ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նորից առևտրային պատերազմ է հրահրել Պեկինի դեմ, հայտնում է Reuters-ը։ Նա հայտարարել է՝ Չինաստանից դեպի ԱՄՆ արտահանվող ապրանքների մաքսատուրքերի կտրուկ բարձրացման մասին այն բանից հետո, երբ Պեկինը սահմանափակումներ է մտցրել կարևոր հանքային նյութերի արտահանման համար։
Թրամփը հրապարակել է Չինաստանից ԱՄՆ արտահանվող ապրանքների վրա 100% լրացուցիչ մաքսատուրքերի սահմանման, ինչպես նաև «ցանկացած և բոլոր կարևոր ծրագրային ապահովման» արտահանման նոր վերահսկողության մասին հրամանագիրը:
Թրամփը նաև կասկածի տակ է դրել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ նախատեսված հանդիպման հեռանկարները, որը պետք է կայանար երեք շաբաթից Հարավային Կորեայում։ Truth Social հարթակում նա գրել է, որ «այժմ կարծես թե պատճառ չկա հանդիպման համար»։
«Ես դեռ չեմ չեղարկել այն։ Կմտածեմ, որ այն, հնարավոր է, կայանա», – ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։ Պեկինը մինչ այժմ չի հաստատել նախագահների հանդիպումը։
Թրամփի նոր առևտրային քայլերը արձագանք էին Չինաստանի՝ հազվագյուտ մետաղների արտահանման վերահսկողության կտրուկ ընդլայնմանը։ Չինաստանը տիրապետում է այդ շուկայի մեծ մասին, և այս տարրերը կարևոր նշանակություն ունեն տեխնոլոգիական արտադրության համար։