաշվարկվի Վահանյանին արգելանքի վերցնելու պահից՝ 2021թ․ մարտի 18-ից։ Ուստի, հաշվակցելով անազատության մեջ անցկացրած 4 տարի 1 ամիս 26 օրը՝ Վահանյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 11 տարի 10 ամիս 4 օր։

Վահանյանի նկատմամբ նշանակվեց նաեւ լրացուցիչ պատիժ՝ վերջինս զրկվեց «Մայոր» կոչումից։

Պատժի կրման սկիզբը համարվում է այսօր։

Վահանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը կմնա անփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Նշենք՝ կողմերը կարող են դատավճիռը բողոքարկել ստանալուց հետո մեկամսյա ժամկետում։

Դատավորը տեղեկացրեց, որ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատապարտյալը կարող է դիմել ներման խնդրանքով։

Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը, պատասխանելով «Ինֆոքոմի» հարցին՝ գո՞հ է արդյոք դատավճիռ, այն բողոքարկելո՞ւ է թե՞ ոչ, նշեց, որ դատարանը հրապարակեց դատավճիռը ներածական եւ եզրափակիչ մասերը, ուստի դատավճիռը ստանալուց եւ պատճառաբանական մասին ծանոթանալուց հետո նոր կքննարկեն այդ հարցը։

Տուժող կողմի ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը եւս մեր զրույցում նշեց, որ այդ հարցը պետք է քննարկի իր վստահորդների հետ։

Նշենք, որ ծնողները դատարանի բակում իրենց դժգոհությունն էին հայտնում, որ դատարանը մեղադրողի միջնորդած 18 տարուց պակաս պատիժ նշանակեց: Նրանք ափսոսանք էին հայտնում, որ արդարություն չկա, որ դատական նիստերի վերջն էր, բայց ոչ ցավի վերջը։

Հիշեցնենք՝  2020 թ․ հոկտեմբերի 9-ին Ջրականի զորամասի հրամանատար, գնդապետ Արթուր Քարամյանը (գնդապետի հարցաքննությունը կարող եք կարդալ այստեղ) մայոր Իշխան Վահանյանին հրաման է տվել ուսումնական գումարտակի հետ մեկնելու Հադրութին հարակից Խուռհատ սար․ ըստ մեղադրական եզրակացության՝ մարտական դիրքերի պաշտպանություն իրականացնելու եւ հակառակորդի առաջխաղացումը կանխելու, ըստ Վահանյանի՝ սոսկ պահպանություն իրականացնելու։

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 10-ին, ադրբեջանական զինված ուժերը հարձակում է գործել սարի ուղղությամբ, որի ժամանակ հրամանատարն ազդոսկրի հատվածում թեթեւ վնասվածք է ստացել։ Դա, ըստ գործի նյութերի, որպես պատրվակ օգտագործելով, մայոր Վահանյանը փախուստի է դիմել՝ կապի միակ միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որեւէ մեկին չփոխանցելով (մեղադրանքում նշված է, որ օրեր առաջ, ըստ փորձագետի գնահատման, ավելի ծանր վնասվածք ստանալով՝ Վահանյանը շարունակել է կատարել իր ծառայողական պարտականությունները)։ Իր ցուցմունքներում  (դրանք կարող եք կարդալ այստեղ, այստեղ եւ այստեղ) Վահանյանը հերքել է այս հանգամանքները, պնդել, որ պարտականությունները փոխանցել է իր ենթակա սպա, այդ ժամանակ զորամասի շտաբի պետ Հայկազ Գրիգորյանին (նա մեղավոր է ճանաչվել նույն գումարտակին առնչվող մեկ այլ քրեական գործով), եւ որ նրա ու մեկ այլ սպայի՝ Արսեն Ղարիբյանի մոտ եղել է այլ կապի միջոց (Հայկազ Գրիգորյանի ցուցմունքը կարող եք կարդալ այստեղ, Արսեն Ղարիբյանինը՝ այստեղ

Հրամանատարի փախուստից հետո զորքը, ըստ գործի, խուճապի է մատնվել, ինչով պայմանավորված էլ՝ չկանոնակարգված նահանջ է տեղի ունեցել։ Արդյունքում անձնակազմը մասնատվել է․ մի մասը մի քանի սպաների հետ գնացել է Սարուշեն գյուղի ուղղությամբ եւ փրկվել, մյուս մասը, կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի գլխավորությամբ, տեղեկացված չլինելով, որ հակառակորդն արդեն Հադրութ քաղաքում է, գնացել է այդ ուղղությամբ, գերեվարվել կամ զոհվել։ 

Դատաքննության ընթացքում այդպես էլ հստակ չի պարզվել, թե ինչ հանգամանքներում է զորքը կիսվել։ Դրա վերաբերյալ տարբեր վկաներ տարբեր ցուցմունքներ են տվել։ 

Չի պարզվել նաեւ, թե զորքն ի սկզբանե քանի հոգի է եղել (դատարանում հնչել են 150, 200, 350 թվերը)։ Գործի նյութերում ներկայացված է զոհված, վիրավորված, գերեվարված եւ անհետ կորած անձանց անավարտ ցանկը միայն։ 

Ըստ այդմ, կատարվածի հետեւանքով զոհվել է 16 զինծառայող, գերեվարվել՝ 7-ը (հետագայում վերադարձվել են հայրենիք), տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել՝ 6-ը։ Հիշյալ 6-ի վերաբերյալ  2020 թ․ դեկտեմբերի 20-ին հաղորդագրություն են տարածել Արցախի պետական մարմինները՝ հայտնելով, որ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով 70 օր շրջափակման մեջ մաքառած 6 զինծառայող վերադարձվել է հայրենիք (Նրանց ցուցմունքները կարող եք կարդալ այստեղ, այստեղ եւ այստեղ

Քրեական գործը դատարանում էր 2020 թ․ մարտ ամսից։ 

Այն ի սկզբանե ուղարկվել էր Սյունիքի մարզի դատարան, որը, դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ, բավարարելով տուժողների իրավահաջորդների միջնորդությունը, որոշել էր գործն ուղարկել Երեւան։

2022 թ․ ապրիլի 27-ին Երեւանի քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանն այն ընդունել էր իր վարույթ։ 3․5 տարվա դատաքննության ընթացքում Հայրապետյանի նախագահությամբ հարցաքննվել է ավելի քան 40 վկա, գրեթե նույնքան էլ տուժող եւ տուժողի իրավահաջորդ։ Դատաքննության ընթացքում ի հայտ եկած նոր հանգամանքների հիման վրա մեղադրող եւ տուժող կողմերը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, նոր քրեական վարույթներ են նախաձեռնվել։

Եզրափակիչ ելույթների փուլում տուժող կողմը միջնորդել էր Վահանյանին ենթարկել ամենախիստ պատժի, իսկ հանրային մեղադրողը՝ դատապարտել 18 տարի ազատազրկման: Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանն էլ հույս էր հայտնել, որ դատարանը օբյեկտիվ կգնահատի՝ որքանով է իրավաչափ, որ մեղադրյալի աթոռին միայն Վահանյանն է, եւ արդար դատավճիռ կկայացնի։

Մայոր Իշխան Վահանյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չէր ճանաչում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ