Փոխհրաձգություն Պակիստան-Աֆղանստան սահմանին

Պակիստան-Աֆղանստան սահմանին շաբաթ երեկոյան բախումներ են տեղի ունեցել երկու երկրների զինված ուժերի միջև, գրում է Reuters-ը հղում անելով երկու երկրների պաշտոնական հայտարարություններին։ Դրանք տեղի են ունցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Պակիստանի կողմից իրականացված օդային հարձակումից հետո։

Պակիստանի անվտանգության մարմինների ներկայացուցիչները հայտարարել են, որ «ամբողջ ուժով» են պատասխանել Աֆղանստանի տարածքից արձակված «անհրահրված կրակին»։ Նրանց խոսքով՝ փոխհրաձգությունը տեղի է ունեցել սահմանային առնվազն վեց հատվածում։

Աֆղանստանը կառավարող թալիբանն էլ հայտարարել է, որ գրավել են երեք պակիստանական սահմանային դիրք։ Պակիստանից էլ հայտնում են՝ իրենց բանակը ոչնչացրել է մի քանի աֆղանական դիրք։

Աֆղանստանի պաշտպանության նախարարության խոսնակ Էնայաթուլլա Խովարազմին հայտարարել է, որ դա պատասխան գործողություն էր՝ Պակիստանի կողմից Աֆղանստանի օդային տարածքիը խախտելու համար։ Նրա խոսքով՝ գործողությունն ավարտվել է տեղական ժամանակով կեսգիշերին։

«Եթե հակառակ կողմը կրկին խախտի Աֆղանստանի օդային տարածքը, մեր զինված ուժերը պատրաստ են պաշտպանել այն և տալ վճռական պատասխան», – նշել է Խովարազմին։

Պակիստանի կողմից դեռևս արձագանք չի եղել այն հարցին, թե արդյոք բախումները դադարել են։ Երկու երկրների միջև սահմանը շուրջ 2,600 կմ է։

Իսլամաբադը մեղադրում է Քաբուլին իր տարածքում Պակիստանը թիրախավորող ահաբեկիչներին ապաստան տալու մեջ և նրանց միջոցով, Հնդկաստանի աջակցությամբ, Պակիստանում հարձակումներ կազմակերպելու համար։ Նյու Դելին հերքում է մեղադրանքը, իսկ Թալիբանը պնդում, թե չի թույլատրում իր տարածքը օգտագործել այլ երկրների դեմ։

Միաժամանակ, այս շաբաթ Թալիբան վարչակազմի արտաքին գործերի նախարարն այցելել է Հնդկաստան։ Կողմերը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը, ինչը մեծ մտահոգություն է առաջացրել Պակիստանում։

Թալիբանի իշխանության գալուց հետո Պակիստանում զինված հարձակումների թիվը զգալիորեն աճել է։

Լուսանկարում՝ Թալիբան զինվորը պահակախումբ է կանգնած Աֆղանստանի և Պակիստանի սահմանին/2022 թվականին/AFP

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ